Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը ներկայացնում է ղափամա պատրաստելու տարբեր հնարավորությունները:
Ղափաման կեղևը մաքրած դդումի մեջ բրինձ, յուղ և զանազան համեմունքներ լցոնած կերակուրն է:
ՂԱՓԱՄԱ (Գորիս)
1 կգ դդում, 0,5 կգ բրինձ, 2 – 3 գլուխ սոխ, 80 գրամ հոնաչիր, 200 գրամ կարագ կամ յուղ, խառը կանաչի, աղ:
Դդումը պոչի կողմից կտրել, կորիզները հեռացնել, բրինձ, մանր կտրտած սոխ, հոնաչիր, կարագ կամ յուղ, աղ (եթե դդումը քաղցր չէ` նաեւ շաքարավազ) լցնել, խառնել, կտրած մասով նորից դդումը ծածկել, տեղավորել թոնրի կամ ջեռոցի մեջ եւ եփել: Երբ դդումը փափկիª ղափաման պատրաստ է:
ՂԱՓԱՄԱ Կիլիկիա
1,5 կգ ամբողջական դդում, 70 գրամ բրինձ, 70 գրամ կարագ, 70 գրամ ալուչա, 25 գրամ շաքար, 30 գրամ չամիչ, 200 գրամ խնձոր, 1 գրամ դարչին, աղ:
Նախապատրաստած դդմի վերեւի մասը կտրել, միջնամասը կորիզների հետ գդալով հեռացնել, մի քանի անգամ լվանալ: Եփած բրինձը, կորիզները հեռացրած ալուչան, կեղեւը հեռացրած ու մանր կտրատած խնձորը, կարագը, շաքարավազն ու դարչինը խառնել, լցնել դդումի մեջ: Դդումը դնել յուղ քսած տապակի մեջ եւ ջեռոցում եփել:
Մատուցել կտորներովª վրան յուղ լցրած:
ՂԱՓԱՄԱ (Մարաշ)
Մարաշցիներն այս հռչակավոր կերակուրն անվանում են ՙՔեշկեկ ղապախլի (ղափամա)՚: Մատուցում են տոներին, հարսանեկան սեղաններին, որպես զուտ մարաշյան ուտելիք:
2 կգ խորանարդաձեւ կտրատած դդում, 0,5 կգ խորանարդաձեւ կտրատած միս, 1 բաժակ թրջած սիսեռ, 1 ճաշի գդալ պոմիդորի խյուս, 1 թեյի գդալ պղպեղի խյուս, 3 կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ սումախի, 1 թեյի գդալ աղ, 2 ճաշի գդալ կարագ կամ յուղ, 1 ճաշի գդալ չոր անանուխ:
Միսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սիսեռ, ջուր եւ տաքացնել: Երբ կիսաեփ լինիª ավելացնել պոմիդորի եւ պղպեղի խյուսեր, կիտրոնահյութ, աղ եւ սումախի:12 րոպե անց ավելացնել խորանարդաձեւ կտրատած դդումը եւ կափարիչը փակ վիճակում թույլ կրակով եփել:
Տապակի մեջ յուղը տաքացնել, ավելացնել անանուխն ու անմիջապես լցնել դդմի վրա:
Մատուցել տաքª ծեծած ձավարով, յուղով եւ տապակած հացով:
Ձավար պատրաստելու համար 3 բաժակ ծեծած ձավարին աղ, ջուր ավելացնել ու փլավ եփել:
3 ճաշի գդալ յուղը տաքացնել, լցնել ձավարի վրա ու խառնել:
Հացը խորադաձեւ կտրատել, յուղով տապակել, դնել ձավարի վրա:
Մատուցել մեծ ափսեով, դդմով կերակրի կողքին:
ՂԱՓԱՄԱ-Կուտինա
1 կգ գառան կամ ուլի միս, 500 գրամ մաքրած, կտրատած դդում, 2-3 գլուխ կտրատած սոխ, 3 թեյի բաժակ բրինձ, 1,5-2 լիտր ջուր, աղ, աղացած սեւ եւ կարմիր պղպեղ, ուրց:
Գառան կամ ուլի միսը կտրատել, ավելացնել կտրատած դդում, համեմել աղով, սեւ եւ կարմիր պղպեղով, ուրցով, կտրատած սոխով, տեղավորել լայն կաթսայի մեջ, 3 թեյի բաժակ բրինձ եւ 1,5- 2 լիտր ջուր լցնել, շրջած փոքր ափսեով ծածկել, վրան ծանրություն դնել ու եփել: Մատուցել, երբ ջուրը քաշվի եւ բրինձը եփվի:
ՂԱՓԱՄԱ
1 միջին չափի դդում, 1 բաժակ բրինձ, 1 բաժակ չրեր, 1 բաժակ ընկույզ, 2 ճաշի գդալ յուղ, դարչին, բահար, աղ:
Դդումը պոչի մասից կտրել, մեջը մաքրել: Չրերն ու ընկույզը յուղով քիչ տապակել, ավելացնել բրինձ, աղ, դարչին, զանգվածը լցնել դդմի մեջ, այնքան, որ հասնի կեսին: Ավելացնել այնքան ջուր, որ բրինձը ծածկի, դդումը կտրած մասով ծածկել դնել թույլ վառ վող ջեռոցը եւ այնքան եփել, մինչեւ ջուրը քաշվի եւ բրինձը եփվի:
ՄԵՂՐՈՎ ՂԱՓԱՄԱ
Դդմի սերմերը հանել (առանց կեղեւը մաքրելու), փոքր կտորներով կտրատել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել այնքան ջուր, որպեսզի դդումը կիսով չափ ծածկի եւ փակ ամանում 20 – 30 րոպե եփել: Ապա մեկ շերտով դասավորել սկուտեղի մեջ, վրան մեղր լցնել եւ տաք տաք մատուցել:
ՄՍՈՎ ՂԱՓԱՄԱ
400 գրամ դդում, 200 գրամ միս, 3 – 4 ճաշի գդալ յուղ, 1 գլուխ սոխ, 1 ձու, 1 ճաշի գդալ ալյուր, աղ:
Սոխը լվանալ, կտրատել, յուղով տապակել: Ավելացնել մանր կտրատած միս, աղ եւ փակ կաթսայում շոգեխաշել: Միսն աղալ, դդումը լվանալ, սերմերը հեռացնել, շերտաձեւ կտրատել, թաթախել հարած ձվի, այնուհետեւ ալյուրի մեջ ու տապակել: Տապակի հատակին յուղ քսել, դասավորել 1 շերտ տապակած դդում, մեկ շերտ տապակած միս: Շարքերը նույն հերթականությամբ կրկնել: Ամենավերին շերտի վրա յուղ դնել եւ ջեռոցում տապակել:
Բարի ախորժակ: