loading...

Երևանում երթուղայինի վարորդը վազել է գողի հետևից, բռնել ու ստիպել է վերադարձնել կնոջից գողացած «պորտմանը»



Դիտումներ ` 678
Երևանում երթուղայինի վարորդը վազել է գողի հետևից, բռնել ու ստիպել է վերադարձնել կնոջից գողացած «պորտմանը»

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Արամայիս Թանդիլյանի գործի դատական քննությունը:

55-ամյա Արամայիսը թիվ 40 երթուղային տաքսու սրահում գրպանահատություն է կատարել՝ պայուսակից աննկատ հանել է երիտասարդ ուղևորուհու դրամապանակը, որի մեջ 15 հազար դրամ կար, կանգառում իջել ու փորձել է փախչել, բայց հետապնդվել ու բռնվել է երթուղայինի վարորդի կողմից և վերադարձրել է դրամապանակը՝ պարունակությամբ հանդերձ:

Արամայիսին մեղադրանք էր առաջադրվել կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասով:

Արամայիսը նախկինում 5 անգամ դատված է եղել՝ ինչպես «վայել է» «արհեստավարժ» գրպանահատներին, նրա դատվածությունները մարված են, բայց ձեռքի «հմտությունը», ինչպես երևում է, «մարված չէ»:

 



Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի ապրիլի 30-ի կեսօրին թիվ 40 երթուղային տաքսու մեջ, որը լեփ-լեցուն էր ուղևորներով, Արամայիս Թանդիլյանը գաղտնի հափշտակել է երիտասարդ ուղևորուհի Սուսաննայի վարդագույն, 2 հազար դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ 15 հազար դրամ կար: Դրամապանակը Արամայիսը պահել է իր մոտ: Երբ երթուղայինը կանգնել է Զ. Սարկավագի փողոցի կանգառում, Արամայիսն իջել է մեքենայից ու հեռացել է: Այդ ժամանակ ուղևորներից մեկը Սուսաննային զգուշացրել է, որ նրա պայուսակի շղթան բաց է: Աղջիկը ստուգել ու տեսել է, որ դրամապանակը գողացել են: Նա հասկացել է, որ իր հետևում կանգնած տղամարդն է գողացել, իջել է մեքենայից ու վազել է այդ տղամարդու հետևից:

Երթուղայինի վարորդ Գոռ Սաֆարյանը, իմանալով, որ մեքենայի սրահում գրպանահատը գողություն է կատարել ու փախչում է, իջել է մեքենայից, հետապնդել է նրան, բռնել ու ստիպել է ուղևորուհուն վերադարձնել դրամապանակը:

Եթե Արամայիսը չփախչեր, չհետապնդվեր, ապա նրա կատարածը կորակվեր որպես գողություն, սակայն հետապնդումը նկատելով՝ փախուստի դիմելը նրա արարքը դարձրել է բացահայտ հափշտակության, ասել է, թե՝ կողոպուտի փորձ:

Քննությամբ ի հայտ է բերվել, որ ներկայացված դեպքից հետո՝ 2016 թվականի հունիսի 8-ի առավոտյան՝ ժամը 8-ն անց 40-ից 8-ն անց 55-ի սահմաններում Արամայիսը, նախորդ դեպքից դասեր չքաղելով, թիվ 114 երթուղային տաքսու սրահում նորից գրպանահատություն է կատարել ու գողացել է Անահիտ Մ.-ի դրամապանակը՝ նրան պատճառելով 5627 դրամի գույքային վնաս: Նշված դրամապանակը՝ իր պարունակությամբ, հայտնաբերվել է Արամայիսի անձնական խուզարկությամբ: Անահիտը չի բողոքել, նրա բողոքի բացակայության պայմաններում այս դրվագով Արամայիսը քրեական հետապնդման չի ենթարկվել:

 


Թիվ 40 երթուղայինի դրվագով Արամայիսն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ պնդել է, թե ինքը գողություն է կատարել, ոչ թե կողոպուտ:

Արամայիսը հայտնել է, որ երթուղային է նստել Զեյթունի «Երևան սիթիի» մոտից: Երթուղայինը լիքն է եղել: Ուղևորվել են Քանաքեռ: Իր առաջ երթուղայինում կանգնած էր մի աղջիկ, ում մեջքին ուսապարկ կար: Ինքը, օգտվելով առիթից, որ մեքենան լիքն է, աղջկա պայուսակի կիսաբաց շղթան բացել է ու պայուսակից աննկատ հանել է վարդագույն դրամապանակը, դրել է իր թևատակը: Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել