Կուտակային համակարգում կենսաթոշակի չափը կախված է մի շարք գործոններից, ինչպիսիք են աշխատավարձի չափը և աճի տեմպը, անընդմեջ կուտակելու տարիների քանակը, երեխայի խնամքի արձակուրդի տարիները, գնաճը, ֆոնդերի եկամտաբերությունը: Կուտակային համակարգի մասնակցի ապագա կենսաթոշակային եկամուտը ամենից առաջ կախված է նրա աշխատավարձի մեծությունից. որքան բարձր է աշխատավարձը, այնքան շատ են հատկացումները, հետևաբար ավելի բարձր կլինի կուտակային բաղադրիչից կենսաթոշակը: Կուտակային համակարգի արդյունավետության մյուս կարևոր գործոնըհամակարգին անընդմեջ հատկացումներ կատարելու տարիների քանակն է. էական է հատկապես, որ մասնակիցը հնարավորինս երկար տարիներ, առանց դադարի, կատարի կուտակային հատկացումներ` պետության հետ միասին: Այս իմաստով, կենսաթոշակի չափի վրա բացասական ազդեցություն են ունենում գործազրկության տարիները: Կուտակային համակարգի հայաստանյան մոդելը ներմուծեց կարևոր լուծում` կապված մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար: Քանի որ երեխայի խնամքի արձակուրդի տարիներին անձը չունի աշխատավարձային եկամուտ, հատկացումները չդադարեցնելու նպատակով նրանց համար սահմանվեցին ֆիքսված չափով հատկացումներ` ամսական 8000 դրամ, որից 3000 դրամը վճարում է գործատուն, 5000 դրամը` պետությունը պետական բյուջեից:
Այսպիսով, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու տարիներին ևս մասնակիցը կշարունակի կուտակել իր ապագա կենսաթոշակի համար: Գնաճը կուտակային համակարգում ամենակարևոր գործոններից մեկն է: Քանի որ կուտակային հատկացումները երկարաժամկետ խնայողություններ են, և մասնակիցները այդ միջոցները տնօրինելու իրավունք ունեն միայն կենսաթոշակային տարիքում, ուստի կարևոր է, որ կուտակային կենսաթոշակային միջոցները պահպանեն իրենց գնողունակությունը: Հայաստանում օրենքով երաշխավորված է կուտակային բաղադրիչի մասնակիցների կատարած հատկացումների վերադարձելիությունը`գնաճով ճշտված: Թե որքան կենսաթոշակ կստանան կուտակային համակարգի մասնակիցները 63 տարեկանում, կախված է ոչ միայն նրանց համար կատարվող կուտակային հատկացումներից, այլ նաև այդ խնայողությունների կառավարման արդյունքներից. որքան արդյունավետ են կառավարվում կենսաթոշակային ֆոնդերը, այնքան ավելի շատ են մասնակցի խնայողություններին ավելացող եկամուտները: Կուտակային համակարգի մասնակիցների համար մշակվել է կուտակային կենսաթոշակի հաշվիչ, որի օգնությամբ կարելի է կատարել կանխատեսում-հաշվարկներ ապագա կուտակային կենսաթոշակի վերաբերյալ:
Գործիքը մշակելիս հաշվի է առնվել այս բոլոր գործոնների ու դրանց փոփոխության ազդեցությունը կենսաթոշակի չափի վրա, ուստի կարելի է արդեն այսօրվանից մոտավոր պատկերավում կազմել, թե համակարգի մասնակիցը, կյանքի տարբեր սցենարների պարագայում, որքան կենսաթոշակ կստանա: Հաշվիչը, ի թիվս մի շարք մանրամասն հաշվարկների, տալիս է գլխավոր հարցի պատասխանը` աշխատավարձի քանի տոկոսը կստանաք որպես կենսաթոշակ: Հաշվիչը հասանելի է www.epension.amմիասնական սոցիալական պորտալում: «Նորք» կենտրոն մամուլի հաղորդագրություն