«Մհեր Մկրտչյան» խորհրդանշական անվանումով ինքնաթիռը Գյումրիից առաջին չվերթը կկատարի Կրասնոդար
«Տարոն Ավիա» ավիաընկերությունը սկսում է կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Տարոն-Ավիա» ավիաընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանը նշեց, որ ավիաընկերության օդանավերը բազավորվելու են «Շիրակ» միջազգային օդանավակայանում:
«Սկզբնական շրջանում չվերթներն իրականացնելու ենք մեկ Boeing 737-500 տիպի օդանավով, որը կրելու է «Մհեր Մկրտչյան» անվանումը: Գյումրի-Կրասնոդար-Գյումրի երթուղով առաջին կանոնավոր չվերթը նախատեսվում է ապրիլի 25-ին: Կանոնավոր չվերթներ նախատեսված են նաև դեպի Դոնի Ռոստով, Սամարա և այլ ուղղություններով: Պետք է նշեմ, որ մեր կողմից շահագործվող բոլոր օդանավերը տեխնիկական չափանիշերով համապատասխանում են Boeing-ի կողմից սահմանված պահանջներին»,-ասաց Գառնիկ Պապիկյանը:
Ավիաընկերությունն ունի 3 ինքնաթիռ, դրանք ներկայում գտնվում են Հորդանանում տեխնիկական սպասարկման նպատակով:
Գյումրի-Կրասնոդար ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը կազմելու է 75 եվրո կամ մոտ 39 հազար դրամ, Կրասնոդար-Գյումրի ուղղությամբ` 60 եվրո կամ մոտ 31 հազար դրամ: Գյումրի-Դոնի-Ռոստով ուղղությամբ տոմսը կարժենա 86 եվրո կամ մոտ 44 հազար դրամ, Դոնի-Ռոստով-Գյումրի ուղղությամբ` 68 եվրո կամ մոտ 35 հազար դրամ: Գյումրի-Սամարա ուղղությամբ տոմսի արժեքը կլինի 125 եվրո կամ 65 հազար դրամ, Սամարա-Գյումրի ուղղությամբ` 100 եվրո կամ մոտ 52 հազար դրամ: Գառնիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ հետագայում այլ ուղղություններ ևս կլինեն, մասնավորապես, Սոչի, Մոսկվա և այլն:
Ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը նշեց, որ գները մշակվել են այն սկզբունքով, որոնք իրական են: «Այն իր մեջ ներառելու է բոլոր տեսակի հարկերը և տուրքերը, ինչպես նաև հնարավորություն է տալու ուղևորներին անվճար տեղափոխել 25 կգ ուղեբեռ և 7 կգ ձեռքի բեռ: Այլ ավիաընկերությունները գովազդում են այնպիսի սակագին, որ ուղևորը գալիս է տոմս գնելու, կանգնում է փաստի առաջ, որովհետև դրան ավելանում են տուրքեր և այլ ծախսեր: Մենք ներկայացնում ենք այն սակագինը, որը ներառում է ամեն ինչ»,-ասաց Լևոն Քարամյանը:
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը, հետամուտ լինելով իր ծրագրային դրույթներին, ստեղծել է նախադրյալներ Շիրակ օդանավակայանը զարգացնելու համար: «Տարոն ավիա» ընկերությունն էլ, օգտվելով հնարավորությունից, փորձում է չվերթներ իրականացնել: Լևոն Քարամյանի խոսքով, դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության, զբոսաշրջության զարգացման վրա:
Ընկերության ներկայացուցիչները ավելորդ չեն համարում նաև նշել, որ իրենց կողմից առաջարկված սակագները ցածր են լինելու նույն ուղղություններով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից առաջարկվող սակագներից: Լևոն Քարամյանն ընդգծեց, որ առաջին անգամ ավիացիայի պատմության մեջ երթուղու անդորրագրում տեղեկությունը անգլերենից, ռուսերենից բացի լինելու նաև հայերեն:
Ընկերության պաշտոնական www.taron-avia.am կայք էջի ինչպես նաև ավիատոմսերի որոնման ամենատարածված առցանց համակարգերի www.aviasales.ru , www.ozon.ru միջոցով իրականացվելու է էլեկտրոնային ավիատոմսերի ամրագրում և ձեռքբերում: Տոմսերի վաճառքը մոտ օրերս կբացվի:
Ավիաընկերության գործունեության կազմակերպման գործում արդեն իսկ ներգրավված է մոտ 42 աշխատակից, որոնցից շատերը վերջերս անցել են մասնագիտական վերապատրաստում և վերաորակավորման դասընթացներ: