«Վճարում են այնքան, ինչքանի արժանի եմ». Սոնա Շահգելդյանը հարսանիքներին երգելու գների մասին
Երգչուհի Սոնա Շահգելդյանին վերջին տարիներին մրցանակաբաշխություններում չենք տեսնում։ Tert.am Life–ի հետ զրուցում երգչուհին նշեց, որ եթե առաջ վրդովվում էր, ապա հիմա անտարբեր է դարձել։
«Մրցանակաբաշխություններից առաջարկ չեմ ստացել։ Ճիշտն ասած, ինձ այդքան էլ չեն հետաքրքրում դրանք, քանի որ ես հիմա շատ զբաղված եմ։ Ունեմ համերգներ Հայաստանի մարզերում և արտերկրում։ Աշխատում եմ մի քանի երգերի վրա, որոնցից մի քանիսը կունենան տեսահոլովակ։ Ինձ համար այդ մրցանակաբաշխությունները կարևոր չեն։ Կյանքում ավելի կարևոր բաներ էլ կան։ Եթե առաջ նեղվում էի, ապա հիմա ուշադրություն չեմ դարձնում։ Իրանք ունեն մտածելու, ես իմ աշխատանքն անում եմ։ Շատ այլ լավ երգիչներ կան, որ իրենք էլ չեն մասնակցում։ Շատ մրցանակաբաշխությունների եմ մասնակցել ու հասկացել, որ դա այդքան էլ էական չէ»,– ասաց Սոնան։
Վերջինիս խոսքով`սիթքոմում ու ֆիլմերում նկարահանվելը երբեք չի խանգարել երգարվեստին։ Երգչուհին շարունակել է ստեղծագործել և ներկայացրել նոր երգեր։ «Պարտադիր չէ ամեն տարի նոր աշխատանք ներկայացնել, պետք է հանդիսատեսը քեզ կարոտի։ Չնայած, որ գրեթե ամեն տարի էլ աշխատել եմ»,– նշեց Սոնան։
Երգչուհին նշեց, որ երբևիցե ինչ–որ մեկի աջակցության կարիքը չի ունեցել. «Ինքս իմ աշխատանքով եմ գումար աշխատում։ Ոչ ոք ինձ չի օգնում, մայրս իմ պրոդյուսերն է, բայց ինքս եմ ամեն ինչ անում։ Ամուսինս օգնում է, բայց փոքրուց ինքնուրույն եմ եղել ու ամեն ինչ ինքս եմ արել։ Դրա կարիքը չունեմ, որ, կոպիտ ասած, առաջ տանի ինձ։ Բոլորն էլ վաստակում են գումարներ։ Ամեն մեկը նայած ինչպես։ Կարևորը ես տաղանդով ու շնորհքով եմ վաստակում»։
Երգչուհին չի հերքում, որ, ինչպես շատ երգիչ–երգչուհիներ, ինքն էլ է հարսանիքներին երգում։ «Բոլորն են հարսանիքներում երգում, ինչու պետք է չերգես, եթե գումար ես աշխատում։ Բոլորն էլ փողի կարիք ունեն։ Հարսանիքներում իմ հոնորարը տարբեր է։ Ինչքանի արժանի եմ, այնքան էլ վճարում են։ Տարբեր մարդկանց համար տարբեր գներով եմ երգում, քանի որ կան ծանոթ, հարազատ մարդիկ։ Կարևորը երգում եմ կենդանի ձայնով ու չեմ խաբում մարդկանց։ Ամեն հարսանիքի չեմ երգի։ Առաջնային հաշվի եմ առնում մարդկային որակը։ Այդ պարագայում կապ չունի, թե որքան են պատրաստվում վճարել։ Մեկ կամ երկու դեպք է եղել, որ հրաժարվել եմ երգել»,–նշեց Սոնան։
Երգչուհին նշեց, որ հաճախ հրաժարվում է ինչ–որ առաջարկներից որդուն խնամելու համար։ Նրա խոսքով` ցանկանում է երկրորդ երեխան ունենալ. «Երկրորդ բալիկ, անպայման, կունենամ, բայց Աստծո կամոք, քանի որ շատ դժվար է աշխատանքը համատեղել ընտանիքի հետ։ Առաջնահերթ իմ երեխան է։ Հանուն իրա ինձ շատ տեղերից եմ զրկել։ Մեր կյանքում երեխան ամենակարևորն է»։