Սանտա Կլաուսը՝ նույն ինքը երեխաների կողմից շատ սիրված ու սպասված Ձմեռ պապը ամանորյա լեգենդի հերոսն է. բարի ծերուկ, ով Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ նվերներ է բերում երեխաներին: Սովորաբար նրան պատկերում են թմբլիկ, սպիտակամորուս, սպիտակ ու կարմիր հագուստով ծերունու տեսքով, ով խաղալիքներով լիքը պարկով, ութ եղջերուներով լծված սահնակով Ամանորի գիշերը հասնում է աշխարհի բոլոր երեխաներին: Ըստ լեգենդի՝ Սուրբ Նիկոլասը կամ Սուրբ Նիկը խողովակի միջոցով ներթափանցում է տներ և նվերներ է դնում Ամանորյա եղևնու տակ և այն երեխաների գուլպաների մեջ, որոնք տարվա ընթացքում իրենց լավ են դրսևորել:
Սուրբ Նիկն առաջին անգամ հանդիպում է քրիստոնեական լեգենդներում. նրան պաշտում են փոթորկի հետևանքով ջրի մեջ հայտնված նավաստիների փրկության, երեխաներին հովանավորելու և աղքատներին շքեղ նվերներ տալու համար: Չնայած նրան, որ Սուրբ Նիկի հետ կապված բազում պատմությունների հավաստիությունը կասկածելի է (օրինակ այն, որ մի անգամ նա աղքատ ընտանիքին բերել է մեկ պարկ ոսկի` պատուհանի միջոցով այն նետելով տան մեջ)` նրա մասին լեգենդը տարածվել է ողջ Եվրոպայում՝ նրան տալով երեխաներին նվերներ բերող հերոսի կերպար:
Գերմանիայում նրան անվանում էին Sankt Nikolaus, իսկ Հոլանդիայում` Sanct Herr Nicholaas կամ Sinter Klaas: Այս երկրներում Սուրբ Նիկոլասը երբեմն պատկերվել է ձիով երկնքում սլանալիս: Երբեմն նրան պատկերել են քահանայի պատմուճանով, որին ուղեկցում է էլֆը (բարի ոգի)`Սև Պետրոսը, ով պետք է ապտակեր անկարգ երեխաներին:
Սովորաբար Սուրբ Նիկոլասի տոնը, երբ մարդիկ փոխանակվում էին նվերներով, նշվում էր դեկտեմբերի 6-ին: Ռեֆորմացիայից (16-րդ դարի սկիզբ) հետո գերմանացի բողոքականները սկսեցին դա նշել դեկտեմբերի 25-ին: Երբ ավանդույթը լայն տարածում գտավ, այն սկսեցին սերտորեն շաղկապել Սուրբ Ծննդի հետ: Ամերիկյան ծագումը Ամերիկյան Սանտա Կլաուսն իր գաղափարը և անունը ստացել է հոլանդական Sinter Klaas լեգենդից, որն իրենց հետ 17-րդ դարում բերել են Նյու-Յորքի հիմնադիրները: Սկզբնական շրջանում ամերիկյան մամուլում Սանտա Կլաուսը հայտնվեց St. A Claus անունով, իսկ հայտնի գրող Վաշինգթոն Իրվինգը դարձավ առաջինը, ով մանրամասնորեն պատմեց հոլանդացի Սուրբ Նիկոլասի պատմությունը: Այն տեղ գտավ 1809 թվականին հրատարակված Իրվինգի «Նյու Յորքի պատմությունը» գրքում: