loading...

Պարացետամոլն անօգուտ ու նույնիսկ վտանգավոր դեղամիջո՞ց է



Դիտումներ ` 1363
Պարացետամոլն անօգուտ ու նույնիսկ վտանգավոր դեղամիջո՞ց է

News.am Medicine-ը գրում է՝
Պարացետամոլի մասին, հավանաբար, բոլորն են լսել. այն աշխարհում ամենահաճախ գործածվող դեղամիջոցներից է։ Արդեն 50 տարի է՝ պարացետամոլ կարելի է գտնել գրեթե բոլոր դեղատներում։ Բայց արդյո՞ք այն արդյունավետ է ու անվտանգ, ինչպես ընդունված է համարել։ Պարզվում է՝ ոչ այնքան։

Cochrane Library-ի մի շարք անկախ հետազոտություններ ցույց են տվել, որ օրինակ մեջքի խրոնիկ ցավերի կամ արթրիտի դեպքում պարացետամոլը պլացեբոյից արդյունավետ չէ։ Այդ հետազոտությունների մասնակիցները երեք ամիս շարունակ ընդունել են պարացետամոլի առավելագույն չափաբաժիններ, դրա համար էլ փորձարկումը կարելի է օբյեկտիվ համարել։

Պարացետամոլը նաեւ հաճախ են ընդունում սուր ցավերի, օրինակ՝ գլխացավերի կամ հետվիրահատական ցավերի դեպքում, բայց այն ոչ բոլորին է օգնում։ Պարացետամոլ ընդունած 4 մարդկանցից, որոնք տառապել են հետվիրահատական ցավերից, միայն մեկի վիճակն է լավացել։ Ինչ վերաբերում է գլխացավին. այդ դեղը միայն 10-ից մեկին է օգնել։

Այդ դեղամիջոցի անվտանգության առումով հարկ է նշել, որ կողմնակի ազդեցությունը ծայրաստիճան հազվադեպ է պատահում։ Սակայն դրանք բավական տհաճ են լինում. պարացետամոլի ընդունումը բարձրացնում է վաղաժամ մահվան, կաթվածի, ստամոքսային արնահոսության, սուր երիկամային ու լյարդի անբավարարության զարգացման հավանականությունը։ Ինչ վերաբերում է վերջինին, ապա ընդունված է համարել, որ լյարդի հետ խնդիրներ կարող են ունենալ նաեւ այն մարդիկ, որոնք գերազանցում են խորհուրդ տրված չափաբաժինը, սակայն ստանդարտ չափաբաժինների դեպքում էլ նման ելքը ծայրաստիճան քիչ հավանական է։

Մարդիկ հաճախ բավարար տեղեկություններ չեն ունենում ցավազրկող միջոցների մասին, ավելին, նրանք չեն էլ ձգտում այն ստանալ։ Լոնդոնցիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցման մասնակիցների շուրջ կեսը կարծում է, որ իբուպրոֆենում պարացետամոլ կա։ ԱՄՆ-ում հիմնականում պարացետամոլը վաճառվում է «Թայլենոլի» կազմում, բայց ամերիկացիների կեսը չգիտի, թե որն է այդ դեղամիջոցի գործող նյութը։ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր չորրորդ հիվանդը տեղյակ չէ պարացետամոլի առավելագույն օրական չափաբաժնի մասին, ԱՄՆ-ում՝ յուրաքանչյուր երկրորդը, եւ ոմանք նույնիսկ կարծում են, որ առավելագույն չափաբաժինը 10 000 մգ-ն է, ինչն իրականում 2․5 անգամ գերազանցում է օրական մաքսիմումը։ Քանի որ պարացետամոլ կա մրսածության ու գրիպի դեմ, նաեւ գլխացավերի դեմ դեղերի մեծ մասի կազմում՝ դրա չափաբաժնի գերազանցումը միանգամայն հնարավոր է։

Այսպիսով այդհանրահայտ դեղամիջոցի օգուտը բավականին կասկածելի է, իսկ կողմնակի էֆֆեկտները բավականին տհաճ են։ Սակայն պարացետամոլին լավ այլընտրանք այսօրվա դրությամբ չկա, ու չնայած մյուս դեղերը կարող են ավելի արդյունավետ լինել, դրանց բացասական կողմերն էլ կարող են ավելի շատ լինել։


loading...

Փակել