Առողջ սնունդը կարևոր է երկու սեռերի համար, բայց տղամարդիկ և կանայք տարբեր պահանջմունքներ ունեն սննդի հարցում՝ հայտնում է allwomen.net.ua-ն: Յուրաքանչյուր կին իր սննդակարգում պետք է ներառի հետևյալ մթերքները.
Կտավատի սերմեր
Ամեն օր կտավատի սերմ օգտագործելն օգտակար է առողջության համար: Դա օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է, որոնք նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների և կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը: Այն ունի նաև հակաբորբոքային ազդեցություն, կանխում է արթրիտը, օգնում է մարսողությանը՝ թեթևացնելով գրգռված աղու համախտանիշը:
Սաղմոն
Սաղմոնը հարուստ է երկաթով, որը, սովորաբար, պակասում է կնոջ օրգանիզմին, նաև՝ օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նպաստում են տրամադրության լավացմանը: Փորձագետների խոսքով՝ այն օգնում է բուժել ընկճախտն ու կանխել տրամադրության անկումը:
Լոռամիրգ
Շատ հետազոտությունների արդյունքներ հաստատում են, որ լոռամիրգը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Լոռամիրգը և լոռամրգի հյութը միզուղիների վարակների կանխարգելման և բուժման հրաշալի միջոց են:
Սպանախ
Սպանախը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, հարուստ է մագնեզիումով, ինչն օգնում է նվազեցնել այտուցները, կրծքագեղձի ցավերը, որովայնի փքվածությունը, քաշի ավելացումը:
Հունական ընկույզ
Փորձագետները պնդում են, որ հունական ընկույզը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, հակաօքսիդանտներ և ֆիտոստերոլներ, որոնք կարևոր են կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցման համար: Օմեգա-3-ի մեծ պարունակությունն առողջացնում է ոսկրերը՝ նվազեցնելով արթրիտի և ընկճախտի ռիսկը: Հունական ընկույզը նաև հարուստ է կալցիումով, մագնեզիումով, ֆոլաթթվով:
Վարսակ
Վարսակը ևս հարուստ է սննդանյութերով, որոնք օգնում են սիրտն առողջ պահել, լավացնում է մարսողությունը, նորմալացնում զարկերակային ճնշումը: Այն պարունակում է վիտամին В6, որն օգնում է կանխել տրամադրության անկումը: Դրանում պարունակվող ֆոլաթթուն կանխում է երեխաների բնածին թերությունները և կարևոր նշանակություն ունի կանանց համար հղիության ժամանակ ու դրանից հետո:
Կաթ
Կաթը բացարձակ անհրաժեշտություն է ցանկացած տարիքի կնոջ համար: Այն պարունակում է կալցիում, որը՝ D վիտամինի համադրությամբ, օստեոպորոզի կանխարգելման լավագույն միջոցներից է:
Լոլիկ
Լիկոպինը, որն ապահովում է որոշ մթերքների գույնը, ինչպիսին լոլիկն է, ևս կարևոր է առողջության համար: Գիտնականների պնդմամբ՝ լիկոպինը կարող է օգնել կանխել կրծքագեղձի քաղցկեղն ու նվազեցնել սրտային հիվանդությունների ռիսկը: