Նրանք, ովքեր երեկոյան ժամերին գեթ մեկ անգամ օգտվել են «Յանդեքս» տաքսու ծառայությունից, երկրորդ անգամ հաստատ չեն օգտվի: Դրանում համոզվեցի անձամբ՝ երեկ երեկոյան 6-ից հետո տաքսի պատվիրելով:
Սկսեմ նրանից, որ մեքենան բոլորովին էլ հաշված վայրկյանների ընթացքում չմոտեցավ, ինչպես նշվում է գովազդում: Օրինակ, Մաշտոցի «սիթիի» դիմացի կանգառ հասնելու համար «Յանդեքսին» ստիպված եղա սպասել 17 րոպե: Նստելու պահին նկատեցի, որ հաշվիչի ցուցիչին արդեն 200 դրամ կար: Հիշեցի գովազդը՝ «…սկսած 200 դրամից»: Չհասած Օպերա՝ նկատեցի, որ թիվն աստիճանաբար բարձրացավ՝ հասնելով 600-ի: Վարորդը, որ մինչ այդ լուռ էր, հանկարծ սկսեց խոսել. «Երեկոյան ժամերին մեր ծառայությունից քչերն են օգտվում: Ինչպե՞ս է, որ Դուք օգտվում եք»: «Իսկ ինչո՞ւ…»։ «Այս ժամերին տարիֆը բարձրանում է. 1 կմ-ն դառնում է 140 դրամ»: Փաստորեն, ժողովրդին խաբում եք՝ ասացի, ոչ ձեր խոստացած արագությունն եք ապահովում, ոչ՝ մատչելի գինը…
Իսկ թե ինչով է պայմանավորված տարիֆի աճը երեկոյան ժամերին, վարորդը դժվարացավ պատասխանել: Փոխարենն ասաց, որ գնային փոփոխություններ դեռ էլի են լինելու՝ նոր տարուց սկսած: Մասնավորապես, եթե մեքենան հայտնվի խցանման մեջ, ուղեվարձը կբարձրանա՝ ներառելով խցանման մեջ մնալու տեւողությունը:
Չի բացառվում, որ նույն սկզբունքը կիրառվի նաեւ լուսացույցերի տակ կանգնելու դեպքում, որովհետեւ, ըստ վարորդի, վնասով են աշխատում: Իսկ շահույթով, գուցե՝ գերշահույթով աշխատելու համար էլ Ամանորի տոներին կաշխատեն էլ ավելի բարձր սակագնով: «Տարիֆը կաճի ոչ միայն երեկոյան, այլ նաեւ ցերեկային ժամերին»,-ասաց նա: Տեղ հասնելով հասկացա, որ «Յանդեքսը» մեկուկես անգամ թանկ նստեց վրաս, քան սովորական տաքսիները, որոնցով նույն ճամփան անցնում եմ ամեն օր եւ՝ հաստատ, ավելի արագ ու մատչելի:
Աղբյուրը ՝ http://hartak.am/arm/n-103026