Մասրենին վարդազգիների ընտանիքի վայրի բույս է, ունի մինչև մեկ մետր բարձրության թփեր, երբեմն՝ ծառանմաններ, հազվադեպ՝ լիանաներ։ Հայտնի են մոտ 350-400 տեսակներ։ Մասրենու նարնջագույն պտուղները հավաքում են սեպտեմբեր ամսին, ավելի ուշ ամիսներին պտուղները կարմրում են: Նարնջագույն պտուղներն առավել հարուստ են վիտամիններով և սննդարար տարրերով, քան կարմիր պտուղները: Սակայն սա չի նշանակում, որ կարմիր պտուղներն օգտակար չեն:
Մասուրի բուժիչ հատկանիշները
Մասուրը մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, որն իր քանակությամբ գերազանցում է նույնիսկ կիտրոնին: Բացի այդ, մասուրը պարունակում է վիտամիններ В1, В2, К, Е, В6, կենսաֆլավոնոիդներ, շաքար, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Մասուրն ունի նաև հզոր բակտերիասպան հատկանիշներ:
Մանրացրած մասուրի թուրմն ունի լեղամուղ և հակաբորբոքային հատկանիշներ, դրական է ազդում մարսողական համակարգի վրա, ունի միզամուղ ազդեցություն:
Մասուրի բաղադրության մեջ մտնող վիտամին Р-ն ամրացնում է մազանոթները: Կարոտինը կամ վիտամին А-ն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: В1 և В2 վիտամինները մասնակցում են արյունաստեղծ օրգանների աշխատանքին: Վիտամին К-ն լավացնում է արյան մակարդելիությունը:
Ինչո՞վ է օգտակար մասուրը
Մասուրի թուրմը, սիրոպն ու մզվածքը բավական արդյունավետ են բորբոքված թոքերի, դիֆթերիայի դեպքում: Սակայն պետք չէ այս թուրմերը համարել այս լուրջ հիվանդությունների դեմ միակ բուժիչ մեթոդներ, մի մոռացեք բժշկի նշանակումների մասին:
Չինական բժշկության մեջ մասուրի արմատն օգտագործվում է մարսողական համակարգը լավացնելու և պարազիտներն օրգանիզմից դուրս բերելու համար:
Տիբեթում այս պտուղների միջոցով բուժում են թոքախտը, աթերոսկլերոզն ու նյարդագարությունը (Неврастения):
Սիբիրում պահպանվել են մասուրի բաղադրատոմսեր, որոնք բուժում են ոտքերի սնկային ինֆեկցիաները:
Մասուրի թուրմը կարելի է պատրաստել երկու ճանապարհով.
1. Ամբողջական պտուղներով. 500 մլ եռացրած ջուրը լցրեք թերմոսի մեջ և մեկ բուռ մասուր ավելացրեք: Թողեք թրմվի 7-8 ժամ: Ապա քամեք թուրմն ու մեկ թեյի գդալ շաքարավազ ավելացրեք:
2. Մասուրի սերմերը մաքրեք մազմզուկներից և մանրացրեք մսաղացի միջոցով: Մանրացրած պտուղների վրա 300 մլ ջուր լցրեք, դրեք կրակին և եփեք 15 րոպե, քամեք: Խառնուրդն ընդունեք ուտելուց առաջ՝ օրական երեք անգամ:
Մասուրի թուրմ
Այս թուրմը դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա, կանգնեցնում է արյունահոսությունը, դուրս է բերում լեղին, խթանում է սեռական գեղձերի աշխատանքը, արագացնում է այրվածքների բուժման գործընթացը, ունի վերականգնող հատկանիշներ:
Մասուրի թուրմ պատրաստելու համար՝ մեկ ճաշի գդալ մասուրը լցրեք տարայի մեջ և վրան 500 մլ եռացրած ջուր լցրեք, թողեք թրմվի մինչև առավոտ: Օրական երկու անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, ընդունեք այս խառնուրդից կես բաժակի չափով: