Կոկոսի յուղը գլխավորապես իր այուրվեդիկ նշանակությամբ է մտապահվում: Հատկապես վերջերս սուպերմարկետների եւ դեղատների այցելուները հաճախ են կոկոսի յուղի՝ բերանի առողջությունը պահպանելու հատկության մասին հիշում, սակայն ընթերցողը պետք է տեղյակ լինի, որ հակաբակտերիալ եւ հակասնկային գերհատկություններով օժտված բաղադրիչի առողջարար ազդեցությունները միայն ատամներով չեն սահմանափակվում:
Կոկոսի յուղը համընդհանուր սպեղանի է եւ կարող է առողջության վրա դրական առումով խորը ներգործություն թողնել:
Խոսքը, մասնավորապես, օրգանիզմում առկա գործընթացների սահուն եւ արդյունավետ ընթացքի ապահովմանն է վերաբերում:
Բացի այդ, կոկոսի յուղը շղթայի միջին երկարությամբ հակաօքսիդանտային հատկություններ ունեցող եւ այլ միներալների կլանմանը նպաստող ճարպաթթուների լայն համադրություն է պարունակում:
Ստորեւ կոկոսի յուղի առողջության վրա ներգործողության 5 եղանակ ենք ներկայացնում.
1. Խոլեսթերինի մակարդակի նվազեցում
Կոկոսի յուղը հագեցած ճարպերի հարուստ պաշարով է աչքի ընկնում, որոնք բարձր խտության լիպոպրոտեինների (լավ խոլեսթերինի) մակարդակի աճ խթանելու եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու հատկություն ունեն: Այն նաեւ շղթայի կարճ եւ միջին երկարությամբ ճարպաթթուների, մասնավորապես, ի հավելում այլ օգտակար հատկությունների, խոլեսթերինի մակարդակը նվազեցնելու ներուժ դրսեւորող լաուրինաթթվի, կապրինաթթվի եւ միրիստինաթթվի ինքնատիպ խառնուրդ է:
2. Ավելորդ քաշից ազատում
Կոկոսի յուղի բաղադրության մեջ առկա՝ շղթայի միջին երկարությամբ տրիգլիցիդները, ի տարբերություն ճարպերի այլ տեսակների, էներգիայի սպառման անհամեմատ ավելի բարձր տեմպերի կարող են հանգեցնել: Խիրոպրակտիկ բժիշկ, Գուդյեր քաղաքում գործող Արիզոնայի դիետոլոգիական կենտրոնի սեփականատեր դոկտոր Ալեք Ռայնհարթի հավաստիացմամբ, շղթայի միջին երկարությամբ տրիգլիցիդները օրգանիզմում շաքարի հետ համադրելի արագությամբ են մարսվում եւ, հետեւաբար, ավելորդ քաշի հանգեցնող ճարպային բջիջների կուտակումների լրացում չեն կարող հրահրել:
3. Մաշկի խոնավեցում
Կոկոսի յուղը, E վիտամինի բաղադրության եւ հակաօքսիդանտային ակտիվության շնորհիվ, կարող է նաեւ մաշկի խոնավեցման նպատակով կիրառվել: Հատկանշական է, որ օքսիդացումը հյուսվածքների վնասման եւ մաշկի ծերացման գլխավոր պատճառներից մեկն է:
Մաշկաբան Սինտիա Բեյլիի հավաստիացմամբ, «որպես քսուկ կիրառման պարագայում կոկոսի յուղը կարող է ո՛չ միայն մաշկի խոնավեցման, այլ նաեւ՝ ոսկեգույն ստաֆիլակոկ անվամբ հայտնի մաշկային մանրէի չեզոքացման հանգեցնել»:
Կոկոսի յուղի հակամիկրոբային հատկանիշները նաեւ ակնեի, էկզեմայի, փսորիազի եւ ստաֆիլակոկային վարակների դեմ պայքարի շրջանակում օգտակար կգտնվեն:
4. Ուղեղի գործառույթների բարեկարգում
Շղթայի միջին երկարությամբ տրիգլիցիդները, գլյուկոզայի նմանությամբ, «վառելիքի այլընտրանքային աղբյուր» են՝ ուղեղի եւ նյարդային համակարգի համար: Մինչդեռ հայտնի է, որ շաքարի չարաշահումը կարող է մի շարք նյարդաբանական խնդիրների, ներառյալ՝ դոկտոր Ռայնհարթի դիտարկմամբ՝ «երրորդ տիպի շաքարախտի»՝ Ալցհեյմերի հիվանդության առաջացման հանգեցնել, որի առկայության պայմաններում ուղեղն արգելափակում է գլյուկոզայի մատարակարումն ու, սնունցման պակասի հետեւանքով, ընդհանուր նյարդային դեգեներացիայի վտանգ ստեղծում:
Իսկ ահա շղթայի միջին երկարությամբ տրիգլիցիդները, ինչպես 2004թ Neurobiology of Aging ամսագրում նկարագրություն գտած հետազոտության արդյունքներն են վկայում, Ալցհեյմերի մեղմ արտահայտված հիվանդությամբ տառապող մարդկանց ուղեղի գործառույթները բարեկարգելու ներուժ ունեն:
5. Մանրէների, վիրուսների եւ սնկերի չեզոքացում
Կոկոսի յուղի մեջ լաուրինաթթու է առկա, ինչը հակասնկային, հակավիրուսային եւ հակաբակտերիալ հատկանիշներ ունի: Այն, մոնոլաուրինի հետ միասին, մի շարք վտանգավոր պաթոգեններ, ոսկեգույն ստաֆիլակոկը՝ ներառյալ, վերացնելու հատկություն է դրսեւորում: Բացի այդ, կոկոսի յուղն այլ սնուցիչների՝ վիտամինների եւ միներալների մարսողությանն է նպաստում: