Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի եւ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններին ապրիլի 3-ին կողոպտել են։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց դերասան Վարուժան Մանուկյանը՝ նշելով, որ դեպքը պատահել է «Ինկորտ» թենիսի ակումբում, որտեղ ընկերական ֆուտբոլային հանդիպում են ունեցել դերասանները. «Եվ մեզանից ա տարվել, եւ Ռուսական թատրոնի դերասաններից, կոնկրետ ինձանից 10 հազար դրամ, իսկ տղայիցս՝ Ipone 6 հեռախոսը, Ռուսական թատրոնի դերասաններից՝ Ipone 5, ժամացույց, 47 հազար դրամ։ Մի խոսքով՝ թալանվել ենք»։ Դերասանի խոսքով՝ ոստիկանություն դիմել են, արձանագրություններ են կազմվել, գործը ընթացքի մեջ է. «Մենք արդեն տվել ենք հայտարարություն, հեռախոսների տուփերը տարվել ա, որպեսզի իրենց գտնեն, մեզ ասեցին՝ 50/50 էս ամեն ինչը։ Հիմա հավատում ենք մեր օրինապահ մարմիններին, որ սայլը տեղից կշարժվի, տեսնենք ինչ կլինի, անորոշ վիճակում ենք դեռ»։ Փորձեցինք «Ինկորտ» թենիսի ակումբից մեկնաբանություն ստանալ, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։