Ամերիկացի գիտնականները հաջողությամբ ավարտել են С վիտամինի` օրական նորման գրեթե հազար անգամ գերազանցող գերբարձր չափաքանակներով ուղեղի եւ թոքերի քաղցկեղի բուժման կլինիկական փորձարկումների առաջին փուլը: Այս մասին նշված է Cancer Cell ամսագրում հրապարակված հոդվածում:
«Քաղցկեղով հիվանդների մեծ մասը, որոնց հետ հիմա աշխատում ենք, հաճույքով են փորձերին մասնակցել, որոնք կարող են փրկել ուրիշ հիվանդների կյանքը: Ներկայումս արդյունքները խոստումնալից են թվում, սակայն մենք առայժմ չգիտենք` С վիտամինը ինքնին քիմիաթերապիայի արդյունավետությունը մեծացնում է, սա կպարզվի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում»,- հայտարարել է փորձերի ղեկավար, Այովայի համալսարանի աշխատակից Բրայան Ալենը:
Ալենը եւ նրա գործընկերները ավելի վաղ կատարված հետազոտությունների եզրահանգումները կլինիկական փորձարկման ընթացքում ստուգել են թոքերի եւ ուղեղի քաղցկեղի ծանր ձեւով տառապող 11 կամավորների վրա: Քիմիթերապիայի կուրսը սկսելուց առաջ գիտնականները չափաբաժիններով նրանց օրգանիզմ են ներարկել С վիտամինի ահռելի չափաքանակներ` աստիճանաբար արյան մեջ մեծացնելով դրանց քանակը մինչեւ նորման 300 անգամ գերազանցող նիշը:
Դրանից հետո սկսվել է քիմիաթերապիայի սովորական կուրսը, ըստ որում` հիվանդները շարունակել են С վիտամին ստանալ փորձի 7 ամիսների ընթացքում: Չնայած թթվի շատ հաճախակի ընդունմանը եւ մեծ չափաքանակներին, հիվանդները բուժումը լավ են հաղթահարել եւ չեն տառապել կողմնակի ծանր էֆեկտներով: Գիտնականները նշել են, որ այս փորձերն ապացուցել են, որ С վիտամինն անվտանգ է առողջ բջիջների համար եւ ուռուցքի ներսում տեղի ունեցողին նման հետեւանքներ չի առաջացնում:
Փորձերը ցույց են տվել, որ բոլոր դեպքերում վիտամինը կամ կանգնեցրել է ուռուցքի աճը, կամ էլ նկատելիորեն դանդաղեցրել է ուռուցքի պրոգրեսը` 4-6 ամսով հիվանդների կյանքը երկարացնելով նույնիսկ ուղեղի քաղցկեղի ամենաչարորակ ձեւերի զարգացման դեպքում: Ախտորոշումից հետո այս մարդիկ 37-40 տոկոսով ավելի երկար են ապրել, քան քաղցկեղով հիվանդ մյուսները:
Եթե կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը հաջողությամբ անցնի, ապա С վիտամինը, ինչպես նշում է Ալենը, ոչ միայն թույլ կտա երկարացնել հիվանդների կյանքը եւ կբարելավի այն, այլեւ նկատելիորեն կկրճատի բուժման ծախսերը, քանի որ ասկորբինաթթվի ընդունման 9-ամսյա ամբողջական կուրսն ավելի էժան է, քան քիմիա- կամ իմունոթերապիայի մեկ չափաքանակը: