loading...

Ինչպե՞ս խուսափել երակների վարիկոզ լայնացումից. 6 օգտակար խորհուրդ կանանց



Դիտումներ ` 753
Ինչպե՞ս խուսափել երակների վարիկոզ լայնացումից. 6 օգտակար խորհուրդ կանանց

Կանայք 3-4 անգամ ավելի հաճախ են բախվում երակների վարիկոզ լայնացման հետ, քան տղամարդիկ: Դրան նպաստում են մի շարք գործոններ. եթե կինը ժառանգական հակվածություն ունի, հղիությունը, ավելորդ քաշը, փորկապությունն ու այլ գործոններ հանգեցնում են նրան, որ ի սկզբանե թույլ երակները սկսում են լայնանալ եւ չկատարել իրենց  գործառույթները:

Վարիկոզը միայն կոսմետիկ դեֆեկտ չէ. այդ հիվանդությունը կարող է վտանգավոր բարդություններ ունենալ, քանի որ դրա ֆոնին զգալիորեն մեծանում է արյան շրջանառության խանգարման հետեւանքով առաջացած խոցերի, տրոմբոֆլեբիտի եւ շատ այլ հիվանդությունների առաջացման վտանգը:

Ինչպե՞ս պահպանել առողջությունը եւ ոտքերի գեղեցկությունը: NEWS.am Medicine-ի թղթակցի այս հարցին պատասխանում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի անոթային եւ լազերային վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանը:

1. Քիչ կանգնել, շատ շարժվել

Ինչպես բացատրում է մասնագետը, երակները կոչված են ծայրանդամներից արյունը վերադարձնել դեպի սիրտը: Ոտքերի հետ պատահարի դեպքում, արյունը դրանց երակներով անմիջապես վեր է բարձրանում՝ հակառակ ձգողության ուժին: Ձկնամկանի կծկումը նպաստում է դրան եւ հեշտացնում անոթների աշխատանքը, այդ պատճառով վարիկոզի կանխարգելման լավ միջոց է քայլելը, լողալը, ոտքերը չափավոր բեռնվածության ենթարկող շատ այլ տեսակները, որոնք լավացնում են արյան շրջանառությունը:

Իսկ ահա երկար կանգնելը, հակառակը, վնասակար է ոտքերի անոթների համար, զգուշացնում է Արամ Բադալյանը. վարիկոզ ավելի հաճախ է առաջանում այն մարդկանց մոտ, ովքեր ստիպված են շատ ժամանակ անցկացնել կանգնած:

Ուժային մարզաձեւերը, որոնց դեպքում ոտքերի վրա ծանրաբեռնվածությունը մեծ է, նույնպես կարող են բացասաբար անդրադառնալ անոթների առողջության վրա եւ մեծացնել վարիկոզի առաջացման հավանականությունը: Առանձնապես օգտակար չեն նաեւ այն մարզաձեւերը, որոնց ժամանակ անհրաժեշտ է կարճ ժամանակում արագություն հավաքել, այնուհետեւ կտրուկ կանգնել (օրինակ՝ ֆուտբոլը, բասկետբոլը):

2. Ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշը ոտքերի անոթների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, այդ պատճառով վարիկոզի առաջացման մեծ հավանականության առկայությամբ, ինչպես նաեւ այն դեպքում, երբ հիվանդությունն  արդեն սկսել է զարգանալ, կանանց խորհուրդ է տրվում ազատվել ավելորդ քաշից, ինչը կօգնի նվազեցնել ոտքերի վրա ավելորդ ծանրաբեռնվածությունը եւ լավացնել անոթների վիճակը:

3. Հրաժարվել բարձրակրունկներից

Նեղ բարձրակրունկները նույնպես վնասակար են ոտքերի համար. երբ այդպիսի կոշիկ եք կրում, սրունքի մկանների աշխատանքի ծավալը եւ բնույթը փոխվում է, արյան արտահոսքը խանգարվում է:

4. Չհաճախել շոգեբաղնիք, չարեւահարվել

Ուլտրամանուշակագույն ճառագայթները արյունատար անոթների պատերի առաձգականությունը նվազեցնում են, ուստի վարիկոզի առաջացման մեծ հավանականություն ունեցող կանանց խորհուրդ չի տրվում արեւահարվել եւ ոտքերը արեւին մեկնել: Նրանց հակացուցված է նաեւ բաղնիքի, շոգեբաղնիքի եւ տաք լոգանքների չարաշահումը:

5. Բուժել փորկապությունը

Երակների վարիկոզ լայնացման առաջացման հավանականության գործոններից մեկն էլ փորկապությունն է, որի մասին շատ կանայք տեղյակ չեն: Արամ Բադալյանը նշում է, որ վարիկոզի կանխարգելման համար շատ կարեւոր է հնարավոր ամեն ինչ անել աղիների նորմալ գործելու համար:

6. Կրել հատուկ զուգագուլպաներ

Կան հատուկ սեղմող զուգագուլպաներ, որոնք կարող են կանգնեցնել երակների վարիկոզային լայնացման զարգացումը: Նյութը, որից պատրաստվում են այդ զուգագուլպաները, ոտքի տարբեր հատվածների վրա հատուկ ճնշում է գործադրում, մեխանիկորեն սեղմում երակները եւ լավացնում արյան արտահոսքը: Այն չի կարող բուժել արդեն ի հայտ եկած վարիկոզը, բայց դրանց շնորհիվ կարելի է կասեցնել հիվանդության զարգացումը կամ կանխարգելել այն:

Հիշեցնենք, որ եթե դուք արդեն իսկ տառապում եք երակների վարիկոզային լայնացմամբ, անիմաստ է այն փորձել բուժել համացանցում լայնորեն գովազդվող «հրաշագործ» մեթոդներով, դրա փոխարեն հարկավոր է դիմել մասնագետի, որը կարող է առաջարկել իսկապես ներգործուն բուժման մեթոդներ՝ դեղամիջոցային կամ վիրահատական:


loading...

Փակել