Մասկարպոնե պանիրն առաջին անգամ պատրաստել են 16-րդ դարում։ Ինչպես գիտեք՝ այն արդեն բավականին լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում եւ օգատգործվում է տարբեր ուտեստների մեջ։
Շատերն են հավանաբար այս պանրի մասին լսել, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է պատրաստել նաեւ տանը՝ խնայելով բավականին մեծ քանակությամբ գումար։
Այսպիսով, պատրաստման համար անհրաժեշտ է՝ յուղալի սերուցք (20 տոկոսից ոչ քիչ յուղայնությամբ), կիտրոնի աղ (լիմոնաթթու), մեկ գդալ եռացրած ջուր եւ մարլայի մեծ կտոր։ Նշենք, որ մեկ լիտր սերուցքից մոտավորապես 300գր. պանիր է ստացվում։
Պատրաստման եղանակը. սերուցքն անհրաժեշտ է լցնել կաթսայի մեջ եւ դնել կրակի վրա, սակայն չպետք է թողնել, որ այն եռա։
Այնուհետեւ մեկ լրիվ գդալ ջրի մեջ լուծում եք մեկ սուրճի գդալի չափով կիտրոնի աղն ու լցնում սերուցքի մեջ։ Ստացված զանգվածն անհրաժեշտ է խառնել ու տաքացնել եւս մի քանի րոպե։ Սերուցքը պետք է կաթնաշոռի տեսք ստանա։ Եթե դա տեղի չի ունենում, ապա կարելի է մի քիչ էլ կիտրոնի աղ լցնել. հետեւաբար պետք է նաեւ ավելացնել եփելու ժամանակը եւ ուժեղացնել կրակը։
Հաջորդ քայլով պետք է մարլայով քամել ստացված զանգվածը։ Մարլայի երկու ծայրերը կապելուց հետո, այն պետք է կախել եւ թողնել մոտ երկու ժամ։ Երկու ժամ անց մարլայի պարունակությունն արդեն կարելի է լցնել ամանի մեջ եւ դնել սառնարան։ Տասը ժամ հետո մասկարպոնե պանիրը պատրաստ է. կարելի համտեսել։