«Հայաստանում օդի ջերմաստիճանը նախորդ օրերի համեմատ արդեն բարձրացել է 10-15 աստիճանով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով նաև, որ այս պահին էլ Հայաստանը շարունակում է գտնվել Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության ներքո, ինչն էլ իր հետ բերել է ջերմաստիճանի բարձրացում և առատ տեղումներ։ Վերջինիս տեղեկացմամբ՝ առատ տեղումներ գրանցվել են հատկապես Ջերմուկի հատվածում և Արարատյան դաշտում, իսկ վաղվանից սկսած՝ ցիկլոնի ազդեցությունը կթուլանա։
«Չի բացառվում, որ առանձին հատվածներում թույլ ձյունը շարունակվի, իսկ առաջիկա 5 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի կտրուկ տատանում կամ էական փոփոխություն չի կանխատեսվում»,- ասաց Սուրենյանը։ Հարցին ի պատասխան, թե ի՞նչ նոր ցիկլոնի մասին է հայտարարում «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը՝ հայտնելով, որ դեկտեմբերի 31-ին նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան, որով կանխատեսվում է առատ ձյուն, Գագիկ Սուրենյանը նշեց․
«Այդ ցիկլոնը դեռևս հստակ չի երևում, հետևաբար դրա ազդեցության մասին չեմ կարող այս պահին կոնկրետ ինչ-որ բան ասել։ Երբ որ օրը մոտենա, դա հստակ կերևա և այդ մասին էլ հանրությանը կիրազեկենք, բայց ներկա պահին դեռ համոզված չենք կարող պնդել՝ կգա՞ այդ ցիկլոնը, թե՞ չի գա։ Հիմա ամենայն ճշգրտությամբ դժվար է խոսել դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի տեղումների հավանականության մասին»։