loading...

Ի՞նչ դերակատարում ունեն վահանաձև գեղձի հորմոնները



Դիտումներ ` 2358
Ի՞նչ դերակատարում ունեն վահանաձև գեղձի հորմոնները

1. Երեխաների եւ դեռահասների զարգացումը

Վահանագեղձի հորմոնները կարգավորում են օրգանիզմի բոլոր հյուսվածքների զարգացման եւ հասունացման պրոցեսները, այդ պատճառով բացառիկ կարեւոր նշանակություն ունեն` սկսած պտղի ներարգանդային զարգացման ընթացքում ուղեղի և կմախքի ձևավորման պրոցեսից: Այս հորմոնները շատ կարեւոր են նաեւ երեխայի ծննդից հետո նրա կյանքի ողջ ընթացքում, քանի որ մեծ է դրանց դերը երեխայի աճը խթանելու, կմախքի, նյարդային և սեռական համակարգերի ձեւավորման եւ զարգացման համար:

Ինչպես նշում է մասնագետը, վահանագեղձի հորմոնների պակասը կարող է ազդել եւ՛ երեխայի ֆիզիկական զարգացման վրա, եւ՛ նրա մտավոր ունակությունների:

2. Վերարտադրողական գործառույթներ

Թիրեոիդային հորմոնները մեծ դերակատարում ունեն նաեւ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց վերարտադրողական համակարգում, նշում է Էլզա Հայրապետյանը;      

Վահանագեղձի հորմոնների պակասը կարող է հանգեցնել երիտասարդ աղջիկների դաշտանային ցիկլի խանգարման. նրանց ամսեկանները կարող են ուշանալ կամ ընդհանրապես չլինել: Հետագայում դա կարող է հանգեցնել վերարտադրողական լուրջ խնդիրների:

Դաշտանային ցիկլի խանգարման դեպքերում շատերն առաջին հերթին դիմում են գինեկոլոգի, սակայն հավասարապես կարեւոր է խորհրդակցել նաև էնդոկրինոլոգի հետ, քանի որ ցիկլի խանգարման պատճառներն իրականում կարող են կապված լինել թիրեոիդ հորմոնների հետ: Միայն էնդոկրինոլոգը կկարողանա ժամանակին հայտնաբերել եւ բուժել վահանագեղձի ոչ մեծ փոփոխությունները (որոնք կարող էին լինել, օրինակ, յոդի պակասի հետեւանք), եւ դա կօգնի ապագայում զերծ մնալ ավելի լուրջ խնդիրներից:

Այս հորմոնների ներգործությունը հատկապես կանանց սեռական համակարգի վրա ակնհայտ է. ձվարանների բնականոն գործունեության եւ ձվազատման համար անհրաժեշտ է, որ վահանագեղձի հորմոնների մակարդակը նորմայի մեջ լինի: Նույնիսկ այդ հորմոնների քիչ պակասի դեպքում կինը կարող է տարիներով չհղիանալ կամ վաղ փուլերում վիժում ունենա:

«Նույնիսկ վահանաձեւ գեղձի հորմոնների փոքր պակասը բավարար է, որ կինը վերատադրողական լուրջ խնդիրներ ունենա», - նշում է էնդոկրինոլոգը:

Տղամարդկանց մոտ թիրեոիդ հորմոննոերի խանգարումը կարող է բերել սեռական ցանկության բացակայության, ինչպես նաեւ սեռական անկարողության:

3. Խպիպ

Յոդի անբավարարության պայմաններում վահանագեղձը մեծանում է`ապահովելու համար թիրեոիդային հորմոնների անհրաժեշտ քանակով: Մեծացած վահանագեղձը կոչվում է ԽՊԻՊ:

Փոխանակ այն բուժելու համապատասխան դեղամիջոցներով, շատերը դիմում են վիրահատելուն, այսինքն հեռացնում են գեղձը՝ ամբողջապես կամ մասնակիորեն, որի հետևանքով թիրեոիդային հորմոնների քանակը էլ ավելի է պակասում: Ինչի՞ է դա հանգեցնում:

Սննդի հետ մենք ամեն օր օգտագործում ենք սպիտակուցներ, ճարպեր եւ ածխաջրեր, որոնք յուրացվում են նյութափոխանակության պրոցեսում եւ մեզ էներգիա են հաղորդում կամ որպես նյութ են օգտագործվում հյուսվածքների ձեւավորման համար: Նյութափոխանակությունը, ինչպես նշում է մասնագետը, մեր օրգանիզմի կենսահիմքն է:

Նյութափոխանակության պրոցեսում մեծ դերակատարում ունեն հենց թիրեոիդային հորմոնները. դրանք են ապահովում էներգետիկ նորմալ փոխանակությունը, ներգործում են    տարբեր ֆերմենտների ձեւավորման վրա, խթանում են սպիտակուցի ձեւավորումը, որը հանգեցնում է աճի արագացմանը, մասնակցում են ածխաջրերի, ճարպերի եւ վիտամինների փոխանակությանը, ջրաաղային հավասարակշռման կարգավորմանը, ինչպես նաեւ ներգործում կալցիումի, մագնեզիումի եւ այլ նյութերի փոխանակության վրա:

Թիրեոիդային հորմոնների պակասի հետեւանքով նյութափոխանակությունը դանդաղում է, որը հանգեցնում է բոլոր օրգանների գործունեության խանգարման: Առաջանում է հիպոթիրեոզ հիվանդությունը, որի բքւժման համար անհրաժեշտ է լինում ամբողջ կյանքում օգտագործել փոխարինող բուժում՝ թիրեոիդային հորմոնի դեղամիջոցով:

Քանի որ վահանաձեւ գեղձի հորմոնները այդքան կարեւոր են օրգանիզմի համար, այդ օրգանի հիվանդությունները խորհուրդ է տրվում բուժել մեծ զգուշավորությամբ, ուստի դիմել հեռացման, նույնիսկ մասնակի, կարելի է միայն կոնկրետ ցուցումների դեպքում, զգուշացնում է մասնագետը:

Վահանաձեւ գեղձի խնդիրներ ունենալու դեպքում խորհուրդ է տրվում առաջին հերթին դիմել էնդոկրինոլոգի, որը կարող է ճիշտ ախտորոշում կատարել եւ բուժման ճիշտ ձեւ ընտրել` կոնսերվատիվ թե վիրաբուժական:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine


loading...

Փակել