loading...

Հ2 հեռուստաընկերությունը շարունակում է մոլորեցնել սպառողներին



Դիտումներ ` 497
Հ2 հեռուստաընկերությունը շարունակում է մոլորեցնել սպառողներին

Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարը շարունակում է ահռելի եկամուտներ ստանալ սպառողներին մոլորեցնելու հաշվին: «Օդից փող» հաղորդման ընթացքում հաղորդավարն ընթերցում է 1-ին դասարանի մակարդակի մի հարց, որի պատասխանն իմացողները պետք է զանգահարեն նշված հեռախոսահամարով և տան ճիշտ պատասխանը: Նրանց սպասվում է նաև դրամական մրցանակ: Մեզ դիմած քաղաքացու անչափահաս, անգամ 16-ը չբոլորած տղան ընկել է Հ2-ի լարած թակարդը: Երիտասարդը զանգահարել է նշված հեռախոսահամարով, սակայն չի կարողացել կապ հաստատել ուղիղ եթերում հաղորդավարի հետ: Նա փորձել է մի քանի անգամ, բայց ապարդյուն, իսկ ամսվա վերջում նրա ընտանիքին «անակնկալ» է սպասել: Պարզվել է, որ իրենք հեռախոսային կապի օգտագործման դիմաց մեծ գումար են պարտք: Օպերատորի հետ կապնվելուց հետո պարզվել է, որ պարտքը գոյացել է «Օդից փող» հաղորդմանը զանգահարելու հետևանքով:



 Հաղորդումն իսկական ոսկու հանք է հեռուստաընկերության համար և արդեն մեծ թվով մարդիկ ընկել են այս ծուղակը: Խնդրին անդրադարձել են բազմաթիվ լրատվականներ, սակայն այս հարցին դեռևս չի ստացվել հանրային պատասխան: Խնդիրն առաջանում է նրանից, որ սպառողներին պատշաճ չի տեղեկացվում այն մասին, որ գումարը հաշշվում է անգամ եթե չի հաջողվում միանալ ուղիղ եթերին, այսինքն՝ գումարը սկսվում է հաշշվել այն պահից, երբ կատարվել է զանգը: Այսպիսով, անտեղյակ սպառողը համբերատար սպասում է միանալուն, սակայն այդ պահին նրա հաշվին գոյանում է պարտավորություն: Զանգի մեկ րոպեն արժե 540 դրամ: Նշենք, որ armtimes.com-ի հետ զրույցում հաղորդաշարի ռեժիսոր Վարդան Հովնանյանն ասել է, որ այս «գործարքից» իր մասնաբաժինն ունի նաև կապի օպերատորը: «Մենք աշխատում ենք օրենքով, օրենք չենք խախտում»,- վստահեցրել է նա: Այս մասին մենք խոսեցինք «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով ասաց. «Առաջինը, հորդորում եմ մեր բոլոր սպառողներին հեռու մնալ նման բոլոր պրոյեկտներից: Երկրորդ, խորհուրդ եմ տալիս ուշադիր հետևել բոլոր նախապայմաններին, որոնք իրենց մեջ պարունակում են մոլորեցնող տարր: 


Երրորդ, հորդորում եմ ՏՄՊՀՀ-ին ուշադիր լինել, որովհետև այստեղ կա սպառողների մոլորություն, իսկ մոլորությունը համարվում է անբարեխիղճ մրցակցության գործոն: Ասեմ՝ մոլորությունն ինչումն է: Սպառողները ստանում են թյուր տեղեկատվություն, որը տանում է մոլորության: Մասնավորապես, մարդը սպասելու ընթացքում ևս պարտավոր է վճարել: Այս մասով անհրաժեշտ է տալ ամբողջական տեղեկատվություն: Սա վերաբերում է նմանատիպ բոլոր հաղորդաշարերին»: Պարոն Պիպիոյանը նշեց նաև, որ տվյալ հարցով պետք է ակտիվորեն զբաղվի նաև ՄԻՊ գրասենյակը, քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է 16 տարին չբոլորած անձի մասին: 

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել