Գաղափարների արժեզրկման պայքարը
Քաղաքականության անբաժան ուղեկիցներն են պաթոսը, պոպուլիզմը, ամբոխավարությունն ու ռազմահայրենասիրությունը։ Այս երևույթները միաժամանակ նաև քաղաքականության ամենամեծ թշնամիներն են, քանի որ քաղաքական գործունեությամբ զբաղված ուժերի կամ անհատների համար ցանկացած պահի կարող են վերածվել կապիտուլյացիայի պայմանագրի։ Սակայն, միևնույն ժամանակ, շատ դժվար երբեմն էլ` անհնար է ազատվել այս երևույթների գերակշիռ ազդեցությունից։
Խնդիրն առավել է բարդանում Հայաստանի պարագայում, քանի որ առկա հարաբերական պատերազմական իրադրությունը սնում է ցանկացած ռազմահայրենասիրություն, պատերազմի վերսկսման փաստը շահարկվում է և՛ իշխանության, և՛ընդդիմության կողմից։ Արցախյան հիմնախնդիրը մնում է հայաստանյան քաղաքական իրականության մեջ իր բոլոր ճյուղավորումներով և այդպես էլ թույլ չի տալիս ձևավորել քաղաքական այլ օրակարգեր։ Սա բնական է և ենթադրելի։ Սակայն մյուս կողմից, այս խնդիրը դառում է խոչընդոտ քաղաքական առողջ մթնոլորտի կայացման համար։
Երբ քաղաքական մի ուժ հանդես է գալիս այն դիտանկյունից, որ երկրի բոլոր անհաջողությունները պայմանավորված են հիմնախնդրի առկայությամբ, ապա արժանանում է ոչ թե հակընդդեմ փաստարկների, այլ պարտվողականության և դավաճանության մեղադրանքների, որոնցից էլ արդեն փորձում է պաշտպանվել պոպուլիզմով։ Արդյունքում կորչում է ընդհանրապես քաղաքական օրակարգն ու քաղաքական բանավեճը։
Հենց այս իրավիճակն էլ բերում է հասարակական ապատիայի, քանի որ պաթոսով, դեմագոգիայով և ամբոխավարական հռետորաբանությամբ հնարավոր չէ ապահովել հասարակության անգամ ամենափոքր հատվածի կոնսոլիդացիան որևէ գաղափարի շուրջ։
Վերջնական արդյունքում ստանում ենք այն, որ արժեզրկվում են գաղափարները։ Հենց այս տեսանկյունից ՀԱԿ–ի առաջ քաշած խաղաղության պլատֆորմով մեծ հաշվով արժեզրկվեց խաղաղության բարձրագույն գաղափարը, քանի որ խաղաղության շուրջ քննարկումը մտավ հող հանձնելու և չհանձնելու դավաճանության և ռազմահայրենասիրության դաշտ։ Նույն տրամաբանությամբ տարիներ շարունակ Դաշնակցության կողմից շահագործվեց ու կրկին արժեզրկվեց այզգային գաղափարը, որը դարձավ ընդամենը կուսակցական գծի մասը։ Հանրապետականների դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է։
Տասնյակ տարիներ լինելով իշխանություն և այդպես էլ չձևավորելով պետականության հայեցակարգ, հանրապետականները գնացին փսևդո–ազգայնականության ճանապարհով՝ արհեստականորեն սինթեզելով նժդեհականությունը, որը մեծ հաշվով ո՛չ գաղափարախոսություն է, ո՛չ հայեցակարգ, ո՛չ էլ որևէ այլ հստակ բան։ Արդյունքում հանրապետականները ոչնչացրեցին պետականության հայեցակարգի ստեղծման իրենց տրված հնարավորությունը և արժեզրկեցին պետականության գաղափարն ընդհանրապես։
Հայաստանյան տարբեր ընդդիմություններ ձևախեղեցին ընդհանրապես քաղաքական ընդդիմություն երևույթը՝ տարբեր շրջաններում հանդես գալով անհիմն ռադիկալիզմով, անհիմն հռետորաբանությամբ, «ռեժիմը խուճապի մեջ է» դատարկ ձևակերպումներով և վերջապես տարբեր իրավիճակներում ստվերային համաձայնությունների գնալով գործող իշխանությունների հետ։ Հետևանքը եղավ այն, որ հայաստանյան քաղաքական դաշտի մասին քաղաքացու պատկերացումները ամփոփվեցին մեկ ձևակերպման մեջ՝ բոլորը նույնն են։
Ահա հենց այս պատկերով էլ մեծ հաշվով հայաստանյան հանրությունը գնում է խորհրդարանական ընտրությունների և որքան էլ ցավալի է նշել, առկա քարոզարշավը մեծ սպասելիքներ այդպես էլ չի տրամադրում։