Առավոտյան ժամը 07:00 դրությամբ ողջ հանրապետության տարածքում առկա է ձյան ծածկ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած լեռան Քարե լիճ հատվածում 100սմ, Ամբերդում 80սմ, Հրազդանում 56սմ, Քաջարանում 51սմ, Ապարանում 50սմ, Ամասիայում 43սմ, Ջերմուկում 40սմ, Դիլիջանում 38սմ, Արարատյան դաշտում և Երևանում 10-17սմ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելեով. «Դեկտեմբերի 18-ից սպասեք սաստիկ սառնամանիքների»։ Նշենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկացմամբ՝ որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Խիստ դժվարանցանելի են Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի ճանապարհները, Սարավան-Զանգեր հատվածը, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները:
Առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են Բաղրամյանի, Աբովյանի, Սևանի ճանապարհները և Մեղրու լեռնանցքը: Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մերկասառույց է: Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Նախարարությունը հորդորում է վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: