Էկզեման, որը հայտնի է նաև Ատոպիկ դերմատիտ անունով, մաշկային հիվանդություն է, որն առաջանում է մի քանի այլ հիվանդությունների փոխազդեցությունից: Էկզեման մաշկի վրա կարող է հայտնվել փոքրիկ բշտիկի տեսքով, որն ահավոր քոր է գալիս և պարունակում է գազային մասեր, և կամ մաշկի կոշտացած, հաստացած հատվածի տեսքով: Էկզեման առանձին հիվանդություն չէ, միմյանց հետ կապված և նույն ձևով արտահայտվող հիվանդությունների խումբ է:
Ըստ healthieyou.com-ի՝ մաշկային մի շարք հիվանություններ կան, որոնք կարող են էկզեմայի պատճառ հանդիսանալ, և նախքան բուժումը դրանք տարբերակելը շատ կարևոր է: Դրանցից մի քանիսը ներառում են:
Սնկային և բակտերային վարակները. ինչպիսին է, օրինակ, ոսկեգույն ստաֆիլոկոկը:
Գրգռիչները. որոշ նյութեր կարող են գրգռիչների դեր խաղալ և էկզեմա առաջացնել: Դրանցից մի քանիսը ներառում են ախտահանող միջոցներ, օճառներ կամ բանջարեղենի տեսակներ:
Ալերգեններ: Այնպիսի ալերգենները, ինչպիսիք են բորբոսը, ծաղկափոշին, փոշեհատիկներն ու թեփը, ևս կարող են էկզեմայի առաջացման պատճառ դառնալ:
Կաթնամթերքը և յուղոտ սնունդը. սրանք կարող են ներառել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ձուն, սոյայի մթերքները, ընկուզեղենն ու հատիկավորները, ինչպես նաև՝ ցորենը:
Լարվածությունը. լարվածությունը, որպես այդպիսին, էկզեմա առաջացնել չի կարող, բայց կարող է վատթարացնել ախտանիշները:
Խոնավությունը. չափազանց շոգ կամ ցուրտ եղանակը կարող է էկզեմայի պատճառ դառնալ:
Հորմոնները. էկզեման կարող է առաջանալ նաև հորմոնային մակարդակների խախտման դեպքում:
Այնուամենայնիվ, էկզեման, ըստ healthieyou.com-ի, կարելի է բուժել՝ օգտագործելով որոշ արդյունավետ և բնական դեղամիջոցներ, ինչպիսիք են.
Կոկոսի յուղ
Կոկոսի յուղը մաշկ ներթափանցելու հատկություն ունի. խոնավեցնում է մաշկը՝ կանխելով հետագա գրգռումը: Կոկոսի յուղն իբրև էկզեմայի բուժման միջոց օգտագործելիս պետք է անել հետևյալը.
Լվացեք ձեր ձեռքերը մաքուր ջրով, լավ չորացրեք, հետո մի քիչ կոկոսի յուղ լցրեք ձեր ձեռքերին, և այն քսեք ախտահարված հատվածներին: Սա կարող եք անել օրը երեք անգամ կամ ավելի շատ՝ մինչև էական փոփոխություն նկատեք:
Ժոժոբայի յուղ
Ժոժոբայի յուղը կոկոսի յուղի արժանի փոխարինողն է: Ժոժոբայի յուղը հեղուկ մոմի տեսակ է, որն ունի մաշկ ներթափանցելու և այն խոնավեցնելու հատկություն: Այն պարունակում է նաև որոշ ճարպային սպիրտներ, որոնք չեն չորացնում մաշկը՝ ինչպես արհեստական սպիրտները, ինչպիսիք են՝ բենզիլի և իզոպրոպիլի սպիրտները: Ժոժոբայի յուղը որպես էկզեմայի բուժման միջոց օգտագործելիս դուք պետք է անեք հետևյալ քայլերը.
Լավ լվացեք ձեռքերը և չորացրեք: Ժոժոբայի յուղը լցրեք ձեր ափերի մեջ և զգուշությամբ մերսեք ախտահարված հատվածները՝ օրական առնվազն երեք անգամ:
Շի ծառի յուղ
Կոկոսի և ժոժոբայի յուղերի նման, շի ծառի յուղը ևս ունի մաշկը խոնավեցնող շատ ուժեղ ազդեցություն և կարող է բուժել, վերականգնել էկզեմայից վնասված մաշկը: Այն կարող է նաև թեթևացնել քորը:
Հալեցրեք շի ծառի 2 ճաշի գդալ յուղը, ավելացրեք 6 ճաշի գդալ կոկոսի յուղ, ցանկության դեպքում կարող եք նաև փոքր-ինչ լավանդայի յուղ ավելացնել: Այդ ամենը լավ խառնեք և օրական առնվազն երեք անգամ քսեք ախտահարված հատվածներին:
Վարսակի ալյուր
Էկզեմայի բուժման համար մեկ այլ արդյունավետ բնական դեղամիջոց է վարսակի ալյուրը: Վարսակի ալյուրն ունի հակաբորբոքային հատկություններ և օգնում է թեթևացնել մաշկն էկզեմայի հետ կապված անհարմարությունից: Այն օգնում է նաև ազատվել քորից:
Վերցրեք 1 բաժակ վարսակի ալյուր ու մի կտոր բինտ: Լցրեք վարսակի ալյուրը բինտի մեջ ու ամուր կապեք: Փոքրիկ կապոցը գցեք ձեր լոգանքի ջրի մեջ և թողեք մոտ 10-15 րոպե: Այդ ջրով ցնցուղ ընդունեք կամ պարզապես թրջեք ձեր մարմինը: Չորացեք և խոնավեցնող միջոց օգտագործեք:
Երիցուկ
Երիցուկը ևս հակաբորբոքային հատկություններ ունի: Այն նույնպես պարունակում է բնական սպիրտ, բիսաբոլոլ, որն օգնում է պայքարել մանրէների դեմ: Երիցուկը լայնորեն օգտագործվում է մաշկի հետ կապված խնդիրների բուժման համար, այնպիսի խնդիրների, ինչպիսիք են քորը, գրգռվածությունը և բորբոքումը:
Վերցրեք մոտ 4 ճաշի գդալ երիցուկի չորացած ծաղիկ և բինտ: Երիցուկի ծաղիկը լցրեք բինտի մեջ, կապեք և գցեք ձեր լոգանքի ջրի մեջ` թողնելով մոտ 15 րոպե: Այդ ջուրն օգտագործեք լոգանք ընդունելիս, այնուհետև խոնավեցնող միջոց օգտագործեք:
Ձկան յուղ
Էկզեմայի պատճառներից մեկն է համարվում հիմնական ճարպային թթուների ցածր մակարդակն օրգանիզմում: Այդ իսկ պատճառով օմեգա-3 և օմեգա-6 հիմնական ճարպային թթուների մակարդակների բարձրացումն օրգանիզմում համարվում է էկզեմայի բնական միջոցներով բուժման ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը: Դուք կարող եք ընդունել այն ինքն իրենով կամ հեղուկ վիճակում` նարնջի հյութի հետ խառնած:
Մեղր
Հակաբորբոքային և հակամանրէային հատկության շնորհիվ մեղրը կարող է օգնել արագացնել էկզեմայի բուժման ընթացքը: Դրա համար անհրաժեշտ է բնական, չմշակված, օրգանական մեղր և մի քիչ բինտ: Պարզապես քսեք այն ախտահարված շրջաններին և բինտով կապեք կեղտաբծերից խուսափելու համար: Թողեք այն մոտ 30 րոպե, այնուհետև լվացեք ու չորացրեք: Արագ արդյունքի համար սա պետք է կրկնել օրական երեք անգամ:
Եգիպտացորենի օսլա
Եգիպտացորենի օսլան ևս հին և արդյունավետ դեղամիջոց է էկզեմայի բուժման համար: Եգիպտացորենի օսլան իբրև էկզեմայի բուժման միջոց օգտագործելու համար պետք է անել հետևյալը.
Եգիպտացորենի օսլան խառնեք 1-2 գդալ խաղողի ձեթի հետ, ախտահարված շրջանները մի քանի րոպե շփեք դրանով: Այնուհետև լվացվեք և սրբվեք մաքուր սրբիչով: Օգտագործեք խոնավեցնող քսուք:
Ֆրանսիական կանաչ կավ
Ֆրանսիական կանաչ կավը հարուստ է մագնեզիումով, կալիումով, երկաթով և կալցիումով, որն օգնում է հանգստացնել քորը և ազատում է մաշկն էկզեմայի ցանից: Այն էլ ավելի արդյունավետ է համամելիսի (Hamamelis, Witch-hazel) էքստրակտի հետ խառնած:
Համամելիսի էքստրակտը խառնեք մոտ կես բաժակ ֆրանսիական կանաչ կավի հետ, որպեսզի ստացվի մածուցիկ զանգված: Քսեք այն ախտահարված շրջաններին և թողեք այնքան, մինչև չորանա: Լվացրեք և չորացրեք մաքուր շորով, այնուհետև խոնավեցնող միջոց օգտագործեք:
Ալոէ վերա
Ալոէ վերան, ըստ կայքի, այնպիսի մի միջոց է էկզեմայի դեմ, որ որոշ մարդկանց մոտ նույնիսկ կարող է մի գիշերում արդյունք տալ: Կարող եք դրանից գել պատրաստել ու քսել ախտահարված հատվածներին, կամ հյութ պատրաստել ու խմել:
Գոտու կոլա
Գոտու կոլա բույսը Gotu Kola (Centella Asiatica) ևս կարելի է քսել ախտահարված հատվածներին կամ խմել իբրև թեյ` հանգստանալու համար: