loading...

Բամբակյա ձողիկները ականջները մաքրելու համար չեն



Դիտումներ ` 2411
Բամբակյա ձողիկները ականջները մաքրելու համար չեն

 

Բժշկության մեջ հայտնի մանրէազերծ տուպֆերը, նույն ինքը՝ բամբակյա ձողիկները, ամենևին էլ նախատեսված չեն ականջ մաքրելու համար: Ավելին, դրանք կարող է ականջի համար լուրջ խնդիրներ առաջացնել:
Կոսմետիկ բամբակյա ձողիկները սկսեցին արտադրվել այն բանից հետո, երբ նկատեցին, որ մարդիկ փորփրում են իրենց ականջները լուցկու հատիկի վրա փաթաթած բամբակով: Կա՞ պահանջարկ՝ կա առաջարկ: Սկսեցին մեծ քանակությամբ ձողիկների արտադրությունը: Այդ ընթացքում էլ հաշվի առան լուցկու հատիկի անհարմարությունները և ձողիկները ավելի երկար պատրաստեցին, իսկ ծայրի բամբակը՝ ամուր փաթաթեցին:
Ականջի ծծումբը մաքրում է ականջաուղիները, ինչպես նաև պաշտպանում բակտերիաներից, միջատներից և սնկային մանրէներից: Ծծումբը միշտ իր վրա է հավաքում այս բոլոր վնասակար իրերը և դրանք դուրս բերում բնական ճանապարհով՝ երբ ծամում ենք: Սակայն, եթե ականջի ծծումբը մեծ ծավալներով է արտադրվում, այն կարող է խցանել ականջի ուղին և մի շարք տհաճ զգացողություններ պարգևել: Այդ խցանումը կարող է հեռացնել միայն բժիշկը:



Մեծ քանակությամբ ծծմբի արտադրությունը կոչվում է ծծմբի հիպերսեկրեցիա (գերարտադրություն): Դրա առաջացման հիմնական պատճառը լսողական համակարգի մաշկի գրգռումն է: Իսկ դրա պատճառը՝ լսողական սարքերն ու բամբակյա ձողիկներն են:
Այդ ձողիկներով փորփրել ականջը՝ ծծմբի հեռացման նպատակով, մարդը, առաջին հերթին, խախտում է ինքնամաքրման բնականոն մեխանիզմը, գրգռում է մաշկը և հավաքված ծծումբը ավելի խորն է հրում, դրանով իսկ նպաստելով խցանմանը: Ավելին, գործողությամբ շատ տարվելով հնարավոր է այդ ձողիկով վնասել թմբկաթաղանթը, ինչը կհանգեցնի խլության:
 


Հիմա կասեք՝ ո՞նց, ականջ ընդհանրապես չմաքրե՞նք: Մաքրեք, բայց ամենաառաջին հերթին մի նպաստեք ծծմբի գերարտադրմանը. դրա առաջացման պատճառները վերևում թվարկել եմ: Իսկ արդեն մաքրելիս, մաքրեք երեսանց, պետք չէ մինչև խորքը գնալ, այն էլ այդ ձողիկներով: Ուղղակի պտտեցրեք բամբակի կտորը կամ սրբիչի ծայրը ականջի մուտքի մեջ. ավելորդ ծծումբը առանց դժվարության կմաքրվի: 


loading...

Փակել