Նոր տարի և ամեն ինչ նորից սկսելու ու ճիշտ անելու ևս մեկ հնարավորություն: Դուք դեռ չե՞ք կողմնորոշվել ձեր ցանկություններում ու նպատակներում և իմաստուն խոսքերի կարի՞ք եք զգում: Ստորև ներկայացնում ենք 5sfer.com կայքի հրապարակումներից մեկը, որում թվարկվում են անհրաժեշտ 12 որոշումները:
1. Սկսե՛ք:
Հիշեք, այն զգացումը, որն ունենում եք առաջին քայլն անելիս, ինչպիսին էլ որ այն լինի, ավելի լավն է, քան այն զգացումը, որն ունենում եք տեղում դոփելու ժամանակ: Այնպես որ, վեր կացեք և գոնե մի բան արեք: Գալիք տարում արեք առաջին քայլը. պարզապես մեկ քայլ դեպի առաջ: Հաջողության ամենամեծ հրաշքն այն չէ, որ հասել եք դրան, այլ, որ ձեր մեջ սկսելու քաջություն եք գտել:
2. Ձեր բոլոր ջանքերն ուղղեք դեպի գլխավորը:
Մի եղեք զբաղված, այլ եղեք արտադրող: Մի հետևեք ժամանակին, հետևեք ձեր արդյունքներին: Առաջին տեղում դրեք այն, ինչն ամենակարևորն է ձեզ համար, և առաջին հերթին հենց դա արեք:
Չսպասեք, որ ձեր նպատակին հասնելը հեշտ է լինելու, ցանկացած արժանի նպատակի ճանապարհը դժվար է լինում: Եթե այն այդպիսին չլիներ, ապա հիմա հասած կլինեիք այն ամենին, ինչին ձգտում եք: Բայց հենց դժվարությունն է այդ նպատակն արժանի դարձնում: Կարճ ճանապարհ չունի այն վայրը, որտեղ արժե հասնել:
3. Մի՛ շեղվեք ձեր ճանապարհից:
Հաջողակ կյանքն այն է, որն ապրել եք` ամբողջովին գիտակցելով ձեր գործողությունները, և հետևել եք սեփական ճանապարհին` չվազելով ուրիշների երազանքների հետևից:
Վարվեք այնպես, ինչպես լավ կլինի հենց ձեզ համար, չէ՞ որ ոչ ոք չի կարող ձեր փոխարեն ապրել ձեր կյանքը: Շարունակեք առաջ գնալ` ուշադրություն չդարձնելով նեգատիվի կամ ձեզ կոտրել փորձող շրջապատի վրա: Վարվեք այնպես, ինչպես պետք է: Ապրեք այնպիսի կյանքով, որով կկարողանաք հպարտանալ: Իսկ երբ հանկարծ հասկանաք, որ դա այդպես չէ, գտեք ձեր մեջ ամեն ինչ նորից սկսելու քաջություն և վերադարձեք ճշմարիտ ուղի:
4. Ինքնավստահ եղեք:
Իմացե՛ք, արդեն ամեն ինչ ունեք, որպեսզի ինքներդ ձեզ դարձնեք ամենակատարյալի հնարավոր տարբերակը: Հավատացե՛ք, որ կարող եք: Հավատացե՛ք, որ ունակ եք ավելի շատ չարչարվելու և ավելի հեռու հասնելու, քան առաջ: Հավատացե՛ք, որ դուք բավականին երիտասարդ, հասուն, խելացի և ուժեղ եք ձեր առջև դրված նպատակներին հասնելու համար: Թույլ մի տվեք կեղծ սահմանափակումներին խոչընդոտել ինքներդ ձեզ հաղթահարելուն: Առավել ևս թույլ մի տվեք, որ ձեզ ճիշտ ճանապարհից շեղեն այն մարդիկ, ովքեր կյանքում երբեք ձեր կողքով չեն քայլում:
5. Կենտրոնացեք որոշումներում:
Կյանքն ավելի լավն է դառնում միայն այն ժամանակ, երբ դուք որոշում եք այն այդպիսին դարձնել: Նեգատիվ մարդիկ միշտ բողոքում են, թե իրենց կյանքը վատն է, իսկ պոզիտիվ մարդիկ` լուռ և համբերատար, ամեն ինչ լավն են դարձնում:
Կյանքը միշտ լի է լինելու խնդիրներով ու փորձություններով, բայց դրանք ձեր ճանապարհին խոչընդոտ դարձնելու փոխարեն` կարող եք դարձնել անգին հնարավորություններ: Նրանք, ովքեր ունեն դա անելու քաջություն ու ինքնակառավարում, լավացնում են ոչ միայն իրենց կյանքը, այլև շրջապատի: Ուրեմն, դարձեք այդ մարդկանցից մեկը: Կենտրոնացեք ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծման եղանակների վրա, և փորձեք գոնե քիչ-քիչ առաջ շարժվել` դեպի պայծառ ապագա:
6. Ընդունեք այն, ինչն ունակ չեք փոխել:
Այն, ինչին դիմադրում եք, ձեզ երբեք բաց չի թողնի: Եթե ինչ-որ բանի դիմադրում եք՝ դրանով սնում եք նրան: Ուղղակի ավելորդ էներգիա եք վատնում այն ուժի վրա, որին դիմադրում եք: Եվ եթե փորձում եք հեռացնել ինչ-որ բան նեգատիվ էներգիայի միջոցով, ապա դրանով ուղղակի հրավիրում եք դրան ձեզ մոտ:
Սովորեք ընդունել իրերն այնպիսին, ինչպիսին դրանք կան, պոզիտիվ ու աշխատասեր եղեք, ազատվեք ամբողջը ղեկավարելու ծարավից, և պարգևատրումը կլինի այն, որ ձերը կդառնա ամբողջ աշխարհը:
7. Թողեք անցյալն իր տեղում:
Թույլ մի տվեք, որ ձեզ խանգարի այն, ինչն արժե, որ մնա ձեր թիկունքում: Մի արդարացրեք անցյալով ձեր ներկայի արհամարհանքը: Անցյալի վերքերը երբեք չեն ապաքինվի, եթե դուք նորից ու նորից դիպչեք դրանց:
Կատարվածն ընդունելն այն վշտալի պատառն է, որը ստիպված եք կուլ տալ, որպեսզի հետևում թողնեք երեկվա վշտերը: Եվ դա այն ընտրությունն է, որը ստիպված եք անել: Իմացեք, անցյալը նախանշում է ապագան… բայց միայն այն դեպքում, եթե թույլ եք տալիս, որ անի դա: Դուք, իհարկե, կարող եք ապրել անցյալով… բայց չարժե դա անել:
8. Ընդմիջեք աշխատանքը խիստ անհրաժեշտ հանգստով:
Երբեմն լավ է ամեն ինչ մի կողմ դնել ու մի լավ հանգստանալ, որպեսզի հետո ձեր աշխատանքին թարմ աչքերով նայեք: Երբ քամում եք ձեր միջի ամբողջ հյութը միայն նրա համար, որ արագ ավարտեք նախագիծը, ավելի մեծ է լինում սխալներ անելու հավանականությունը, ինչն իր հերթին՝ որակազրկում է ձեր աշխատանքի արդյունքը: Մի խոսքով` անընդհատ աշխատելը ձեզ ավելի շատ կվնասի, քան կօգնի:
Գրող Զեյթի Սմիթը մի անգամ ասել է. «Երբ ավարտում եք հերթական վեպը, ապա, եթե ձեզ շտապ գումար հարկավոր չէ, եթե անհրաժեշտ չէ նույն պահին այն վաճառել կամ հրապարակել, դրեք այն ձեր գրասեղանի դարակում և ձեռք մի տվեք այնքան ժամանակ, որքան կարող եք: Լավ խմբագրման գաղտնիքը պարզ է. պետք է գրողից վերածվեք այն ընթերցողի»: Այո, Սմիթը խոսում է գիրք գրելու մասին, բայց նրա խորհուրդը պետք է կիրառել ցանկացած աշխատանքի ժամանակ:
9. Լավ օրինակ ծառայեք:
Կարևորն այն չէ, ինչ դուք ասում եք, այլ այն, թե ինչպես եք ապրում: Իմացեք, ձեր կյանքում անպայման կան մարդիկ, ում համար դուք օրինակ եք ծառայում, և նրանք անընդհատ հետևում են ձեզ: Այդ մարդիկ սպունգի պես են. ներծծում են ձեր բոլոր գործողությունները կամ զգացմունքները և փորձում կրկնել դրանք: Հենց դրա համար են ձեր արարքներն ավելի կարևոր, քան ձեր ասածները: Հավատացեք, որ ձեր ամենօրյա քայլերով կարող եք փոխել և՛ ձեր, և՛ ձեզ շրջապատողների կյանքը:
Թող ձեր գործողություններն իրենք իրենց մասին խոսեն:
10. Անկեղծ ու բարի եղեք շրջապատի հանդեպ
Բարությունը խոսքերի մեջ վստահություն է ներշնչում, մտքերում պոզիտիվ է ստեղծում, իսկ երբ այն համադրվում է անեսասիրության հետ` սեր է ծնվում:
Բարությունը մեզ յուրաքանչյուր մարդու վրա ազդելու կարողություն է տալիս: Երբ թույլ չեք տալիս ճիշտ ճանապարհից շեղվել իրեն միայնակ ու կորած զգացող մարդուն, երբ հանգստացնում եք մեկին, ում պատել է թախիծն ու վիրավորանքը, երբ գրկում եք մեկին, ով կորցրել է վերջին հույսը… այդ պահին ոչ միայն օգնում եք, որ ապաքինվի այդ մարդու հոգին, այլև ուժ եք տալիս ինքներդ ձեզ:
11. Արտահայտեք ձեր սերը
Դուք ընդհանրապես պարտավոր չեք լինել կատարյալ, որպեսզի լինեք լավ ընկեր կամ սիրող անձնավորություն, բայց անձնական հարաբերությունները լուրջ պատասխանատվություն են պահանջում: Դրանք կարող են շարունակվել ամբողջ կյանքում, բայց միայն այն դեպքում, երբ դա ուզում են երկու կողմերն էլ, երբ նրանք պատրաստ են կռվել դրա համար և ջանասիրաբար աշխատել, որ այն պահպանվի: Բոլորովին պարտադիր չէ, որ ձեր սիրո արտահայտությունը լինի ինչ-որ անսովոր կամ էքստրավագանտ ձևով, բայց այն պետք է անկեղծ լինի: Իսկ անկեղծությունը հաճախ ոչ թե խոսքերում, այլ արարքներում է:
12. Օգնեք փոխել թեկուզ մեկ կյանք
Կարևոր չէ, թե որքան լուրջ ու անհաղթահարելի են ձեզ թվում կյանքի փորձություններն ու խնդիրները, և ինչքան աննշան եք թվում դրանց ֆոնին, իմացե՛ք, որ կարող եք փոխել այս աշխարհը: Այն, ինչ անում եք` կարևոր է, ինչքան էլ աննշան այն ձեզ թվա: Դրական փոփոխությունների մեծ մասը մարդու կյանքում պատահում է այն ժամանակ, երբ թեկուզ մի մարդ հոգ է տանում նրա մասին, հավատում ու խրախուսում է նրան:
Ուրեմն` դարձեք այդ մարդն ինչ-որ մեկի համար, և օրերից մի օր նա կդառնա նույնը ձեզ համար: