loading...

Հայաստանում ամենացուրտ գիշերը դեռ առջևում է. Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. Գագիկ Սուրենյան



Դիտումներ ` 320
Հայաստանում ամենացուրտ գիշերը դեռ առջևում է. Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. Գագիկ Սուրենյան

Օդի ջերմաստիճանի անկումը Հայաստանում կշարունակվի, և այս գիշեր երեկվա համեմատ կնվազի ևս 3-4 աստիճանով, ասել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը tert.am-ի հետ զրույցում:

Օդերևութաբանի խոսքով, ցածր ջերմաստիճանային ֆոնը և արտակարգ ցուրտ եղանակը հանրապետությունում կպահպանվի առաջիկա 5 օրերին:

«Այսինքն, ստացվում է, որ մեր կանխատեսածից մի բան էլ ցածր է լինելու ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում: Երևանի ցածրադիր գոտում և Արարատյան դաշտում այս գիշեր ջերմաստիճանն առանձին հատվածներում կհասնի մինչև -2-ից -23 աստիճանի, իսկ լեռնային առանձին հատվածներում՝ հատկապես Աշոցքում, որն ամենացուրտ գոտին է՝ կհասնի -30-35 աստիճանի»,-ասել է նա:

Սուրենյանը նշեց, թե իրենք ներկա պահին առանձնապես օդի ջերմաստիճանի բարձրացման միտում չեն տեսնում, քանի որ տարածաշրջանը՝ Կովկասը, արգելափակված է անտիցիկլոնային դաշտով, որն արգելափակում է բոլոր տեսակի տաք օդային հոսանքների ներհոսքը տարածք:

«Այսինքն՝ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 10-ից 13 աստիճանով, իսկ Աշոցքի շրջանում նորմայից ցածր է մինչև 15-16 աստիճանով: Նշեմ նաև, որ այս գիշեր Երևանում դիտվող -19-ից -20 աստիճան ցուրտը գերազանցել է մեր պատմության ընթացքում տվյալ օրը, այսինքն՝ դեկտեմբերի 18-ին երբևիցե գրանցված ամենացածր ջերմաստիճանը։ Վերջին անգամ -16 աստիճան ցուրտ եղել է 1975 թ-ին. իսկ այսօր ունեցել ենք -19-ից -20, այսինքն՝ ունեցել ենք ռեկորդային ցածր ջերմաստիճան Երևանի և Արարատյան դաշտի հատվածում»,-ասել է նա:

Սուրենյանը հիշեցրել է, որ հանրապետության ողջ տարածքում ջերմային շատ ցածր ֆոնի դեռևս ամենացուրտ գիշերն առջևում է: Ըստ Սուրենյանի, դա 18-ի լույս 19-ի գիշերն է, բայց Աշոցքի հատվածում արդեն արձանագրվել են շատ ցածր ջերմաստիճաններ՝ -30-ից -31: 

«Գյումրիի հատվածում մինչև -26, -27, Հրազդանի հատվածում՝ -25-26, մյուս լեռնային բնակավայրերում մինչև -20-25, իսկ Արարատյան դաշտում առանձին գոգավոր հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է -19-ից -20 աստիճանի: -19 աստիճան ցուրտ գրանցվել է նաև Երևանի ցածրադիր հատվածներում, այսինքն՝ Շենգավիթ, Էրեբունի շրջաններում, իսկ բարձրագույն գոտիներում օդի ջերմաստիճանը հասել է -15-16 աստիճանի»,-ասել է նա։
 




Անդրադառնալով ցածր գոտիներում գրանցված ցածր ջերմաստիճաններին՝ մասնագետը նշել է, որ պարզ գիշերներին և անտիցիկլոնի առկայության պայմաններում սառը օդն ունենում է մեծ խտություն և ջրի նման հոսում է դեպի Արարատյան դաշտի հատակային հատված:

«Դրանով է բացատրվում, որ պարզկա գիշերներին Երևանի ցածրադիր գոտում օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով ավելի ցածր է լինում, քան բարձրադիր հատվածներում»,-ասել է Սուրենյանը։ -0-

loading...

Փակել