ՊՆ երրորդ կորպուսի հրամանատար Գրիշա Խաչատուրովը վտանգ է բանակի, երկրի և զինվորի համար: Նրա ղեկավարած զորամասերում հանցագործությունների և զինվորների մահվան կասկածելի դեպքերի պակաս չկա: Իսկ «մահացողները» կարծես հատուկ «ընտրված» լինեն անապահով խավից. երևի «մահը» նրանց անձնական տվյալները «վերցնում է» հատուկ Խաչատուրովից:
Օրերս հոսպիտալում մահացած Ստեփան Ստեփանյանը Իջևանում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող էր, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ: aravot.am-ի տեղեկություններով՝ Ստեփանը ծնողներ չուներ: Ապրում էր տատիկի ու փոքր քրոջ հետ:
Գառնիի գյուղապետ Ահարոն Սահակյանը լրատվամիջոցին հայտնել է, որ զինվորին հուղարկավորել են 4-5 օր առաջ: Նա սոցիալապես անապահով ընտանիքից է: Ստեփան Ստեփանյանը եղել է 6 ամսվա զինծառայող:
Ինչ վերաբերում է զինվորի մահվան պատճառին, ապա գյուղապետի խոսքով՝ այն պարզ կլինի 40 օր անց, երբ ստացվեն վերցված անալիզների եզրակացությունները:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական ՍոնաՏռուզյանը չի նշել, թե ինչ հոդվածով է քրեական գործ հարուցվել: Նա ասել է,որ հարկ է իրենց դիմել գրավոր կարգով:
Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Ստեփանի հայրը տարիներ առաջ ինքնասպան է եղել, իսկ մայրը՝ թողել է ընտանիքն ու հեռացել:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին, երրորդ կորպուսի և հատկապես Տավուշի մարզի զորամասերում ականապայթյունների, սպանությունների, «ինքնասպանությունների» բազմաթիվ խայտառակ դեպքեր են եղել:
Եվ կլինեն, քանի դեռ Քննչական կոմիտեն չի բռնում իրական հանցագործների գլխից, Սերժ Սարգսյանն էլ բանակից դուրս չի շպրտում ապրիլյան պատերազմի գլխավոր մեղավորներից բիլիարդասեր, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն: Սա է իրական վտանգը, որը շուտով և սպասվող պատերազմից առաջ կարող է չոքել Սերժ Սարգսյանի դուռը...
Գրիշա Խաչատուրով