Արդեն մեկ ամսից ավել է՝ Երաևն քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չի կայանում Նորք Մարաշ վարչական շրջանում ԱԱԾ-ի կողմից բացահայտված «հանցավոր խմբի» գործով դատաքննությունը: Մեզ հետ զրույցում գործով փաստաբանները նշեցին, որ դատական համակարգը վախենում է գործով կալանավորված անձանց դատարան բերելուց:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ հայտնել էր, թե նիստերի չկայացման պատճառը մեղադրյալներից երկուսի վատառողջ վիճակն է:
Դատարանի նախագահը նաեւ նշել էր, թե վատառողջ ամբաստանյալներից մեկը Վահան Շիրխանյանն է: Սակայն Վահան Շիրխանյանի որդին` Գրիգոր Շիրխանյանն էլ հայտնել էր, որ սուտ են տեղեկությունները.«Ճիշտ է` հայրս առողջական խնդիր ունի, բայց նա պատրաստ է ներկա գտնվել դատական նիստերին»:
Եվ այսպես, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը «զինված հանցավոր» խմբի գործով գտնվում է կալանքի տակ, քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղղել, որտեղ պահանջում է, որ Սերժ Սարգսյանին բերեն դատարան, քանի որ Ժամանակը բացել է Սերժից պատասխաններ ստանալու էջը:
«Իմ 35 հատորանոց դատական գործում բացակայում է գլխավոր ֆիգուրանտը, որի անունը հարյուրավոր անգամ հիշատակվում է: Պահանջում եմ նրան ներգրավել, անմիջապես բերել դատարան: Դա Սերժ Սարգսյանն է:
-Ոչ միայն նրա համար, որ անձամբ իր հրամանով են ինձ կալանավորել:
-Ոչ միայն նրա համար, որ նրա անձնական հրամանով է ծրագրվել եւ իրագործվել այս սադրանքի գործը:
-Ոչ միայն նրա համար, որ իր Հայաստանակործան եւ հակահայ գործունեությամբ բազմաթիվ նվիրյալ հայորդիների մղել է երկիրը իրանից ազատելու դաշտը:
-Ոչ միայն նրա համար, որ ամայացրել է Հայաստանը: -Ոչ միայն նրա համար, որ իր կլանով պաշարել է Հայաստանը:
-Ոչ միայն նրա համար, որ երկիրը ծածկել է համատարած հետապնդման, գաղտնալսման եւ մատնիչության ցանցով:
-Ոչ միայն հոկտեմբերի 27-ի հրահանգման կոծկման համար:
-Ոչ միայն մարտի 1-ի կազմակերպման ղեկավարման եւ կոծկման համար:
-Ոչ միայն տասնյակ իբրեւ խանգարող դիմադրող գործիչների հանկարծամահ կամ սպանված լինելու համար, այլև նրա համար, որ հաջորդող որեւէ ղեկավարի մտքով չանցնի որդեգրել նրա աշխատաոճից որեւէ բան:
Ժամանակը բացել է Սերժից պատասխաններ ստանալու էջը: Քանի այս չի ավարտվել, եւ նա իր պատիժը չի ստացել, Սերժը եւ կլանը շանտաժի սաբոտաժի, սադրանքի, խարդավանքների միջոցով խանգարելու եւ վարկաբեկելու են ժողովրդի ընտրյալներին, պղտորելու եւ արժեզրկելու են ժողովրդի հաղթանակը:
Հ.Գ. Սերժի եւ կլանի շահերը ապահովող, տարիներ շարունակ իշխանական թալանի մսուրից սնվող «օրենսգիր-սահմանադրագետ» ճորտերը այնպիսի օրենսդրական եւ դատաիրավական համակարգ են ստեղծել, որտեղից արդարությունը եւ արդարադատությունը ի սպառ ոչնչացված են:
Ավելին` դատավորները, դատախազները այսօր էլ շարունակում են հլու- հնազանդ կատարել Սերժի հրամանները: Փաստերը Ձեր առաջ են, իրական է նաեւ Սերժի «ծնած-սնած» կադրերի ձգտումը, երկրում քաոսի ստեղծումը, երկիրը անկառավարելի դարձնելը»:
Վահան Շիրխանյանը բանտից՝ 18.05.2018 թվական։