Խորովածն ավանդական հայկական ուտեստ է: Այն սիրում են և երեխաները, և մեծերը, իսկ արտերկրյա հյուրերը պարզապես պաշտում են այն: Որպեսզի խորովածն ավելի համեղ լինի, այն պետք է մարինացվի: Ահա խոզի խորովածի մարինադի մի քանի տարբերակ:
Խոզի խորոված նռան սոուսով
Սոխ- 500գր
Խոզի միս- 1կգ
Նռան հյութ- 300մլ
Լոլիկ- 2 հատ
Կոնյակ- 1ճ գդալ
Աղ- 2ճ գդալ
Սև բիբար
1. Խոզի միսը լավ լվանալ, կտրատել, ամեն կտորին աղ ու բիբար քսել: Կտորները լցնել խորը տարայի մեջ: Սոխն օղակներով կտրատել և լցնել մսի վրա:
2. Մսի վրա լցնել նռան հյութն ու կոնյակը, ավելացնել այնքան ջուր, որ միսը ծածկի: Խառնել տարայի պարունակությունը, դնել սառնարան և սառեցնել 3 ժամ:
3. Բոլոր լոլիկները չորս մասի բաժանել: Շամփուրին հագցնել լոլիկի կտորը, միսը, սոխը: Շարքի վերջում պետք է լոլիկ լինի, այդ դեպքում միսն ավելի հյութալի կստացվի:
4. Միսը խորովել:
Խոզի խորոված քացախի սոուսով
Սոխ- 1կգ
Ջուր- 1.5լ
Խոզի միս- 2կգ
Քացախ- 3ճ գդալ
Աղ- 2ճ գդալ
Շաքարավազ- 2ճ գդալ
Սև բիբար
1. Միսը կտրատել, սոխն օղակների բաժանել: Խորը տարայի մեջ շերտերով դասավորել միսն ու սոխը, ամեն շերտի վրա սև բիբար ավելացնել:
2. Մարինադի համար խառնել քացախը, ջուրը, շաքարավազն ու աղը: Լցնել մսի վրա և սառեցնել ամբողջ գիշեր:
3. Շամփուրին շերտերով հագցնել միսն ու սոխը, խորովել:
4. Մատուցելուց առաջ մսի վրա մի փոքր գինի լցնել:
Խոզի խորոված սոխի սոուսով
Խոզի միս- 1կգ
Սոխ- 1կգ
Արևածաղկի ձեթ -100մլ
Կարմիր բիբար
Սև բիբար
Ռեհան
Ճաման
1. Միսը կտրատել փոքր խորանարդներով:
2. Սոխը քերել քերիչով և քամել հյութը: Շատ կարևոր է, որ սոխը չընկնի հյութի մեջ:
3. Ստացված հյութի մեջ լցնել միսն ու պահել 4 ժամ:
4. Քամել միսը, որպեսզի հյութը դուրս գա: Ավելացնել արևածաղկի ձեթն ու համեմունքները:
5. 5-10 րոպե «հունցել» միսը, որպեսզի համեմունքները ներծծվեն:
6. Խորովելուց 5-10 րոպե առաջ աղ ավելացնել:
7. Միսը խորովել: