loading...

Խոստովանություն Մոսկվայից. Ռուսաստանի մատն ապրիլյան պատերազմում



Դիտումներ ` 1194
Խոստովանություն Մոսկվայից. Ռուսաստանի մատն ապրիլյան պատերազմում

Եզրակացություններ արվել են եւ կարծում եմ այդպիսի դիսբալանս այլեւս թույլ չի տրվի, դեկտեմբերի 19-ին տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Զատուլինը նկատի է ունեցել ապրիլի պատերազմը եւ Ռուսաստանի սպառազինության մատակարարումն Ադրբեջանին:

ՌԴ Պետդումայի պատգամավորը փաստորեն խոստովանել է ապրիլյան պատերազմի հարցում Ռուսաստանի գեներացնող, խթանող դերակատարումը՝ տարածաշրջանում հավասարակշռության խախտման միջոցով: Անկասկած դրանում իր դերն է խաղացել Հայաստանի իշխանությունն ու քաղաքական դաշտը, որը բացարձակապես անկարող է գտնվել կատարել քայլեր, որոնք կզսպեին Ռուսաստանին:

Հետեւանքն այն էր, որ Ռուսաստանի ռազմա-քաղաքական աջակցությամբ Ադրբեջանը գնաց Արցախի դեմ ագրեսիայի, եւ միայն հայկական զինված ուժերը կարողացան զսպել դրա աղետալի ծավալումն ու նաեւ 100-ից ավելի կյանքի գնով վերականգնել ռազմա-քաղաքական հավասարակշռությունը:

Զատուլինը ներկայում հայտարարում է, թե այլեւս թույլ չի տրվի հավասարակշռության խախտում եւ պետք է մոռանալ դրա մասին, մոռանալ ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցության, Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինության վաճառքի մասին:



Մոռանալ այդ մասին, նշանակում է մոռանալ ապրիլի պատերազմի մասին, մոռանալ այդ պատերազմի ընթացքում զոհված 100-ից ավելի զինվորների մասին, որոնց կյանքի գնով նաեւ զինուժը վերականգնեց ռազմա-քաղաքական հավասարակշռությունն ու հանրային աջակցությամբ ստիպեց Ռուսաստանին «դասեր քաղել» եւ «եզրակացություն» անել, ինչպես ասում է Զատուլինը:

Ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցության մասին մոռանալը նշանակում է մոռանալ այդ ամենի մասին: Իսկ մոռանալ այդ ամենի մասին, նշանակում է վաղ թե ուշ կանգնել ռազմա-քաղաքական հավասարակշռությունը նոր կյանքերի գնով վերականգնելու անհրաժեշտության առաջ:

Ըստ այդմ, «հիշողությունը» տվյալ դեպքում հայկական հանրության համար ինքնիշխանության եւ անվտանգության առանցքային երաշխիք է ու գրավական: «Հիշողությունն» է, որ Ռուսաստանին կաշկանդելու է այնպիսի գործողությունների հարցում, որոնք կդառնան Ադրբեջանի նոր ագրեսիա սնուցելու աղբյուր:

Հայաստանի զինված ուժերի արձանագրած նոր իրավիճակն ու Հայաստանի հանրային գիտակցության ստեղծած ճնշումն է, որ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանին ստիպել է գնալ քաղաքականության նվազագույնը մարտավարական վերանայումների եւ Հայաստանի հարցում որդեգրել հրապարակային կամ լռելյայն մի շարք դիրքորոշումներ, որոնք համահունչ են Հայաստանի անվտանգության պահանջներին:


Միեւնույն ժամանակ, «հիշողության» հարցում կա իհարկե մի բավական նուրբ պահ, որը սակայն խորքային առումով ունի չափազանց կարեւոր նշանակություն: Բանն այն է, որ ապրիլյան պատերազմը պայթեցրեց Հայաստանում ռուսական քարոզչության մի շարք փուչիկներ, որոնց կրողները Կրեմլին համոզել էին սեփական տեղեկատվա-քարոզչական գործունեության արդյունավետության եւ անվրեպության հարցում, հավաստիացնելով, որ Հայաստանն այլեւս գրպանային է եւ զուրկ նվազագույն դիմադրունակությունից անգամ: Այդ հավաստիացման դիմաց տարաբնույթ այդ շրջանակները վարձատրվում էին շռայլորեն:

Հետապրիլյան իրավիճակը արգելակել է այդ բիզնեսը, ցույց տվել, որ այդ շրջանակները գործնականում բիզնես են արել թե Հայաստանի, թե նաեւ Ռուսաստանի շահերի հաշվին, քանի որ դրա հետեւանքով Մոսկվան բացի Հայաստանն անվերադարձ կորցնելուց, չէր ստանալու ոչինչ՝ այդ թվում ղարաբաղյան գոտում ներկայություն, որովհետեւ դա թույլ չէին տալու Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրանը՝ Արեւմուտքի չմիջամտության պայմաններում:

Քանի դեռ Հայաստանի հանրությունը «հիշում» է այն, ինչ կար ապրիլից առաջ, դրանով արգելակվում է նաեւ տարաբնույթ այդ շրջանակների շահեկան բիզնեսի վերականգնումը: Այդ իսկ պատճառով կա մեծ շահագրգռություն, որպեսզի Հայաստանի հասարակությունն արագորեն մոռանա ապրիլից առաջ եղածի մասին:

Հայաստանի հանրության հիշողությունը թանկ է նստում այդ շրջանակների վրա, իսկ Հայաստանի հանրության «ամնեզիան» շատ թանկ է նստելու Հայաստանի վրա:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/167049


loading...

Փակել