loading...

Խոսրովը հրդեհողի տեղն ու անունը



Դիտումներ ` 865
Խոսրովը հրդեհողի տեղն ու անունը

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ընթացքում թույլ տրվող չարաշահումների մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ հնչեց Դիլիջանում՝ ՏԻՄ խորհրդաժողովի ընթացքում, դարձել է հասարակական աշխույժ քննարկումների եւ հարցադրումների առարկա: Հանրությունը հարց է տալիս, թե ինչու՞ է իշխանությունը, իրավապահ համակարգը հանդուրժել այդ չարաշահումները, իմանալով դրանց մասին:

Հանրային հարցադրումների առատությունը ողջունելի է եւ անկասկած առողջ արձագանք է, պետության ընդհանուր առողջության գրավական:

Միեւնույն ժամանակ, այդ ֆոնին ուշագրավ է հանրային արձագանքը մեկ այլ հայտարարության առնչությամբ: Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը գրեթե սենսացիոն հայտարարություն արեց Խոսրովի արգելոցի հրդեհի կապակցությամբ, որը ամռանը մոտ մեկ շաբաթ գերլարված վիճակում պահեց պետությունը եւ կարող էր դառնալ հսկայական մասշտաբի աղետ, թե բնապահպանության, թե ընդհանրապես ազգային անվտանգության տեսանկյունից:



Արծվիկ Մինասյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ամերիկացի գործընկերները տրամադրել են արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ Խոսրովի արգելոցի հրդեհը բռնկվել է համաժամանակ երեք օջախներից, որոնք բավական հեռու են եղել միմյանցից՝ փոխազդելու համար:

Այդպիսով, երեք համաժամանակյա օջախների գոյությունը հուշում է, որ չափազանց մեծ է ոչ միայն մարդածին հանգամանքը, այլեւ դիտավորության հանգամանքը: Արդյոք հավանական է, որ լինեն պատահական երեք համաժամանակյա օջախ:

Բայց բնապահպանության նախարարի այդ հայտարարությունը՝ ամերիկացիների տրամադրած արբանյակային լուսանկարի եւ հրդեհի համաժամանակյա երեք օջախի մասին, չառաջացրեց հանրային քննարկումների եւ հարցադրումների բուռն ալիք, այդ թվում նաեւ քաղաքական ուժերի մասնակցությամբ: Որեւէ ուժ չցուցաբերեց այդ կապակցությամբ հարցադրումների առատություն եւ պերճախոսություն: 


Հանրությանը թե այն ժամանակ, թե այժմ կարծես թե այդքան էլ չի հետաքրքրում, թե ինչ փուլում է Խոսրովի արգելոցի հրդեհի մեղավոր հանդիսացող անձի անունը եւ գտնվելու տեղը պարզելու քննչական գործընթացը, իրավապահ համակարգը ե՞րբ կասի հրդեհողի անունը եւ վայրը:

Ինչ խոսք, գուցե ՏԻՄ պաշտոնյաների պետական մասշտաբով փոքր, սակայն անմիջական գողությունն ու չարաշահումները հանրային մաշկին շատ ավելի մոտ են, քան այրվող անտառը, արգելոցը: Մյուս կողմից, երկու հանցագործություններն անկասկած պետք չէ դնել համեմատության մեջ, ամեն մեկը յուրովի հարված է պետության անվտանգությանն ու զարգացմանը:

Բայց, միեւնույն ժամանակ, Հայաստանի հանրային օրգանիզմն ունի սպառնալիքները եւ պետության, հանրության դեմ կատարվող ոտնձգությունները համակողմանիորեն գնահատելու եւ արձագանքելու կարողության խնդիր, որպեսզի հարցադրումները հնչեն այդ համակողմանիությանը համարժեք:

http://www.lragir.am/index/arm/0/society/view/166549


loading...

Փակել