loading...

Խորհրդարանի լուծարման մեկնարկը տրված է



Դիտումներ ` 2235
Խորհրդարանի լուծարման մեկնարկը տրված է

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր չի մասնակցել Սարդարապատում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանում է տարածել այս կապակցությամբ:

«Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում։ Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում։

Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։ Այսպիսով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի, օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»,- հայտարարել է նա։

 



Այսպիսով` տոնական միջոցառումների տողատակում տեղի է ունեցել նշանային մի իրադարձություն, որը խորհրդանշորեն ազդարարում է գործող խորհրդարանի լուծարման մեկնարկը:

Թավշյա հեղափոխության կարևորագույն սկզբունքներից մեկն էր բացառիկ հարգանքը օրենքի, քաղաքական և պետական ինստիտուտների հանդեպ: Թերևս ավելորդ է ասել, որ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ խնդիրներից մեկը` հենց պետական ինստիտուտների, իշխանության մարմինների հանդեպ հանրության վստահությունը վերականգնելն է: Դրան են միտված նրա ամենօրյա ջանքերը, օնլայն շփումը հասարակության հետ, կառավարության կառուցվածքում օպերատիվ արձագանքման ինստիտուտների ստեղծումը:

Այս համատեքստում գործող խորհրդարանի ղեկավարության նկատմամբ նման վերաբերմունքը ցուցադրական քաղաքական ակտ է, որի միջոցով Փաշինյանը հստակ ակնարկում է, որ գործող խորհրդարանը դուրս է դնում պետական համակարգից, լեգիտիմության միջավայրից, այն իրավա-քաղաքական համատեքստից, որը նոր Հայաստանի արդյունք է:

 


ԱԺ ղեկավարության «դուրսգրումը» տոնական միջոցառումներից նաև` այսպես կոչված, հակակոռուպցիոն, հակաօլիգարխիկ պայքարի դրսևորում է: ԱԱԾ-ն այս օրերին ակտիվ հակակոռուպցիոն կամպանիա է իրականացնում, որի հիմնական ֆիգուրանտներից շատերը, անշուշտ, գործող խորհրդարանում են, որը դարձել է հեռացող քրեաօլիգարխիայի հիմնական պատվարը, խորհրդանիշը: Խիստ տրամաբանական է, որ անգամ տոնական առիթներով Փաշինյանը չի ցանկանում նոր Հայաստանի ձևավորող համակարգն ասոցացնել քրեաօլիգարխիայի հետ:

Եվ վերջապես` Նիկոլ Փաշինյանն այս քայլով հստակ ուղերձ է հղում հասարակությանը, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստումն իր կառավարության առաջնահերթությունն է:

Եթե խորհրդարանի ղեկավարությունն օտարված է պետական կարևոր միջոցառման նույնիսկ արարողակարգային հատվածից, ապա խորհրդարանի լուծարման գործընթացը, ըստ էության, մեկնարկել է:

http://www.1in.am/2360749.html


loading...

Փակել