loading...

Խաչատուրովի փոխարեն՝ անկյուն քշվեց Հայաստանը



Դիտումներ ` 801
Խաչատուրովի փոխարեն՝ անկյուն քշվեց Հայաստանը

Յուրի Խաչատուրովը, ով Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ է, նստա՞ծ է։ Իհարկե՝ ոչ, նա անազատության մեջ անցկացրեց ընդամենը երկու ժամ՝ մինչև որդին մուծեց հինգ միլիոն գրավը ու հորը տարավ տուն։ Ավելին՝ մի քանի օր հետո Խաչատուրովը լքեց Հայաստանը ու հարազատ Մոսկվայում զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ մինչև պաշտոնապես կձևակերպվի նրա հետկանչը։

Սկանդալային գատղնալսումից ակնհայտ է դառնում, որ Խաչատուրովը ցուցմունք էլ չի տվել, որովհետև ՀՔԾ պետը իր հայտնի զրուցակցին ասում է, որ Խաչատուրովին փակում են՝ նրան խոսեցնելու նպատակով(ակամայից հիշեցի, որ քաղմասում մարդ էին ծեծում՝ ցուցմունք կորզելու համար)։ Այլ խոսքով՝ Խաչատուրովը Հայաստանից հեռացել է՝ առանց նախաքննությանն օգուտ տալու, ու Սասուն Խաչատրյանը ու այն մարդիկ, որոնց հետ նա քննարկել է Խաչատուրովի հարցը, չեն կարող երաշխիք տալ, որ Խաչատուրովը վերադառնալու է Հայաստան։ Հավանաբար՝ ռուսները մի պատճառ կգտնեն Խաչատուրովին պահելու համար, ծայրահեղ դեպքում՝ կմոգոնեն քաղաքացիության առասպելը։ Մոսկվան սովորել է, որ պարբերաբար կարող է ապտակ հասցնել Հայաստանին՝ նրա իշխանությունից սկզբունքային հարցերում զիջում կորզելու նպատակով։ Մերոնք տվել են առիթը․ Լավրովի մի քանի «դոզայից» հետո Հայաստանը համաձայնեց զինվորական մասնագետներ ուղարկել Սիրիա։



Սակայն վերադառնանք Խաչատուրովին, որն, անշուշտ, պետք է պատասխան տա արդարադատության առաջ՝ տաս տարի առաջ գործած ոճիրի համար։ Սակայն եթե Հայաստանի կառավարությունը չառաջնորդվեր հեղափոխական հովերով, ապա առաջին հերթին նրան կզրկեր միջազգային կալիբրի գործչի կարգավիճակից, ապա նոր կհանձներ քննության դատին։ Սակայն Երևանում թերևս համարեցին, որ Հայաստանի հեղափոխությունը չեղարկել է նաև միջազգային հարաբերություններում ընդունված պրակտիկան ու Խաչատուրովի հարցով շոու բեմականացրեցին։ Տրագիկոմեդիան, սակայն, այն է, որ Հայաստանի իշխանությունները հետևողական չգտնվեցին Խաչատուրովին «փակելու» հարցում, ի վերջո՝ կատարելով այն, ինչ ուզում է Մոսկվան։

Սակայն թափթփվածությունն ու անհարկի շտապողականությունը հանգեցրեցին նրան, որ Խաչատուրովի դեպքը գործիք դարձավ Մոսկվայի ձեռքին՝ Հայաստանի նկատմամբ ֆորմալ հարթակում ճնշում գործադրելու նպատակով։ Ներքուստ համոզվածություն ունենք, որ եթե չլիներ Խաչատուրովի հետ կապված պատմությունը, միանգամայն հնարավոր էր բանակցել Մոսկվայի հետ՝ Միքայել Հարությունյանի արտահանձնումը կազմակերպելու համար։ Մի չմտածված քայլով՝ Հայաստանի իշխանությունները միանգամից կարող են կորցնել երկու կարևոր մեղադրյալ, քանի որ գրեթե համոզված ենք՝ Խաչատուրովը նույնպես չի վերադռանալու Հայաստան։ Հարց է առաջանում՝ ՀՔԾ՞-ն է «արջի ծառայություն» մատուցել Նիկոլ Փաշինյանին, թե՞ վերջինիս իմպերատիվ պահանջն է ծառայությունը կանգնեցրել փաստի առաջ։ Հայտնի սկանդալային հեռախոսազրույցի բովանդակությունն այս հարցի պատասխանը չի տալիս։


Սակայն Խաչատուրովի դեպքը վնասել է ոչ միայն Մարտի 1-ի գործի բացահայտմանը, այլ՝ էապես վնասել է հայ-ռուսական հարաբերությունները, ինչի դրսևորմանն ականտես կլինենք առաջիկա շաբաթներին, երբ Հայաստանը, մեծ հավանականությամբ, կզրկվի ՀԱՊԿ-ում նոր գլխավոր քարտուղար ունենալու հնարավորությունից։ Սակայն սա Հայաստանի կորստի միայն՝ այպես կոչված, այսբերգային հատվածն է։ Ամենավատն այն է, որ Հայաստանը ձեռք է բերել անվստահելի, անհարգալից երկրի համբավ ու պատահական չէ, որ Հայաստանի պետական սահմանի՝ օրեր շարունակվող ռմբակոծությանը, որևէ արձագանք չկա Մոսկվայից, ՀԱՊԿ անդամ որևէ երկրից կամ կազմակերպության գործադիր մարմիններից։

Խաչատուրովը չնստեց, ինչը, դատելով ՀՔԾ պետի խոսքից, էական հարված է Մարտի 1-ի գործի բացահայտմանը, սակայն Խաչատուրովի պատմությունը խորացրեց Հայաստանի մեկուսացումը եվրասիական ինտեգրացիոն կառույցներում։ Կասկածից վեր է, որ Ադրբեջանը հնարավորինս օգտագործելու է այն հանգամանքը, որ Հայաստանը կորցնում է նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Սա հրաշալի հասկանում է նաև Պուտինը։ Սակայն եթե նա անտեսի այդ հանգամանքը՝ Հայաստանին չաջակցելով նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում, ապա ստացվում է, որ՝ մեծ հաշվով, թքած ունի այն փաստի վրա, թե ինչ է կատարվում Հայաստանի պետական սահմանին։ Նման վիճակը «վաստակել» է Հայաստանի իշխանությունը՝ արտաքին քաղաքականությունը դարձնելով հեղափոխականության թիրախ։ Ավելորդ շահարկումներից խուսափելու համար՝ ևս մեկ անգամ արձանագրենք, որ մենք ևս անհրաժեշտ ենք համարում Խաչատուրովին պատասխանատվության ենթարկելը, բայց վստահ ենք, որ դա պետք է արվեր՝ համապատասխան ընթացակարգերն ապահովելուց հետո։ Այլապես ստացվեց, որ Խաչատորովի փոխարեն՝ անկյուն քշվեց Հայաստանը։

https://www.1in.am/2426585.html


loading...

Փակել