Սեպտեմբերի 11-ին ելույթ ունենալով նախընտրական հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ ժամանակ էր տվել Սաշիկ Սարգսյանին՝ գումարները վերադարձնելու համար: Նա ասել էր, որ միայն մի բանկային հաշվին Սաշիկ Սարգսյանն ունի 30 միլիոն դոլար: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը 1 շաբաթ ժամանակ էր տվել նաեւ Ռոբերտ Քոչարյանին, մյուս օլիգարխներին:
Սաշիկ Սարգսյանն արձագանքել էր ժամանակին, նշելով, որ իր այդ փողն անօրինական չէ, կոչ է արել վերացնել իր գույքի ու դրամական միջոցների կալանքը, եւ այդ պարագայում «հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով»:
Հետաքրքիր առաջարկ է, որով Սաշիկ Սարգսյանը փորձում է փրկել թե կառավարության, թե իր «դեմքը» ստեղծված վիճակի համար: Ընդ որում, սա ունիվերսալ առաջարկ է, որը կարող է վերաբերվել նաեւ մյուս օլիգարխներին: Նրանք դեռ չեն արձագանքել վարչապետի վերջնագրին:
Մյուս կողմից, սա փաստացի գործարքի առաջարկ է իրավական գործընթացի, «պառկեցնելու» եւ այլնի փոխարեն, «սիրո ու համերաշխության» յուրատեսակ մոդել:
Ըստ էության, այս առաջարկը հիմնված է այն հանգամանքի նկատառումով, որ նախկին վարչակարգի մոտ «թղթերով ամեն ինչ կարգին է», եւ դժվար է իրավական ճանապարհով ապացուցել գումարների օրինականության հարցը:
Ինչպե՞ս կարձագանքի կառավարությունն այս առաջարկին, եւ ո՞ր տարբերակը կընտրվի: Կա՞ հստակ ու հասցեական հաշվարկ, թե որքան է գողացվել պետությունից:
Մինչ այդ, օլիգարխները կարող են չսպասել եւ միանալ Սաշիկ Սարգսյանի առաջարկին, ավելին՝ կարող են հանդես գալ ասենք ինչ որ հատուկ ֆոնդ ձեւավորելու առաջարկով, որը կֆինանսավորի տարբեր նախագծեր: