loading...

Վե՛րջ ֆուտբոլային օլիգարխիային



Դիտումներ ` 1535
Վե՛րջ ֆուտբոլային օլիգարխիային

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մեծ թվով երկրպագուներ՝ «Հայրապետյան հեռացիր», «Ձեռքերդ հեռու մեր Շիրակից» ցուցապաստառներով, փակել են Գյումրի-Երևան ճանապարհի Ազատանի հատվածը՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։ Նրանք ՀՖՖ-ի կողմից հրապարակված ՈւԵՖԱ-ի նամակը, որով ՈւԵՖԱ-ն իբրև թե վարույթ է սկսել «Շիրակ»-ի դեմ Երևանի «Բանանց»-ի հետ պայմանավորված խաղ անցկացնելու վերաբերյալ, համարում են կասկածելի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջում են հրապարակել ՈւԵՖԱ-ի բոլոր նամակները Հայաստանում տեղի ունեցած պայմանավորված խաղերի վերաբերյալ:

Ցուցարարները Ռուբեն Հայրապետյանից պահանջում են կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի` հայցի ապահովման կարգով ժամանակավորապես արգելվել է նվազեցնել «Շիրակ»-ի միավորները:

Այս օրերին ֆուտբոլը դարձել է այն դաշտը, որտեղ քրեաօլիգարխիան համառորեն դիմադրում է նոր Հայաստանի իրողություններին:

 



ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նախկինի պես շարունակում է բեսպրեդելը` ըստ էության, միանձնյա կամայական որոշելով, թե որ թիմն է դառնալու Հայաստանի չեմպիոն: Ակումբները և նրանց նախագահները պետք է անցնեն Հայրապետյանի «թրի տակով» կամ հայտնվում են նրա «սև ցուցակում»: Այն ինչ կատարվում է «Շիրակի» հետ` ասվածի լավագույն դրսևորումն է, երբ ՀՖՖ նախագահը փորձում է կոտրել կայացած ու ավանդույթներ ունեցող թիմի ողնաշարը:

Ռուբեն Հայրապետյանն, առանց հիմնավոր փաստերի, «Շիրակին» մեղադրում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ` այն դեպքում, երբ ՀՖՖ-ում նրա նախագահության ողջ շրջանում առաջնությունները եղել են, ըստ էության, պայմանավորված` Հայրապետյանի քմահաճույքների և սուբյեկտիվ ընկալումների հետևանքով:

Ռուբեն Հայրապետյանի խնդիրը երկշերտ է` իր գլոբալ և լոկալ հարթություններով: Հայաստանում քրեաօլիգարխիան մայրամուտ է ապրում, համենայն դեպս` այսօրվա կառուցվածքով ու ստատուս-քվոյով: Ինչքան էլ ազդեցիկ լինեն Հայրապետյանի փողերն ու կապերը, նա ակնհայտորեն երկար դիմադրել չի կարող, որովհետև հայկական ֆուտբոլը վերահսկում է բացառապես քրեաօլիգարխիայի հին, այլևս գոյություն չունեցող ստատուս-քվոյի և քվոտաների հաշվին:

 


Հայկական ֆուտբոլը տարիներ շարունակ եղել է հենց համակարգում Հայրապետյանի «փայը»: Այս տրամաբանությունը հուշում է, որ ֆուտբոլը Ռուբեն Հայրապետյանի ճանկերից կարող է ազատագրվել հակակոռուպցիոն, հակաօլիգարխիկ գործընթացի հետևանքով:

Մյուս կողմից` ֆուտբոլն ամենամասսայական խաղերի մեկն է. չի կարող քաղաքացիական վերելքի վրա գտնվող հասարակությունը, որը երկրում տապալել է Սերժ Սարգսյանի անփոխարինելի թվացող իշխանությունը, հանդուրժել մինի «Սերժ Սարգսյանի» ավտորիտար ներկայությունը ֆուտբոլային աշխարհում:

Թավշյա հեղափոխությունը նոր ստիմուլ, մոտիվացիա պետք է հաղորդի մեր ազգային հավաքականին, և հասարակությունը հետամուտ է, որպեսզի այդ հաջողության ճանապարհից հեռացնի գլխավոր խոչընդոտը:

Շիրակցիների այսօրվա ակցիան բազմաշերտ է` քաղաքական, մարզական, բարոյական, սակայն, մեծ իմաստով, սնվում է թավշյա հեղափոխության ակունքից և դատապարտված է հաղթանակի:

http://www.1in.am/2360260.html


loading...

Փակել