Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ բանակցությանն Արցախի մասնակցությունը պահանջելը կնշանակի վերջ դնել խաղաղ գործընթացին: Մամեդյարովը այդպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտում արած հայտնի հայտարարությանը: Նա ասել է, որ Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպմանը նրանց հայտնել է այդ մասին:
Մամեդյարովի հայտարարությունն ահաբեկման հետեւանք է, ու նրան վախեցրել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը, որը Փարիզում համանախագահների հետ Մամեդյարովի հանդիպումից հետո կոշտ գրառում էր արել սոցցանցերում: Նա «պարտվողական» էր գնահատել այն, որ Փաշինյանի հայտարարությունից հետո Մամեդյարովը հանդիպում է համանախագահների հետ եւ խոսում բանակցություններից:
Էլմար Մամեդյարովը ակնհայտորեն արդարանում է, իհարկե ոչ թե Զուլֆուղարովի առաջ, այլ թերեւս ավելի լայն՝ Ադրբեջանի ներիշխանական համատեքստում, որտեղ տեւական ժամանակ է ընթանում է նկատելի դիմակայություն ռազմատենչության եւ դիվանագիտության միջեւ: Մամեդյարովը ադրբեջանական «բազեների» թիրախում է եւ ընդ որում վաղուց:
Ավելին, բացառված չէ, որ նա վաղուց հրաժեշտ տված կլիներ իր պաշտոնին, եթե չլիներ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի աջակցությունը:Կարծիքները տարբեր են, թե արդյոք Ադրբեջանն այդպիսով իրապես ներիշխանական երկփեղկման ու լուռ դիմակայության մեջ է, թե՞ երկդիմի խաղ է խաղում միջազգային հանրության հետ: Սակայն հազիվ թե այդ խաղը ունենա հեռանկար եւ հնարավոր լինի այդպես խաբել միջազգային ուժային կենտրոններին:
Այդ տեսանկյունից ուշագրավ էր Ադրբեջանի անկախության օրվա առիթով ԱՄՆ նախագահ Թրամփի շնորհավորանքն ու դրա մեջ անդրադարձը արցախյան խնդրին: ԱՄՆ նախագահը Ալիեւին հայտնում էր, որ հույս ունի, թե առաջիկա ամիսները կբերեն կարգավորման հասնելու հնարավորություն: Թրամփը հայտարարել էր, որ դա ավելի կսերտացնի Ադրբեջանի եւ ԱՄՆ գործակցությունը:Թրամփի հայտարարությունը Հայաստանում ընդունվել է տագնապով, թե առաջիկա ամիսներին այդ ի՞նչ է սպասվում, որ պետք է բերի կարգավորման: Տագնապի պատճառն էլ հասկանալի է, քանի որ այդ հարթության վրա կարգավորում ասելով նկատի են առնվում մադրիդյան սկզբունքները, որոնք չեն բխում Հայաստանի եւ Արցախի շահից ու անվտանգությունից:
Իրականում Թրամփի հայտարարությունն ուշագրավ է այլ համատեքստում: ԱՄՆ նախագահը խոսում է առաջիկա ամիսների մասին: Իսկ առաջիկա ամիսներին, ըստ այսպես ասած հերթականության, պետք է տեղի ունենար Ադրբեջանի նախագահի հերթական ընտրությունը՝ հոկտեմբերին: Սակայն Ալիեւն անսպասելի առաջ բերեց դրանք վեց ամսով եւ արտահերթ անցկացրեց ապրիլին: Ինչի՞ց էր խուսափում Ադրբեջանի նախագահը, որ չհամբերեց մինչեւ հոկտեմբեր: Եվ արդյոք ԱՄՆ նախագահը, ակնարկելով առաջիկա ամիսների մասին, Ալիեւին մեսիջ է հղում, որ հոկտեմբերը ապրիլ տեղափոխելը նրան թերեւս չի օգնի խուսանավել կամ խուսափել այն ռիսկերից, որ զգում էր Ալիեւը հոկտեմբերի համար:
ԱՄՆ նախագահն ասում է, որ առաջիկա ամիսները կբերեն «կարգավորման հնարավորություն», ինչը ավելի կսերտացնի ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունը: Ասել կուզի, եթե տեղի չունենա այն, որին «սպասում» է ԱՄՆ-ն Ալիեւից, ապա դա լավ չի լինի ԱՄՆ-Ադրբեջան հարաբերության համար, այսինքն լավ չի լինի Ադրբեջանի համար:
Իսկ ԱՄՆ դեռեւս 2016 թվականի Վիեննայից սպասում է հրադադարի պահպանման մեխանիզմների եւ հետաքննության հնարավորության շուրջ համաձայնության, որն իսկապես կլինի երկարատեւ կարգավորման տարբերակ՝ գործող ստատուս-քվոյի շրջանակում, որովհետեւ Մինսկի խմբի համանախագահները 2016 թվականին հստակ տեսան, որ ստատուս-քվոն փոխելու տարբերակով երկարատեւ կարգավորում լինել չի կարող, դա առավելագույնը կարող է լինել նոր պատերազմի երկարատեւ նախապատրաստություն:ԱՄՆ-ն զգուշացնում է Ալիեւին: Ինչ տեղի կունենա նրա հետ մի քանի ամիս անց, եթե Ալիեւը չարդարացնի Վաշինգտոնի սպասումը իրավիճակի երկարատեւ կայունացման ուղղությամբ:
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/177196