Տասնմեկամյա տղան, որի ծնողներն ու քույրը մահացել են Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, հոգեբանների օգնությամբ իմացել է ողբերգության մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի դեռահասների հետ աշխատելու գծով գլխավոր հոգեբույժ Աննա Պորտնովային։
«Հարազատներն ու բժիշկները չէին կարողանում հաղթահարել վախը երեխային այդ մասին հայտնելու համար, նրանք վախենում էին երեխայի ծանր արձագանքից, չգիտեին՝ ինչ բառեր ընտրել լուրը հայտնելու համար։ Երկարատև աշխատանքից հետո մենք ընտրեցինք ճիշտ վարքագիծ, մարտավարություն՝ ինչպես խոսել երեխայի հետ...»,- ասել է նա։
Մահից առաջ տղայի հայրը նետել էր նրան պատուհանից՝ երեխայի կյանքը փրկելու համար, ինչի հետևանքով տղան լուրջ վնասվածքներ է ստացել։ Երեխան ունի տատիկներ, նրանցից մեկն էլ կդառնա նրա խնամակալը։