loading...

Թոխմախի Մհերը վերադառնո՞ւմ է. Էրեբունին տագնապի մեջ է



Դիտումներ ` 1081
Թոխմախի Մհերը վերադառնո՞ւմ է. Էրեբունին տագնապի մեջ է

Էրեբունի վարչական շրջանում բնակիչները անհանգստացած են. պառճառը շրջանառվող լուրերն են, թե Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) ցանկանում է վերադառնալ քաղաքական դաշտ: Վարչական շրջանի բնակիչներին մտահոգում է փաստը, որ Մհեր Սեդրակյանն իր դիրքերը ամրապնդելու առաջին փորձն արդեն արել է՝ Մանյա Ղազարյանին համար 63 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով: Թեև քաղաքապետարանի պաշտոնական էջից մենք տեղեկացանք, որ Մանյա Ղազարյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է, բնակիչները մտավախություն ունեն, որ վերջինս շարունակելու է պաշտոնավարել:

Մանյա Ղազարյանը պաշտոնից ազատել էր Էրեբունի վարչական շրջանի նոր ղեկավարի նշանակումից հետո, այսինքն՝ 2017 թվականի սկզբին: Իսկ մինչ այդ երկար տարիներ նա եղել է թիվ 63 մանկախարտեզի տնօրեն: Իսկ ի՞նչ կապ ունի Մանյա Ղազարյանը Մհեր Սեդրակյանի հետ: Մեր աղբյուրի հավաստմամբ, Մանյա Ղազարյանը Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) մտերիմներից է: Ղազարյան-Սեդրակյան հարաբերությունների վրա մեծ ազդեցություն ունի Մանյա Ղազարյանի եղբայրը՝ Բաբկեն Ղազարյանը (Բաբոն), ով զբաղեցնում էր Արարատյան մաքսատան պետի պաշտոնը: Բաբկեն Ղազարյանը Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի մտերիմ ընկերն է:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Մհեր Սեդրակյանը թիվ 17 դպրոցի տնօրենին աշխատանքից հեռացրել էր տվել, քանի որ տնօրենը դիտողություն էր արել Բաբկեն Ղազարյանի քրոջորդուն՝ դասի ընթացքում բջջային հեռախոսով խոսելու համար:



Ըստ մեր աղբյուրի՝ Մանյա Ղազարյանի վերադարձից հետո Մհեր Սեդրակյանը փորձելու է Էրեբունու թաղապետարանում կրկին իր կադրերին աշխատանքի տեղավորել: «Խոսակցություն կա, որ Մանյա Ղազարյանի ամուսնուն՝ Արամ Մաճկալյանին ուզում են թաղապետ նշանակել: Էդ մարդը թաղապետարանի կոմունալ բաժնի պետի տեղակալի պաշտոնն ա զբաղեցրել, հիմա ուզում են առաջ տանել»:

Հատկանշական է, որ Մհեր Սեդրակյանի մտերիմների նախկին պաշտոններին վերադառնալուն հետ անուղղակի կերպով կապվում է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի անունը: Բանն այն է, որ Վանեցյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Բաբկեն Ղազարյանի հետ: Պատահական չէ, որ Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի հետ Մանյա Ղազարյանը համատեղ բիզնես է ունեցել: 2014-ի հոկտեմբերին Գագիկ Վանեցյանը Երևանի բնակիչներ Արմեն Պեպանյանի և Մանյա Ղազարյանի հետ հիմնել է «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ն: 100.000 դրամ կապիտալով ընկերությունը գրանցվել է Ղազարյանի հասցեում, սակայն 2016-ին վերջինս դուրս է եկել ՍՊԸ-ից, և այժմ դրա 60 տոկոսը պատկանում է Վանեցյանին, իսկ 40-ը՝ Պեպանյանին:

Ի սկզբանե տնօրենը եղել է Վանեցյանը, սակայն 2015-ին նրան փոխարինել է նույնպես երևանցի Արթուր Արշավիրի Գրիգորյանը: Հին կադրերը վերադառնում են, ինչը մտահոգում է Էրեբունի վարչական շրջանի բնակիչներին: Վերջիններս դեմ են Մանյա Ղազարյանի՝ մանկապարտեզի տնօրենի պաշտոնում նշանակմանը: «Մենք պատրաստվում ենք դիմել վարչապետին և եթե դրական արդյունքի չհասնենք, ապա փակելու ենք փողոցները: Մենք չենք ուզում, որ Թոխմախի Մհերի իշխանությունը նորից հաստատվի Էրեբունիում», նշում են բնակիչները:

 


Հավելենք, որ 2014 թվականին Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ, մայրաքաղաքի թիվ 63 մանկապարտեզի տնօրեն Մանյա Ղազարյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը, որը կիրառվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների կողմից քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված ահազանգի ուսումնասիրման արդյունքում:

Չնայած այս ամենին, դժվար չէ կռահել, որ Մանյա Ղազարյանը կշարունակի պաշտոնավարել համար 63 մանկապարտեզում՝ ունենալով աջակցություն երկու բևեռներից, իսկ թե էլ ինչ փոփոխություններ կարող են լինել թաղապետարանում, մենք փորձեցինք պարզել՝ զրուցելով թաղապետարանի ընդունարանի աշխատակիցների հետ, ովքեր փորձեցին խուսափել մեր հարցից՝ կադրային փոփոխություններ լինելո՞ւ են, թե՞՝ ոչ: Նրանք միայն ասացին, որ լսել են այն, ինչ և մենք:

Նարե ԳՆՈՒՆԻ

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել