Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ դիմեց վարչապետին` նշելով, որ դա գործարար հանդիպում է, ոչ թե հանրահավաք, ուստի կարելի է խոսել թվերից:
«Մենք կարող ենք շատ բան խոսել, բայց բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն: Ի՞նչ կարող եք անել, որ մեր երկրում, որի ապագայի համար բոլորս ենք անհանգստանում, լինի կանխատեսելիություն»,- հարց ուղղեց նա:
Արձագանքելով` Փաշինյանն իր զարմանքն արտահայտեց, որ ժամանակ առ ժամանակ առաջ է գալիս Հայաստանում կայունության թեման:
«Տեղի է ունեցել հեղափոխություն, այդ ընթացքում Հայաստանի կայունությունը ոչ մի րոպե չի խաթարվել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ խոսում են անկայունության, քաղաքացիական պատերազմի մասին. այդ ինչի՞ մասին է խոսքը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ է պատկանելու, ուզում եք՝ ինձ ցմահ միապե՞տ հայտարարեմ, որ ասեք` կայունություն կա»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց` կայունության գործոնը լինելու է այն, որ ժողովուրդն է որոշելու՝ ով լինի իշխանության: Նա ընդգծեց` եթե լինեն ուժեր, որ ցանկանան անկայունություն մտցնել, այդ ուժերն իրենց պատասխանը կստանան միարժեք և աներկբա:
«Թող որևէ մեկը դրանում չկասկածի: Հետո լաց կլինեն, կասեն՝ քաղբանտարկյալ ենք և այլն, բայց մեզ իրենց լացը չի հետաքրքրում: Որևէ մեկը չի կարող Հայաստանում անկայունություն մտցնել, ես դա ձեզ երաշխավորում եմ: Ընդ որում` անկայունություն ասելով նկատի ունեմ ապօրինի որևէ գործունեություն: Բոլորը ազատ են օրենքով սահմանված քաղաքական գործունեություն իրականացնել, մենք այդ հնարավորությունը տալիս ենք, բայց կոկորդիլոսի արցունքներ պետք չէ թափել, ասել` մենք Ռուսաստանի բարեկամն ենք, մեզ բան են ասում: Ռուսաստանի բարեկամը հայ ժողովուրդն է ու Հայաստանը, թող որևէ մեկը իրեն չհամարի Ռուսաստանի էքսկլյուզիվ բարեկամը Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց վարչապետը:
Հարցին` ինչով կարող են իրենք օգնել Ռուսաստանի հայ համայնքին, վարչապետը պատասխանեց, որ իրենք օգնում են ամենակարևոր բանով, այն է` համայնքին չեն բաժանում «մերոնքականների» և «ձերոնքականների», չեն ասում՝ «համայնքի այս խումբը մեր ընկերն է, մյուսները մեր ընկերները չեն, եկեք, լծակներ օգտագործենք, մի խումբը ուժեղանա, մյուսը թուլանա»:
«Բոլորը մեր բարեկամներն են, սա ամենամեծ բարեկամությունն է Ռուսաստանի և որևէ այլ երկրի Սփյուռքին: Նախկինում Հայաստանի կլանային պատերազմները տեղափոխվել են Սփյուռքի մակարդակ, դա է եղել խնդիրը, հիմա Հայաստանում չկա խմբավորում, հետևաբար այդ միջկլանային պայքարը չի տեղափոխվում համայնք: Սա է մեր ամենամեծ աջակցությունը: Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինել աշխատանքի տրամաբանությամբ: Մենք մերժում ենք այն Հայաստանը և այն քաղաքացուն, որը ձեռք պարզածի կարգավիճակում է»,- նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե որն է Հայաստանում ամենաշահութաբեր բիզնեսը, Փաշինյանը դիմեց Ռուբեն Վարդանյանին, կոչ արեց այդ հարցում օգնել իրենց, նաև թվեր-հաշվարկներ ներկայացնել: