Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառվել է դեղատամոսով դեղեր գնելու մասին կառավարության որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ որոշումը բազմաթիվ քաղաքացիների կողմից խիստ քննադատության էր ենթարկվել, բազմաթիվ խնդիրներ առաջացրել հատկապես փոքր երեխաներ ունեցող ծնողների շրջանում:
Նշվում է, որ որոշման կիրառման ընթացքում առաջացած խնդիրներից խուսափելու և աստիճանական անցման ժամանակացույց ներդնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կասեցնել կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը:
Մեր երկրի առողջապահական համակարգի նոր մարտավարության հիմքն այսօր միայն գանձումներն են: Հեղափոխական այս մոտեցման կնքահայրերը ամեն օր մի նորամուծություն են կատարում և պնդում, թե մենք պիտի նմանվենք քաղաքակիրթ աշխարհին և առողջություն ասվածը թանկ հաճույք է:
Թե ինչ տվեց շարքային քաղաքացիներին նախարարի այս որոշումը՝ հասկանալի է՝ ավելորդ քաշքշուկ, հերթերի մեջ ժամանակի մսխում, սոցիալական նոր բեռ:
Ի՞նչ էր սա՝ եթե ոչ տեռոր սեփական ժողովրդի հանդեպ: Կառավարությունը կասեցնում է իր իսկ որոշումը, մինչդեռ նախարարն իր նախագծի թերությունների համար անգամ պատասխանատվության չի ենթարկվի, ուր մնաց՝ հրաժարական տա:
Գուցե հայտարարեն, որ մասնագետներն են նախարարին թյուրիմացության մեջ գցել, չէ՞ որ Ալթունյանը, զգալով իր որոշման հետևանքները, շտապել էր նախագծի ողջ հոյակերտությունը պայմանավորել մասնագետների կատարած աշխատանքով և խորհրդատվությամբ: Հայաստանում ընդունված չէ գոնե հետին ամսաթվով սեփական սխալները խոստովանելը, որովհետև խոստովանությունն իր հերթին պատասխանատվություն կբերի, իսկ կորուստների համար ոչ ոք հատուցել չի ուզում: Լևոն Ալթունյանը` հատկապես: