«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույցեր են ընթանում ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով:
Ցուցարարները երեկ փակել էին ոչ միայն քաղաքապետարանին հարող փողոցները, այլև հենց քաղաքապետարանի բակի դարպասները, որպեսզի Մարգարյանը մեքենայով չկարողանար հեռանալ` ստիպված լինելով իրենց հետ հանդիպել: Բայց Տարոն Մարգարյանն այդպես էլ «դուրս չեկավ» քաղաքապետարանից:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` Տարոն Մարգարյանի ինքնավստահության պատճառը վերջերս Սերժ Սարգսյանից ստացած «քարտ բլանշն է». Սարգսյանը նրան, նաև մի շարք ընտրովի այլ պաշտոնյաների ասել է, որ հրաժարական չտան` շարունակելով պաշտոնավարումը:
Մինչ այդ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Մարգարյանը ներքին հրահանգ է իջեցրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների՝ դպրոցների, պոլիկլինիկաների, մանկապարտեզների ղեկավարներին, որպեսզի աշխատակիցներն ի պաշտպանություն իրեն հանրահավաքներ անցկացնեն:
Միայն թե որքան ավելի շատ են կոռումպացված ՀՀԿ-ականները նման քայլերի դիմում, այնքան ավելի ողորմելի տպավորություն են թողնում. ի վերջո, Մարգարյանի ղեկավարած կառույցում կոռուպցիոն դրսևորումների մասին պատմություններով որևէ մեկին չես զարմացնի»: