Երևանի ավագանու նիստում այսօր աղմկոտ միջադեպ գրանցվեց, “Երկիր ծիրանի” խմբակցության անդամները փորձեցին ապակե տարայով ինչ-որ նյութ լցնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղղությամբ:
Ավագանու նիստում «Երկիր ծիրանիի» անդամները դիմակներ բաժանեցին ներկաներին, իրենք էլ հագան դիմակներ և ապակե բանկայով ինչ-որ նյութ ձեռքներին փորձում էին մոտենալ Տարոն Մարգարյանին:
Պարզվեց, որ դա Նուբարաշեն վարչական շրջանից վերցված կոյուղաջրերն են, որոնց գարշահոտության դեմ երեկ բողոքի ակցիա էին անում Նուբարաշենի բնակիչները:
«Դեմը առ, դեմը, շուտ շուտ»,- իր ենթականերին հորդորեց Տարոն Մարգարյանը: Այնուհետև խառնաշփոթ սկսվեց, ավագանու ՀՀԿ-ական անդամները «Երկիր ծիրանիի» կանանց հրելով ու վիրավորելով դուրս հանեցին դահլիճից:
Սակայն նրանք հասցրեցին տարայի պարունակությունը լցնել Տարոն Մարգարյանի սեղանի ուղղությամբ:
«Կիսլատա է, չի կարելի»,- գոռգոռում էին ավագանու անդամները: Հայտարարվեց, որ ոստիկանություն է կանչվում: Ավագանու ՀՀԿ-ական անդամները մի քանի անգամ ուժեղ ապտակեցին «Երկիր ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին: