Հայաստանի իշխանությունները ֆինանսավորման նոր աղբյուրների փնտրտուքի մեջ են: Հայաստանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ-ի 60 տոկոսին, ինչը նշանակում է, որ Հայաստանը դժվար թե կարողանա նոր վարկեր վերցնել, միջազգային ֆինանսական կառույցները չեն ցանկանում ֆինանսավորել մի երկիր, որը փաստացի դեֆոլտի շեմին է: Միակ հույսը մնում են անհատ ներդրողները: Հայաստանի տնտեսության կառուցվածքը և հատկապես դրա մենաշնորհային-օլիգարխիկ էությունը հաշվի առնելով, դժվար է մտածել, որ կգտնվի ինչ որ մոլորյալ ներդրող, որը կցանկանա ռիսկի ենթարկել իր միջոցները, որքան էլ կառավարությունը հայտարարի երկրում իդեալական ներդրումային միջավայրի ձևավորման մասին: Մնում է հավատալ, որ ներդրումներ կլինեն անձնական կապերի և երաշխավորների շնորհիվ:
Երբ 2016թ. սեպտեմբերին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, նրա նշանակումը կապվեց Ռուսաստանում և հատկապես ռուսաստանահայեր գործարարների շրջանում ունեցած բարձր հեղինակության հետ: Կարեն Կարապետյանը պետք է լիներ այն պաշտոնյան, որի տված անձնական երաշխիքի շնորհիվ ռուսահայ գործարարները պետք է ներդրումներ կատարեին Հայաստանում, ակտիվացնելով Հայաստանի տնտեսական կյանքը: Կարեն Կարապետյանի հետևում բոլորը տեսնում էին Ռուսաստանի ամենահաջողակ հայ գործարար Սամվել Կարապետյանին, և հույս ունեին, որ Կարապետյանի նշանակումից հետո Հայաստանում ներդրումային բում կսկսվի:Վարչապետ Կարապետյանը 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծեց Ներդրողների ակումբ, որին անդամակցում էին առավելապես ռուսահայ գործարարներ և մեծահարուստներ՝ նույն Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ևս ընթացավ ներդումների ապահովման մրցավազքում: ՀՀԿ-ի հիմնական մրցակից «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր հաղթանակի դեպքում կապահովի 15 մլրդ դոլարի ներդրում, իսկ ՀՀԿ քարոզչաթիմը ղեկավարող վարչապետ Կարապետյանը խոսում էր 3․2 մլրդ դոլարի խոստման մասին: ՀՀԿ-ն պաշտոնապես հաղթեց, բայց ընտրություններից գրեթե 1 տարի անց պարզ է, որ ոչ մի ներդրում էլ չի արվել ու չի էլ արվելու:
Ռուսահայերը միամիտ մարդիկ չեն, նրանք չեն մտնի այնտեղ, որտեղ ոչ միայն հնարավոր չէ փող աշխատել, այլ մեծ է հավանականությունը, որ կարող են կորցնել աշխատած փողը: Սամվել Կարապետյանի պարագան մի փոքր այլ է, նա ներդրումներ է արել այնպիսի երաշխավորված բիզնեսում, ինչպիսին Բաշխիչ ցանցերն են: Հայաստանում դրանից ընդամենը մեկ հատ է, և չես կարող մյուսներին ասել, թե եկեք ներդրումներ արեք, բայց հայտնի չէ, թե որտեղ: Ռուսաստանի հայերը սովոր են փող աշխատել պետական պատվերների ու տենդերների վրա, մեկին առնվազն երկու հարաբերակցությամբ, երբ չկա բացարձակապես որևէ ռիսկ կամ վտանգ: Պետությունը հարյուր միավոր է տալիս ճանապարհ կամ շենք կառուցելու համար, դրա մեկ երրորդը գնում է շինարարությանը, մյուսը՝ մրցույթ կազմակերպողին, մնացածը իրենց: Հայաստանում այդպիսի մեծ մրցույթներ չկան, իսկ եղածն էլ բաժանված է, ու վերաբաժանման ոչ մի ցանկություն: Կարելի է ասել, որ Կարեն Կարապետյանից ներդրում ապահովող չստացվեց, ու չէր էլ կարող ստացվել, դա տապալված պրոյեկտ էր ի սկզբանե: Միակ բանը, որ հաջողվել է՝ Գյումրիում մի քանի շենք կառուցելն է, բայց դա նույնիսկ Հայաստանի պայմաններում այնքան չնչին է, որ լուրջ տնտեսական էֆեկտ չի կարող առաջացնել:
Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին նախագահ դարձնելու հետևում ևս կարելի է տնտեսական ինչ-որ հաշվարկ տեսնել: Շատ է խոսվում այն մասին, որ նա լուրջ կապեր ունի ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ այլ երկրների գործարար շրջանակների հետ: Սարգսյանը գուցե և հաջողակ բիզնեսմեն է, բայց թե նախագահի պաշտոնը նրան հանձնելը ինչ տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար, խիստ մշուշոտ է: Դժվար է հավատալ, որ Սարգսյանը պետք է իր բիզնես գործընկերներին համոզի բազմամիլիարդանոց ներդրումներ անել Հայաստանում: Մինչև այժմ Սարգսյանի բիզնես հետաքրքրությունները Հայաստանում սահմանափակվել են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմամբ: Հայաստանի հանքահումքային արդյունաբերությունը արդեն բաժանված է, և այստեղ նոր խաղացողների անհրաժեշտություն չկա: Արմեն Սարգսյանը իրեն չի դրսևորել որպես արդյունաբերող կամ բարձր տեխնոլոգիական ընկերության հիմնադիր ու սեփականատեր, և դժվար է նրան համարել նոր բիզնես մշակույթի կրող, որը նա պետք է ներմուծեր Հայաստան: Իսկ հանք շահագործելը և հանքաքարից ոսկի կորզելը հատուկ է եղել նույնիսկ նախամարդուն:
Շատ է խոսվում, որ ապրիլի 9-ից հետո ձևավորվելիք կառավարությանը կարող է մաս կազմել նաև «Ծառուկյան» դաշինքը: Դրա քաղաքագիտական նշանակությունը շատ կասկածելի է, եթե չասենք, որ այդպիսի հիմնավորում չկա: ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը ոչ միայն մեծամասնություն ունի, այլ ի սկզբանե խորհրդարանի պատկերը այնպես է գծվել, որ ունենա 3/5-րդը, որ առանց դժվարության և կողմնակի աջակցության կարողանա նշանակումներ անել այն պաշտոններում, որտեղ Սահմանադրությամբ հենց այդպիսի շեմ է նախատեսված: Երբ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը քննարկվում էր, ասվում էր, որ առանց ընդդիմության հետ համաձայնեցնելու և ընդդիմության կարծիքը հաշվի առնելու, շատ պաշտոնյաների նշանակումը անհնար կլինի: Բայց «Ծառուկյան» դաշինքի և հատկապես Գագիկ Ծառուկյանի կոալիցիայի մեջ լինելը ունի տնտեսական բաղադրիչ: Ծառուկյանը ասել էր չէ, որ եթե ինքը մեծամասնություն ունենա, ապա 15 մլրդ դոլարի ներդրում կլինի, ու դա էլ ամենաքիչը, ամենահամեստ հաշվարկներով: Իսկ ինչքան ներդրում կլինի, եթե նոր իշխանության մեջ Ծառուկյանին 30 տոկոս տան, այնքան, որքան նա ստացել է խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքով: Ստացվում է, որ գոնե մի 5 մլրդ ներդրում պետք է լինի: Եթե անգամ դրա կեսն էլ լինի, դա արդեն փրկություն է Հայաստանի այսօրվա անհեռանկար պարագայում: Ի դեպ, Ծառուկյանը այս կոնտեքստում միակ գործիչն է, որն իսկապես փորձելու է ապացուցել, որ կարող է Հայաստանում ներդրումներ ապահովել: Արաբ շեյխերը, ի տարբերություն ռուսահայերի ու մյուս սփյուռքահայերի, չեն սիրում հենց այնպես խոսքը քամուն տալ:
Հայաստանի իշխանական համակարգում կատարվող փոփոխությունների, նշանակումների ու ազատումների հիմքում ավելի ու ավելի նշանակալի է դառնում ֆինանսական բաղադրիչը: Իշխանությունը փորձում է գտնել մարդկանց, ովքեր իսկապես կարող են օտարերկյա ներդրողին համոզել գալ Հայաստան և փող ծախսել: Մի երկրում, որտեղ չեն աշխատում հաջող բիզնես անելու շարժառիթները, փորձում են օգտագործել մարդկային հարաբերությունների և անձնական կապերի ֆակտորը: Այն հույսով, որ գուցե ինչ-որ բան ստացվի: