Armenia24.info-ը գրում է.
Նորից արտակարգ պատահար Երևանում ու նորից ի դերև է դուրս գալիս ոստիկանության անկարողությունը: Այս անգամ, ամերիկյան մարտաֆիլմերին բնորոշ սցենար էր: Չար հանցագործը պատանդ էր վերցրել մի աղջկա ու սպառնում էր սպանել նրան: Թե ինչու՞, դա երևի հետո, հետմահու՝ տերտերները կհարցնեն:
Բնական է, որ հանցագործություններ կատարվում են աշխարհի բոլոր երկրներում: Դա մարդկային բնույթի մեջ է և այդ առումով Հայաստանը բացառություն չէ: Սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, մեկ բառով կարելի է անվանել բեսպրեդել: Վենդետաներ, ոստիկանության մայորի դանակահարություն, ամեն անկյունում կանգնած լոճված դեռահասներ, որոնց մի զգալի մասի մոտ զենք կա, հովանավորյալ պապաների լկտի զավակներ ու այսպես շարունակ:
Իսկ ի՞նչ են անում պետություն կոչվող մեխանիզմն ու դրա անմիջական կրող-պատասխանատուներն այս ամենի դեմ: Ավելացնում են ոստիկանության ֆինանսավորումը: Ի դեպ, ոստիկանական համակարգի ֆինանսավորումն ավելի է աճել, քան բանակինը: Սակայն այդ համակարգը ծառայում է մեկ բանի համար: Այն է՝ սպասարկել Սերժ Սարգսյանի իշխանությանը: Սերժ Սարգսյանին և նրա մերձավոր շրջապատին պաշտպանել սեփական երկրի քաղաքացիներից: Ցավոք, ոստիկանությունն այսօր, բացի ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելուց ու ցույցեր ցրելուց, այլ, ավելի լուրջ գործառույթ չի իրականացնում: Հա, ներեցեք, երբեմն պեչենի գողացող է վնասազերծում, բայց դա էլ տեղավորվում է վերը նշվածի տրամաբանության մեջ, քանի որ պեչենին Սասի Արտակինն էր:
Իսկ այսօր տեղի ունեցած իրադարձությունը ցույց տվեց ոստիկանության ողջ թշվառությունը: Հանցագործը պատանդ է վերցրել աղջկան, սպառնում է սպանել: Կադրերից ակնհայտ է, որ նա անկայուն վարքի տեր է: Եթե անգամ այդպիսին չլիներ, ապա ստեղծված իրավիճակում, ամենաադեկվատ մարդն անգամ կարող է կորցնել ինքնատիրապետումը: Իսկ ի՞նչ է անում ոստիկանությունը: Նրանք պատնեշ չեն կազմում, քաղաքացիներին չեն մեկուսացնում: Այս ամենի փոխարեն, քաղաքացիներն ու ոստիկանները համատեղ նայում են ներկայացման հերթական արարի զարգացմանը:
Դիպուկահարի պատմությունը, այս նովելի մեխն է: Նա գործողություն է իրականացնում քաղաքացիների խմբով շրջապատված: Սա մոտավորապես հիշեցնում է մի իրավիճակ, երբ մասնագետը խողովակ է նորոգում, իսկ մոտ տաս հետաքրքրասեր նրան կողքից հուշում են, թե ինչպես անի իր գործը: Այս ամենն արդեն ծիծաղելի չէ, այլ աբսուրդի թատրոն է: Բնական է, որ նման պայմաններում, դիպուկահարը կարող էր վրիպել ոչ միայն առաջին անգամ, այլ նաև մի տաս անգամ:
Ու նման պայմաններում, ամեն օր բուծել ոստիկաններ, մսխել բյուջեի միջոցները, պարզապես հանցագործություն է:
Հ. Գ.
Ի դեպ, հանցագործը բավականին հումանիստ էր: Եթե նայեք կադրերին, ապա կտեսնենք, որ հաշվի առնելով շոգը, նա իր պատանդին թույլ էր տալիս հյութ ըմպել:
Նյութը՝ orer.am