Երեկ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել է հրազենային 10-ից ավելի կրակոցների հետևանքով, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի բնակիչ, 52-ամյա Հարություն Մովսեսյանն էր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Աշտարակի ոստիկանները ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ տաք հետքերով հայտնաբերել են և ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի 91 տան բնակիչ՝ 46-ամյա Արա Նազարյանին։
loading...