loading...

Սպանել են՝ բահով, եղանով և փոցխով ծեծելով. Արարատում տղամարդիկ սպանության օրը մահվան 40-րդ օրվա արարողությանն են մասնակցել



Դիտումներ ` 2000
Սպանել են՝ բահով, եղանով և փոցխով ծեծելով. Արարատում տղամարդիկ սպանության օրը մահվան 40-րդ օրվա արարողությանն են մասնակցել

Տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արարատի մարզի Ոսկետափ համայնքում գտնվող տան բակում վրեժի շարժառիթով մյուս մեղադրյալի հետ բահով, եղանով և փոցխով հարվածներ է հասցրել նշված տան բնակչի գլխին, մարմնի տարբեր հատվածներին և ապօրինաբար դիտավորությամբ վերջինիս զրկել են կյանքից:

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը մեղադրյալները, ովքեր ազգականներ են, մասնակցել են բնակչի մահվան 40-րդ օրվան նվիրված արարողությանը, որի ընթացքում ալկոհոլային խմիչք են օգտագործել: Այնուհետև այցելել են մեղադրյալներից մեկի հոր գերեզմանին, ով սպանվել էր այս գործով տուժողի կողմից:



Նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, մեղադրյալները սպանության համար վրեժխնդիր լինելու նպատակով ավտոմեքենայով գնացել են Արարատի մարզի Ոսկետափ համայնքում գտնվող տուն, որտեղ տան բակում մեղադրյալը, ում հայրը սպանվել էր տարիներ առաջ, հանդիպել է տուժողին, հայտնել է իր ինքնությունը:

Դրանից հետո տուժողը նախ՝ բռունցքով, հետո նաև՝ ձեռքում գտնվող սրաքարով հարվածել է մեղադրյալի դեմքին, որից հետո նրանք վիճաբանության են բռնվել, այդ ընթացքում մեղադրյալը բակում գտնվող բահով, եղանով և փոցխով հարվածներ է հասցրել տուժողի կենսականորեն կարևոր օրգաններին՝ գլխին և մարմնի այլ հատվածներին:


Ըստ մեղադրանքի՝ տան բակ է մտել գործով մյուս մեղադրյալը, այնտեղ գտնվող բահով մի քանի անգամ ևս հարվածներ է հասցրել տուժողին: Երկու մեղադրյալները, տուժողի կենսականորեն կարևոր օրգաններին բազմաթիվ հարվածներ հասցնելով, նրան պատճառել են կյանքի հետ անհամատեղելի, նրա առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, որոնք իրենց հերթին՝ առաջացրել են տուժողի գլխուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարում:

Այդ կերպ մեղադրյալները վրեժի շարժառիթով ապօրինաբար դիտավորությամբ նրան զրկել են կյանքից և նույն ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից:


loading...

Փակել