ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու անաչառությունը ապահովելու համար, մենք ստիպված ենք գրանցումը նորից սկսել: Մինչև հոկտեմբերի 18-ը ներկայացված հայտերը չեն մասնակցի խաղարկությանը: Այդ ժամկետում գրանցված բոլոր մասնակիցները պետք է ևս մեկ հայտ ներկայացնեն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում: Նոր հայտի գրանցումը պատճառ չի հանդիսանա, որ անձը մեկից ավել հայտ ներկայացնելու հիմքով զրկվի խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից: Սակայն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում մեկից ավել հայտ ներկայացնելու դեպքում, խաղարկությանը մասնակցելուց որակազրկվելու պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ: Ծրագրին մասնակցելու մնացած բոլոր պայմանները մնում են անփոփոխ: Գրանցման համար անհրաժեշտ է 6 ամսից ոչ ավել վաղեմության լուսանկար: Այն հայտերը, որոնցում կլինի անցյալ տարվա հայտում օգտագործված լուսանկարը, չեն մասնակցի խաղարկությանը: Գրանցումից հետո անհրաժեշտ է պահել հաստատման թերթիկը, որտեղ մասնակցի եզակի համարանիշն է: Հայտը լրացվում է էլեկտրոնային եղանակով խաղարկային վիզաների ծրագրի պաշտոնական կայքում, հասցեն՝ https://dvlottery.state.gov: Հայտի կարգավիճակը՝ շահել-չշահելու հանգամանքը հնարավոր կլինի ստուգել https://dvlottery.state.gov կայքում 2018թ. մայիսի 15-ից սկսած մինչև 2019թ. սեպտեմբերի 30-ը: Այս մասով որևէ հետաձգում այս պահին չի սպասվում: Խաղարկային վիզաների ամենամյա ծրագրով ներգաղթային վիզա ստանալու հնարավորություն են ստանում բոլոր այն մարդիկ, ովքեր համապատասխանում են մի քանի շատ հստակ ու պարզ չափանիշների: Համակարգչային պատահական ընտրությամբ կատարվող վիճակահանությամբ առանձնացվում են մասնակիցներ, ովքեր հնարավորություն են ստանում ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել: Ծրագրի պահանջն այն է, որ հիմնական հայտատուն ավարտած լինի ավագ դպրոցը կամ համարժեք կրթական հաստատություն կամ ունենա ԱՄՆ օրենքների համաձայն ծրագրին մասնակցության իրավունք տվող երկու տարվա աշխատանքային փորձ՝ վերջին 5 տարվա կտրվածքով: Մասնակիցները կարող են անձամբ լրացնել իրենց հայտերը կամ այլ անձի օգնությամբ: Կապ չունի անձամբ եք լրացնում, թե այլ անձի միջոցով, տվյալ անձի անունով կարող է ներկայացվել միայն մեկ հայտ գրանցման համար սահմանված նոր ժամկետներում: Տեղեկատվության ճշգրտության ու ամբողջականության համար պատասխանատու է մասնակիցը: Վիզաները բաշխվում են վեց աշխարհագրական տարածաշրջաններում, ընդ որում խաղարկվող վիզաների մեծ մասն ուղղվում է այն տարածաշրջաններին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Խաղարկային վիզաներ չեն տրվում այն երկրների քաղաքացիներին, որոնք վերջին 5 տարիների ընթացքում ունեցել են 50.000 և ավել ներգաղթողներ դեպի ԱՄՆ: Տարածաշրջանից որևէ երկիր չի կարող ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7%-ից ավելը: Գրանցումն անվճար է: Խորհուրդ է տրվում հայտը լրացնել անձամբ, առանց միջնորդների ու խորհրդատուների, ովքեր իրենց ծառայությունների համար վճարում են պահանջում: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում է հայտը լրացնելիս, ապա պետք է ներկա լինել հայտի լրացման ժամանակ, որպեսզի ապահովվի ճշգրիտ տեղեկատվություն: Գրանցման հաստատման թերթիկը՝ եզակի համարանիշով, պետք է պահել: ԱՄՆ կառավարությունից մասնակիցները կարող են ստանալ էլեկտրոնային նամակ-հիշեցում ծրագրի կայքում հայտի կարգավիճակը ստուգելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ կառավարությունը երբեք էլեկտրոնային նամակով չի հայտնի շահելու մասին լուրը: Շահել-չշահելու փաստը մասնակիցները կարող են պարզել ծրագրի պաշտոնական կայքում՝ օգտագործելով գրանցման ժամանակ տրված եզակի համարանիշը: Դա հնարավոր կլինի անել 2018թ. մայիսի 15-ից: Եզակի համարանիշի միջոցով https://dvlottery.state.gov կայքում հայտի կարգավիճակը ստուգելիս շահող մասնակիցները հենց այնտեղ էլ կգտնեն հետագա հրահանգները, որոնց հիման վրա կներկայացնեն ներգաղթային վիզայի դիմում իրենց և ընտանիքի՝ ներգաղթելու իրավասություն ունեցող անդամների համար: Ներգաղթային վիզայի հարցազրույցների մասին տեղեկությունը ևս կներկայացվի կարգավիճակի ստուգման բաժնում: Կարևոր է հիշել, որ վիճակախաղում շահելը դեռևս ներգաղթային վիզա ստանալու երաշխիք չէ: Ներգաղթային վիզայի իրավասությունը որոշվում է հարցազրույցի միջոցով:
Նյութի աղբյուր՝ http://iravaban.net/174143.html
© iravaban.net կայք