Եվ այսպես, մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությամբ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ: Փաշինյանն այդ պաշտոնը ստանձնում է իր նախաձեռնած թավշյա հեղափոխության արդյունքում, որ սկսվեց ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության և ավարտվեց Փաշինյանի վարչապետ ընտրությամբ:
Սակայն ստեղծված իրավիճակում թերևս առավել ճշգրիտ է «սկսվեց» բնորոշումը, քան «ավարտվեց»-ը: Ավարտվեց ընդամենը նախնական փուլը, կամ ինչպես ասում են՝ սա միայն սկիզբն է, և վարչապետի պաշտոնով թավշյա հեղափոխությունը տեղափոխվում է արդեն պետական կառավարման համակարգ: Տեղափոխվում է մի փուլ, որը արդեն ահռելի ու բարդ աշխատանքի փուլ է՝ առավել մեծ պատասխանատվությամբ, առավել մեծ մարտահրավերներով:
Ամենամեծ և առանցքային հանգամանքը այս փուլում արդեն այն է, որ եթե նախորդ հատվածում հեղափոխությունն ուներ մեկ հստակ կամ գլխավոր թիրախ կամ նշանակետ՝ գործող իշխանությունը, ապա այժմ թիրախներն ու նշանակետերը ըստ էության տարրալուծվում են այն բարդ և խնդրահարույց իրականության մեջ, որ կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով, թե՛ անվտանգային միջավայրում, թե՛ հասարակական հարաբերությունների դաշտում, գործնականում ամենուրեք:
Հեղափոխական էներգետիկան, անշուշտ, հույժ կարևոր հիմք է այդ խնդիրների դեմ գործնական քայլեր սկսելու համար, սակայն իհարկե ոչ բավարար, և այստեղ պահանջվելու են բազմաթիվ այլ կարողություններ արդեն պրոֆեսիոնալ կառավարման դաշտում:
Միևնույն ժամանակ, օբյեկտիվորեն Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքը աստիճանաբար սկսելու է փոխվել, այդ թվում՝ նրան աջակցող ուժերի մոտ: Այստեղ, իհարկե, հետաքրքիր իրավիճակում է հայտնվում հանրությունը, որը Նիկոլ Փաշինյանին հասցրել է ներկայիս կետին:
Բանն այն է, որ հանրությունը մի կողմից՝ պետք է պահանջատեր լինի վարչապետի՝ իր վարչապետի նկատմամբ, մյուս կողմից, սակայն, շատ կարևոր է, որ նույն հանրությունը չենթարկվի քաղաքական մանիպուլյացիաների և կարողանա ապահովել այդ վարչապետի հետ հաղորդակցության իր, այսպես ասած, խողովակները: Դրանով նաև ապահովված կլինի վարչապետի ամրությունը քաղաքական մրցակիցների հետ հարաբերություններում, որոնք ժամանակի ընթացքում ավելանալու են անկասկած երկրաչափական պրոգրեսիայով՝ պայմանավորված, իհարկե, ոչ միայն երկրում իրավիճակի փոփոխության դինամիկայով, այլ նաև զուտ քաղաքական, կուսակցական, խմբային շահերով:
Դրանք ոչ ոք երբեք չի չեղարկել որևէ երկրում որևէ հեղափոխությունից հետո, և Հայաստանում էլ ոչ ոք չի չեղարկելու: Մեծ հաշվով պետք էլ չէ, որովհետև քաղաքական մրցակցությունն ու ընդդիմախոսությունն է լճացումից զերծ մնալու կամ թեկուզ լեգիտիմ դիկտատուրայի փոսում չհայտնվելու միջոցը, բայց այդ ամենը պարզապես պետք է արվի ոչ թե հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելով, ինչպես անցնող երեք տասնամյակում, այլ, այսպես ասած, հանրության հավանությանը արժանանալու համար:
Դրա համար անհրաժեշտ է, որ հասարակությունը նոր իրավիճակում կարողանա գտնել քաղաքական ուժերի և իշխանության հետ հաղորդակցության նոր՝ առավել հուսալի և արդյունավետ, իր սուբյեկտությունն ապահովող միջոցներ և մեխանիզմներ: Նոր փուլը նոր խնդիրներ է ոչ միայն վարչապետի պաշտոնին տեղափոխված «ժողովրդի թեկնածուի», այլ նաև ժողովրդի, այսինքն՝ հանրության համար: