Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը օգոստոսի 9-ին տարածել էր տեղեկություն, որ Սերժ Սարգսյանը վերադարձել է արտերկրի հանգստից եւ մեկնել է Ստեփանակերտ, մորը տեսության: Բացի ծնողին այցից, է՞լ ինչ կանի Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում, էլ ու՞մ կայցելի, կամ գուցե արժե հարցը դնել այլ կերպ՝ իսկ ո՞վ Սերժ Սարգսյանին կայցելի Ստեփանակերտում:
Սերժ Սարգսյանը Արցախ այցի շրջանակում մնացել է քաղաքականությունից հեռու՞, թե՞ այդուհանդերձ ունեցել է շփումներ արցախյան շրջանակների հետ: Բանն այն է, որ Սարգսյանի այցը համընկել է բավական ուշագրավ ժամանակաշրջանի եւ իրողությունների հետ: Խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը չէ, կամ մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանի ներգրավումը, եւ այս ամենի ֆոնին նաեւ Սարգսյանի ներգրավման մասին հնչող հարցադրումները:
Բանն այն է, որ Քոչարյանի կալանավորումից հետո Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը հրապարակ բերեց մանիպուլյատիվ մի «թեզ», առ այն, թե մտահոգիչ է, որ հետապնդվում են Արցախի հարցում վաստակ եւ «հաստատակամ» դիրքորոշում ունեցող գործիչները:
ՀՀԿ այդ հայտարարությունը «որսացին» Ացախում, հատկապես ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հայտնի հայտարարություններից հետո, գեներացնելով ՀՀԿ հայտարարության միտքը: Միեւնույն ժամանակ, Արցախի պատգամավորներն էլ միացան Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ ՀՀԿ միջնորդությանը, այդպիսով կամա թե ակամա ներքաշվելով Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացի մեջ, ինչը բացարձակապես չի բխում Արցախի շահից ու նաեւ կարգավիճակից:
Ահա այս ֆոնին Սերժ Սարգսյանն Արցախում է եւ հնարավոր հանդիպումների ընթացքում ի՞նչ ուղերձ կփոխանցի նա: Կասի՞ այն, ինչ հրաժարականի տեքստում, որն ինչպես երեւում է նրա շրջապատում այդպես էլ ոչ ոք չի հասկացել՝ Նիկոլը ճիշտ էր, դուք սխալվել եք, ներքաշվելով հայաստանյան իրադարձությունների մեջ, որոնք իրավական տիրույթում են:
Սերժ Սարգսյանը լռություն է պահպանել Ռոբերտ Քոչարյանի կալանքից հետո: Ֆորմալ առումով նա ՀՀԿ նախագահը լինելով նաեւ ՀՀԿ հայտարարությունների հեղինակ է, սակայն ավելորդ է մեկնաբանել երրորդ նախագահի առանձին հայտարարության հանգամանքը: Ըստ այդմ դրա բացակայությունը, գոնե առայժմ, ուշագրավ է:
Մյուս կողմից, ՀՀԿ նախագահի պաշտոնում Սարգսյանի ներկայությունն այժմ ֆորմալ է: Ֆորմալ է ապրիլի 23-ից հետո, երբ նա կորցրեց իրական իշխանությունը: Նա այլեւս դիտարկվում է ՀՀԿ-ում ոչ թե երաշխավոր, այլ թերեւս հակառակը՝ մարդ, որը չկարողացավ երաշխավորել իշխող համակարգի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը:
Ընդ որում հետաքրքիր է այն, որ սարգսյանական նախագահության տասնամյակի ընթացքում հենց դա էր իր գլխավոր հաղթաթուղթը կամ «մրցակցային առավելությունը» դարձրել Ռոբերտ Քոչարյանը: Այդ ֆոնին էլ բավական ուշագրավ էին ապրիլի 25-ից հետո զարգացումներն ու նաեւ մայիսի 1-ին ՀՀԿ քվեարկությունը: Սերժ Սարգսյանը հեռացավ, ասելով, որ Նիկոլը ճիշտ էր՝ ես սխալվեցի, իսկ ՀՀԿ-ն ըստ էության քվարկեց փաստացի Սերժ Սարգսյանին ասելով՝ Ռոբերտ Քոչարյանն էր ճիշտ, մենք սխալվեցինք տասը տարի չլսելով նրան:
Ներկայում ՀՀԿ դե ֆակտո առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է: Սարգսյանը ՀՀԿ-ն զիջել է նրան, եւ պայքարը տեղափոխվել է Արցախ: Կզիջի՞ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին նաեւ Արցախը, թե՞ կօգնի Արցախի իշխող համակարգին դառնալ ոչ միայն Հայաստանի նոր, այլ նաեւ նախկին իշխանությունից անկախ եւ ինքնուրույն սուբյեկտ, այդպիսով Հայաստանի ներքին հարցերում մանրանալու փոխարեն քայլ անելով դեպի հայկական ռազմա-քաղաքական ռեգիոնալ սուբյեկտության իր սպասված դերակատարումը:
Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնել է Արցախ եւ հանդիպել Բակո Սահակյանի հետ: