Շատերը փողոցի շարժման հաղթանակ են գնահատել կառավարական ամառանոցի հանդեպ սեփականության իրավունքից հրաժարվելու Սերժ Սարգսյանի որոշումը, որի մասին նա հայտնել է իր գլխավորած կառավարության առաջին նիստում:
Եթե չլիներ շարժումը, ապա իհարկե հարց է առաջանում, թե ինչու՞ պետք է Սարգսյանը հրաժարվեր ամառանոցի տան սեփականության իրավունքից, որի վերաբերյալ որոշում էր կայացրել Կարեն Կարապետյանի կառավարությունը:Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն Լրագրի հետ զրույցում ասում է, թե դա ոչ թե հաղթանակ է, այլ ազդանշան, որ Սարգսյանը հղում է ոչ թե փողոցին, այլ մնացյալ հանրությանը, ցույց տալու համար, որ պատրաստ է փոփոխությունների:
Քաղաքագետը թերեւս իրավացի է, համարելով, որ Սարգսյանն այլեւս չի կարող որեւէ բանում համոզել շարժմանը միացած քաղաքացիներին: Նրա խնդիրն է համոզել, որ մյուսները չմիանան շարժմանը: Բայց արդյոք տան սեփականության իրավունքից հրաժարվելը համոզիչ է:Մյուս կողմից, արդյոք դա պարզապես սկիզբը չէ ավելի խորքային հրաժարումների: Այդ առումով հետաքրքիր է օրինակ Հովիկ Աբրահամյանի օրինակը:
Այն գուցե ամբողջապես համարժեք չէ ներկայիս իրավիճակին, բայց 2016-ի հուլիսյան դրամատիկ իրադարձություններից հետո Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը փաստացի սկսեց թողնել ավելի շուտ, քան հրաժարականի մասին հայտարարելը:
Հովիկ Աբրահամյանը սկսեց դեռեւս ՊՊԾ գնդի իրադարձությունների օրերին՝ հուլիսի 29-ի կառավարության նիստում հայտարարելով, որ թողնում է Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը, քանի որ ժամանակը չի բավականացնում: Այսինքն, մեծ հրաժարականը Հովիկ Աբրահամյանը սկսեց փոքրից:Սերժ Սարգսյանն էլ նախօրեին կառավարության նիստում էր հայտարարում, որ երրորդ նախագահի բնակարանի մասին մտածելու ժամանակը չէ: Իհարկե տան սեփականության իրավունքից հրաժարվելը փոքր հրաժարում է, առավել եւս, որ վարչապետի կարգավիճակը Սերժ Սարգսյանին թույլ է տալիս ապրել այդ տանն առանց սեփականության իրավունքի:
Մյուս կողմից, ինչու՞ հրաժարվել արդեն տրված իրավունքից: Ի՞նչ է փոխում դա ընդհանրապես: Սարգսյանի քայլը չունի որեւէ իմաստ, բացառությամբ հենց հանրությանն ուղղված ազդակ լինելուն: Բայց, մյուս կողմից, միթե հասարակությունը պետության ներկայիս խնդիրների պայմաններում որեւէ նշանակություն կտա Սերժ Սարգսյանի նոր բնակարանի սեփականության իրավունքից հրաժարումին, եթե Սարգսյանը միեւնույն է ապրելու է այդ տանը:
Այստեղ թերեւս ամենաառանցքայինն է: Սարգսյանը հազիվ թե համարեր, որ տան սեփականությունից հրաժարվելով կարող է մեղմել անարդյունավետ կառավարումից, երկրում առկա վատ վիճակից հանրության դժգոհությունը, արթնացնել իր հետ կապվող փոփոխության հույս: Ըստ այդմ, նրա ազդակը գուցե պարունակում էր այլ տողատակ եւ ուներ այլ հասցեատեր: Իսկ տողատակն ըստ երեւույթին այն էր, որ Սարգսյանը պատրաստ է քննարկել վարչապետի կարգավիճակի «սեփականության իրավունքը», որի փաստաթղթային բազայի մաս էր սեփական տունը կառավարական ամառանոցում:
Բայց ու՞մ հետ է նա պատրաստ քննարկել այդ հարցը ու ինչ պայմաններով, եթե ազդակը հղվել է ակնհայտորեն ոչ փողոցի, ու թերեւս նաեւ ոչ հեռուստացույցի մոտ նստած քաղաքացու հաշվարկով, որովհետեւ թե հեռուստացույցի մոտ նստածը, թե առավել եւս փողոց դուրս եկածը եթե չեն սպասում ուղղակի վարչապետի պաշտոնից հրաժարականի, ապա նվազագույնը սպասում են իրավիճակի փոփոխության շատ ավելի կոնկրետ եւ նշանակալի ազդակի: