Դեկտեմբերի 11-ին ստացվել է երկու տեղեկություն զինված ուժերում ցավալի միջադեպից, մեկը՝ ողբերգական: Ծառայակցի կրակոցից զինվոր էր մահացել Արցախում, իսկ Տավուշում մարտական հերթապահություն իրականացնող զինվորը պայթել էր ականի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց, ծանր վիճակում:
Քննությունը պետք է պարզի դեպքերի մանրամասները, բայց թերեւս աներկբա է, որ տեղի ունեցածն անվտանգության կանոնների խախտման կարգապահության բացակայության հետեւանք է: Հակառակ դեպքում հազիվ թե լիներ այդ ոչ մարտական կորուստը կամ ականի պայթյունը:
Մի քանի շաբաթ առաջ զինված ուժերում եղավ երեք մահ՝ ականի վրա պայթելու հետեւանքով, ինժեներական աշխատանք կատարելիս: Զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով անցնող ամիսներին եղել են ողբերգական այլ միջադեպեր: Հազվադեպ չեն նաեւ զինված ուժերում այսպես ասած տրանսպորտային վթարները, որոնք երբեմն ունենում են ողբերգական հետեւանք:
Դրանցից մեկն էլ եղավ մի քանի ամիս առաջ, Հաղթանակի օրը, երբ երեք զինվոր մեքենայով ընկան Սարսանգի ջրամբարն ու խեղդվեցին: Ըստ տեղեկությունների, նրանք ինքնակամ լքել էին զորամասն այսպես ասած տոնական խնջույթի նպատակով: Այդ օրերին կարգապահական խնդիրների հետեւանքով եղել էին այլ դեպքեր էլ, այդ թվում ունենալով մահաբեր հետեւանք:
Իրավիճակի մտահոգիչ լինելու հանգամանքը խոսուն դրսեւորվեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հատուկ ուղերձում, որով նա հանդես եկավ մայիսի 13-ին, Զինուժ ծրագրով: Վիգեն Սարգսյանը դատապարտել էր երեք դեպքերի պատճառ դարձած անկարգապահությունը, անփութությունը, որոնք երկու դեպքում հանգեցրել են ողբերգական հետեւանքի:
Նա հայտարարել էր, որ խստագույնս պատժվելու են նաեւ նրանք, ովքեր պատասխանատու են այդ միջադեպերի համար, առնչություն ունեն դրանց:
Զինված ուժերում կարգապահության խնդիրը պայմանավորված է թե արժեհամակարգային խորքային պատճառներով, թե նաեւ պարզապես ընթացիկ կառավարման արդյունավետության, բանակային մենեջմենտի անարդյունավետության հանգամանքով: Այդ իմաստով, պաշտպանության նախարարի ուղերձը շոշափում էր կարեւոր կետեր, միաժամանակ իհարկե առաջացնելով հարց, թե ի՞նչ քայլեր են կատարվելու ուղերձից հետ, արդեն կոնկրետ արդյունավետության ուղղությամբ: Այդ հարցն էր հնչել Ինչն է ստիպել Վիգեն Սարգսյանին հանդես գալ հատուկ ուղերձովանդրադարձում:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում դարձյալ տեղի ունեցան դեպքեր, որոնք առնվազն ընդգծեցին հարցի հրատապությունը: Միեւնույն ժամանակ, խնդիրն ուշագրավ է Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի ունեցած կադրային փոփոխության՝ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հեռացման ֆոնին: Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ Բաղմանյանին հեռացրել է աշխատանքային թերացման եւ հետագա ծառայական անհամատեղելիության համար: Դրանից հետո հարցազրույց տվեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, որը գործնականում հավատարմության երդում էր եւ զինուժում Վիգեն Սարգսյանի առաջնորդության ճանաչում, ընդ որում հրամկազմի անունից:
Այդ զարգացումները գնահատվեցին Վիգեն Սարգսյանի քաղաքական դերակատարման տեսանկյունից: Միեւնույն ժամանակ, այստեղ անշուշտ առկա է բանակի կառավարման խնդիրը, հատկապես այն ակնառու հանգամանքի պայմաններում, որ կար Սարգսյանի նախարար նշանակումից ի վեր՝ նա չէր ընկալվում որպես «յուրային»: Այլ կերպ ասած, կար պարզապես զինված ուժերի կառավարմանը տիրապետելու խնդիր:
Արդյոք այդ խնդիրը լուծվում է Հայկազ Բաղմանյանի հեռացումով եւ Մովսես Հակոբյանի հրապարակային «հավատարմության երդումով» կամ «առաջնորդության ճանաչումով»:
Զինված ուժերի գլխավոր շտաբը իրականացնում է բանակի անմիջական կառավարումը, բայց այն քաղաքականության ուղենիշով, որ մշակում է նախարարությունը: Այդ իմաստով, Հայաստանի զինված ուժերում գործնականում տարիներ շարունակ առկա է եղել կապի բացակայություն եւ դիմակայություն՝ նախարար-ԳՇ պետ ձեւաչափում: Թե ինչ հետեւանք է այդ ամենն ունեցել բանակի կառավարման արդյունավետության վրա, մնում է միայն ենթադրել: Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց թե նախարարին, թե ԳՇ պետին: Սակայն նոր նշանակումը կարծես թե չվերացրեց խնդիրը եւ դրան տվեց առավել խեղված բնույթ, այն իմաստով, որ այս դեպքում կար նաեւ բանակի հատկապես պատերազմ անցած հրամկազմում Վիգեն Սարգսյանի ընկալման խնդիր:
Լուծվե՞ց այդ խնդիրը Բաղմանյանի հեռացումով եւ Մովսես Հակոբյանի հարցազրույցով: Աներկբա է, որ խորքային լուծումը պահանջում է կառավարման արդյունավետության բարձրացման եւ կարգապահության վերահսկման թե ընթացիկ, թե արժեհամակարգային բազայի ձեւավորմանն ուղղված բարդ աշխատանք: Պատերազմող բանակում դա առավել եւս բարդ է:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հանձնարարել է սկսել բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մշակում եւ իրականացում, ասելով, որ դրա համար պատասխանատու են լինելու ինքն ու նախարարը: Արդյո՞ք դա նշանակում էր, որ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին առնվազն յոթը տարի տեսնում է նախարարի կարգավիճակում: Համենայն դեպս, Սարգսյանը այդ առումով բացեց նրա ճանապարհը, լուծելով Գլխավոր Շտաբի հարցը:
Ինչ հարցեր է լուծելու այժմ Վիգեն Սարգսյանը, եւ ինչպես: