loading...

Սերժ Սարգսյանը հանձնեց Բաղրամյան 26-ը



Դիտումներ ` 547
Սերժ Սարգսյանը հանձնեց Բաղրամյան 26-ը

Սերժ Սարգսյանը փետրվարի 27-ին սոցիալ-տնտեսական վիճակի եւ կառավարության գործունեության արդյունքի թեմայով խորհրդակցություն է անցկացրել նախագահի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում, որը 2018-ի ապրիլից կդառնա վարչապետի նստավայր: Խորհրդակցությանը կառավարության տնտեսական բլոկի հետ մեկտեղ մասնակցել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարապետյանը գործնականում վերցրել է Բաղրամյան 26-ը, կամ գուցե Սերժ Սարգսյանն է Բաղրամյան 26-ը հանձնել նրան, դատելով կառավարության գործունեության արդյունքի վերաբերյալ Սարգսյանի գնահատականներից:

«Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կառավարությունը 2017 թվականին լավ արդյունքների է հասել, չեմ կարծում, որ շեղումները շատ մեծ կլինեն, մենք թերևս կունենանք 7,4-7,7 տոկոսի միջակայքում տնտեսական աճ: Սա, անշուշտ, լավ ցուցանիշ է: Բայց մենք նաև պետք է հաշվի առնենք, որ մեկ տարվա լավ տնտեսական աճը չի կարող ազդեցություն ունենալ մեր հասարակության լայն շրջանակների վրա: Եվս երկու-երեք տարի այսպիսի աճ` ես կարծում եմ, որ սրանով մենք կարող ենք ստեղծել շատ լավ հիմքեր մեր ժողովրդագրական ծրագրերն իրականացնելու համար», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

 



Ժողովրդագրական ծրագրի հիմքի ձեւավորման մասին Սարգսյանի շեշտադրումը էական է: Նա առաջ է քաշել 2040 թվականին 4 միլիոն բնակչությամբ Հայաստան ունենալու խնդիրը, նպատակը: Այդ նպատակը շատերն են ընդունել թերահավատորեն: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը դրանով ստեղծել է իր յուրօրինակ սանդղակը՝ կառավարության աշխատանքը գնահատելու համար, երբ կարող էր լինել տնտեսական աճ, սակայն այն չհամարվեր ժողովրդագրական՝ այսինքն առանցքային, հիմնարար խնդրի եւ ռազմավարական նպատակի համար բավարար հիմք: Այլ կերպ ասած, համարվեր ռազմավարական նպատակից շեղում՝ չնայած մարտավարական արդյունավետությանը:

Փաստացի, ապրիլի 17-ից մեկուկես ամիս առաջ, Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում հայտարարում է, որ Կարեն Կարապետյանը կարողացել է մնալ թե մարտավարական, թե ռազմավարական նպատակի ծիրում եւ գցել դրա հիմքը: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը դե ֆակտո նրան այժմ է հռչակում վարչապետ, դնելով ռազմավարական ծիրի մեջ, փաստացի դուրս բերելով մենեջերական ծիրից: Դրանով է, որ Սարգսյանը փաստացի նրան է հանձնում Բաղրամյան 26-ը, եւ այստեղ վարչապետի խնդրի համատեքստում մնում է հարցը՝ Կարեն Կարապետյանը մինչեւ ապրիլի 16-ը կվերադարձնի՞ Բաղրամյան 26-ը Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ:

Այլ կերպ ասած, Սարգսյանը հանձնում է Բաղրամյան 26-ը Կարապետյանին, բայց Կարապետյանն այն պահելու համար պետք է «հանի» մենեջերի կոստյումն ու հագնի քաղաքական գործչի թիկնոց, այլապես ստիպված կլինի մինչեւ ապրիլի 16-ը  վերադարձնել Բ26-ը:


Այստեղ է թերեւս ամբողջ խնդիրը կամ ինտրիգը:Որովհետեւ չի բացառվում, որ Սարգսյանը հենց դրա համար է դե ֆակտո «հանձնում» նախագահի նստավայրը վարչապետին, դնելով նրան ռազմավարական ծիրի մեջ՝ վարչապետի խնդրի հանգուցալուծումից մեկուկես ամիս առաջ, շատ լավ ու հստակ պատկերացնելով, որ այդ ծիրի մեջ առավել ցցուն է դառնալու Կարեն Կարապետյանի բոլոր առումներով անպատրաստությունն ու անհամապատասխանությունը այդ մասշտաբին:

Կարդարացնի՞ Կարապետյանը Սերժ Սարգսյանի հաշվարկը, թե՞ կմատուցի անակնկալ՝ «չվերադարձնելով» Բաղրամյան 26-ը: Ի՞նչ կանի Սերժ Սարգսյանը, եթե ժողովրդագրական աճի հիմքը գցած եւ մոտ 8 տոկոս տնտեսական աճ արձանագրած Կարեն Կարապետյանը ապրիլին չխնդրի նրան զբաղեցնել վարչապետի պաշտոնն իր փոխարեն:

Իհարկե, որոշում կայացնողը կլինի ՀՀԿ-ն, այդ մեխանիզմը նկարագրել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը, բայց այդ դեպքում կստացվի, որ Բաղրամյան 26-ը պարզապես կխլեն Կարեն Կարապետյանի ձեռքից: Իսկ այդ դեպքում Կարեն Կարապետյանին հարկ կլինի առաջին փոխվարչապետի պաշտոնում արդեն ոչ թե քաղաքական թիկնոց կրել, այլ թիկնոցով փակել դեմքը, որովհետեւ ի՞նչ «երեսով» է նա դրանից հետո զբաղեցնելու առաջին փոխվարչապետի պաշտոնը:


http://www.lragir.am/index/arm/0/comments/view/171023


loading...

Փակել